Արցախի ներկայացուցչությունում այսօրվա խուզարկության հիմքում դրվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա ցուցմունքը․ փաստաբան | Region

Արցախի ներկայացուցչությունում այսօրվա խուզարկության հիմքում դրվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա ցուցմունքը․ փաստաբան

Դեկտեմբեր 11,2025 17:22

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին, դրա շրջանակներում էլ այս պահին Արցախի ներկայացուցչությունում  իրականացվում են  խուզարկություններ, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Այս մասին, այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:

Նրա խոսքով՝ գործը վերաբերվում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային  հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ․«Ցեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում: Այսինքն, այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության, անձամբ ես չեմ արձանագրում: Չեմ հասկանում, թե 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունն ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետության մշտական ներակայացուցչության  տեղակայման վայրի հետ: Ենթադրենք՝ ինչ-որ ոչ իրավաչափ արարք է կատարվել, ապա կարող է կատարված լինել ոչ Արցախի Հանրապետության մշտական ներակայացուցչության տեղակայման վայրում։ Այսինքն՝ Արցախի ներկայացուցչությունում ինչ բովանդակության փաստաթուղթ են փնտրում, մեզ համար հասկանալի չէ»:

Երիցյանի խոսքով՝ ըստ դատարանի որոշման՝ դա պետք էկապ ունենա կոնկրետ իր կողմից քիչ առաջ վկայակոչած գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով:

«Օրինակ՝ ՀՀ կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանական անձինք, որոնք գույք են ունեցել Արցախում և դրանք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ և հիմնադրամը կառավարության որոշման շրջանակներում պետք է բանկերին փոխհատուցի այդ միջոցները, ինչպես օրինակ այս պահին է այդպիսի որոշումներ ընդունված և ՀՀ կառավարությունը այդ միջոցները, որոնք զետեղված բոլոր գույքերի դիմաց ստացված միջոցները հատուցում է ՀՀ բանկերին: Այդ նույն որոշումները կան նաև 2020 թվականին, երբ որ Արցախի մասն օկուպացվել էր Ադբեջանի կողմից: Բոլոր գործողությունները կատարվել են 2020-2021 թվականների ընթացքում։ Ներկա դրությամբ 2025 թվականի հունիսին նախաձեռնվում է քրեական վարույթ և այսօր Արցախի մշտական ներկայացուցչությունում կատարվում է  խուզարկություն։ Զարմանալի չէ, մինչ այս պահը չեն գտել գեթ մեկ փաստաթուղթ,  որը վարույթի համար կարող է ունենալ որևէ նշանակություն»,-ասաց փաստաբանը։

Երիցյանը նշեց, որ դատարանի որոշման մեջ արծարծվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող  քրեական հետապնդումը և Սամվել Կարապետյանի ցուցմունքը։ Սրա վերաբերյալ, ինչպես ասաց փաստաբանը, հետագայում հայտարարություն կանի։

Նրա վստահեցմամբ՝ գործի շրջանակներում հարցաքննվել է «Արդշինբանկ» ՓԲԸ տնօրենը. «Կրկնում եմ՝ դատարանն իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այսինքն, երբ դատարանը հիմնավորել է իր որոշումը այս կամ այն կերպ, և հղում կատարել կոնկրետ ապացույցներին, որի հիման վրա կատարվում է այսօրվա խուզարկությունը, դրանց հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա ցուցմունքը։ Սա աբսուրդ է։  Ասենք՝ քննիչը միջնորդությունը ներկայացնելիս՝ ի թիվս այլոց հղում է  կատարել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Օրինակ, Սամվել Կարապետյանը կարող է ասած լինի՝ ես դրանից ընդհանրապես տեղեկություն չունեմ, քննիչը դա դրել է միջնորդության հիմքում։ Կարծում եմ՝ այս խուզարկությունը, այս գործողություններն ապացուցողական գործողություններ են լինելու, որոնք հետագայում օգտագործելու են այս կամ այն վարույթի  շրջանակներում»։

Փաստաբանի գնահատմամբ՝  այսօրվա խուզարկության հիմքերը բացակայում էին, առհասարակ նման միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտություն չկար։ Նրա խոսքով՝ այս գործողությունները պատահական չեն, ըստ նրա՝ սա այն արշավի շարունակությունն է, որն իրականացվում է Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ․ «Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԱԾ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ այս ներկայացուցչության սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկելու պահանջով, որի շրջանակներում վարչական դատարանի նորանշանակ նախագահը հրաժարվում է անգամ Արցախի Հանրապետությանը ներգարվել որպես գործով սուբյեկտ։ Այսինքն, Արցախի Հանրապետությունը սեփականազրկվում է՝ առանց իր կարծիքը լսելու»։

Նա պնդեց՝ տվալ շենքը պատկանում է Արցախի Հանրապետությանը, ՀՀ Կադաստրի կոմիտեն պաշտոնապես կատարել է գրանցումը, կա սեփականության իրավունքի վկայական։

 

 

 

Նորություններ