«Փորձում են բացել սեյֆը, երևի փաստաթղթեր են փնտրում ներդրումային հիմնադրամի հետ կապված»․ Իսկանդարյանը Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողությունների մասին | Region

«Փորձում են բացել սեյֆը, երևի փաստաթղթեր են փնտրում ներդրումային հիմնադրամի հետ կապված»․ Իսկանդարյանը Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողությունների մասին

Դեկտեմբեր 11,2025 16:50

«Մեզ համար ակնհայտ էր ի սկզբանե, ամեն ինչ կապված էր երեկվա լսումներից հետ, սա այն ուղերձն է, որը մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողություններին։

Իսկանդարյանն ասաց, որ այս պահին քննչականի աշխատակիցները սղոցում են սեյֆը, որ ինչ–որ փաստաթղթեր են փնտրում։

Նա չբացառեց, որ նման գործողությունները շարունակական բնույթ կունենան։

«Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է՝ արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 120 հազարից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը: Սա հստակ է և մենք շարունակելու ենք մեր պայքարը: Իհարկե ցավալի է, որ մեր հայրենիքում ականատեսն ենք լինում նման դրսևորումների, ունենք այն ինչ ունենք, սպասենք զարգացումներին»,–ասաց նա։

Նա հայտնեց, որ առգրավվել են համակարգիչները․ «Փորձում են բացել սեյֆը, ինչ–որ բան են փնտրում, երևի փաստաթղթեր են փնտրում ներդրումային հիմնադրամի հետ կապված, բայց մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղահանումից հետո ներկայացրել ենք քննչական կոմիտե։ Այդ սեյֆում որեւէ փաստաթուղթ չկա»։

Նա ասաց, որ քննչականի աշխատակիցներին առաջարկել է իր մոտ առկա բազմաթիվ արցախցիների դիմումներն իրենք փոխանցեն համապատասխան մարմիններին ու անձամբ կարդան ու տեսնեն, թե արցախցիներն ինչ խնդիրների են բախվում։

Իսկանդարյանի խոսքով՝ զարգացումները կարող են շատ արագ փոխվել, ու չբացառեց, որ հնարավոր է նաև այլ դրսևորումներ լինեն․ «Ակնհայտ է, որ այս պահին այն ինչ տեղի է ունենում, սա շոուի երկրորդ սերիան կամ երրորդ սերիան է, սպասենք»։

Նորություններ