Արցախից բռնի տեղահանված 26,233-ը քաղաքացիություն է ստացել, 1600-ից ավելի ընտանիք ձեռք է բերել բնակարան․ փոխնախարար
Մինչ այս պահը Արցախից բռնի տեղահանված 26, 233 մեր հայրենակիցներ ստացել են քաղաքացիութուն, նրանցից 16,919-ը՝ չափահաս, 8314-ն՝ անչափահաս։ Քաղաքացիություն ստանալու համար դիմած և դեռևս գորընթացում գտնվող արցախցիների թիվը կազմում է 6696։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
ՔՊ-ական պատգամավորի դիտարկմանը, թե կարծիք կա, որ շատերին մերժում են ՀՀ քաղաքացիություն տրամադրել, փոխնախարարն ասաց, որ նման տեղեկություն չունի․«Մենք ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք, որևէ նման ահազանգ չենք լսել։ Հարցով զբաղվում է ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության հարցերով ծառայությունը, իրենց հետ կքննարկենք խնդիրը»։
Մեկ այլ հարցին՝ ինչո՞ւ են քիչ մարդիկ օգտվել բնակարային ապահովման ծրագրից, գուցե խնդիրը բանկե՞րի հետ է կապված, Խաչատրյանը պատասխանեց՝ բանկերի դեպքում որևէ խնդիր չկա, քանի որ վեց բանկի հետ է պայմանագիր կնքած, հեծտացված ընթացակարգով է սպասարկումն իրականացվում․«Խնդիրը կապում ենք քաղաքացիություն ստանալու տեմպերի հետ։ Բավականին մոտ են այն թվերը, որ դիմում են ու քաղաքացիություն ստանալուց հետո հավաստագրի համար են դիմում»։
«Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանն էլ հարց ուղղեց՝ պարզե՞լ եք իրականում ի՞նչն է պատճառը, որ քիչր մարդիկ են օգտվում ծրագրից, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բնակարան չեն ստանում, կամ գումարը չի բավարարում, որ լուծեն խնդիրը։
Փոխնախարարն իր պատասխան կրկին նույն խնդիրը նշեց՝ գլխավոր պատճառը քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ է կապված, որովհետև 1600-ից ավելի ընտանիք ձեռք է բերել բնակարան։
Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա Խաչատրյանն ասաց․«Կարծում ենք հիմանականում բավարարում է գումարը, եթե չխոսենք Երևանի ու երևանամերձ բնակավայրերի մասին։ 3800 ընտանիք ստացել է հավաստագիր»։
«Իսկ մնացածը, որ չեն ստացել, խնդիր չե՞ք տեսնում, ո՞րն է այդ խնդիրը, կարծում եմ եղած գումարը չի բավարարում մարդկանց բնակարանային հարցերը լուծելու համար, լավ ծրագիր լիներ, շատերը արդեն գնած կլինեին, ոչ ոք չէր ուզի վարձով բնակարաններում ապրել»,-այսպես արձագանքեց պատգամավորը։
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց դժգոհում են, որ գումարը չի բավարարում․«մենք ունենք 250 բնակավայր, այդ թվում քաղաքային, որտեղ ընտանիքի մեկ անձի հաշվով հինգ միլիոն դրամ ենք տալիս։ Ասել, որ 250 բնակավայրում 5 հոգանոց ընտանիքին չենք կարողանում ապահովել բնակարանով, կարծում եմ տեղին չէ նման բան ասել»։
Ըստ ծրագրի, ինչպես ասաց Խաչատրյանը, աջակցության չափը 3-5 միլիոն դրամ է՝ կախված բնակավայրից, սահմանափակում բնակավայրի մասով չկա, բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների դեպքում։
Ինչ վերաբերում է պայմաններին, ապա Խաչատրյանն ասաց, որ եթե բանկը եթե ֆնանսավորում է իր սեփական միջոցներով, ապա հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը կազմում է 13%, եթե վերաֆինանսավորված միջոցներով է՝, ապա 11% ․«Այս վարկը վերաֆինանսավորմամբ է իրականացվելու։ Պետությունը տասը տարվա ընթացքում ամբողջությամբ մարում է այդ գումարն ըստ ժամանակացույցի, գումարած դրան նաև տոկոսադրույքները։ Լրացուցիչ ծախսի կարիք կլինի, կրկին 250 մլն դոլար։ Եկող տարվա առաջին եռամսկայում այս ծրագրի սպասարկման համար վարկային համաձայնագիրը կներկայացնենք հաստատման»։
Նշենք, որ այսօր խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագիրը, որի նպատակն է «աջակցել փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը»:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին տրամադրել 250 մլն դոլարի չափով վարկ: Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը:
Ըստ նախագծի՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։
Նորություններ
