«Երբեք չեմ մոռանա ամուսնուս արցունքներն ու տառապանքը։ Ես չեմ ամաչում, որ Ալիևային նամակ եմ ուղղել»․ Բաքվում դատապարտված Վիգենի կինը հույսը չի կորցնում
Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը դեռ սպասում է Ադրբեջանի առաջին տիկին՝ Մեհրիբան Ալիևային ուղղած նամակի պատասխանին։ Մեկ շաբաթ առաջ Լինդան Ալիևային էր դիմել խնդանքով, այդ նամակում նա Ադրբեջանի առաջին տիկնոջն էր, դիմել, հույս ունենալով, որ նա որպես մայր, կին, դուստր կհասկանա իր վիշտն ու ներում կշնորհի Վիգեն Էուլջեքջյանին։
Լինդայի նամակ-խնդրանքի հրապարակումից հետո սոցիալական հարթակներում որոշ քննադատություններ եղան, Լինդան ասում է, որ հասկանում է այդ մարդկանց, բայց նրա համար առավել կարևոր է իր ամուսնու առողջությունը և կյանքը։
«Ամուսնուս հետ խոսելուց հետո ինձ համար շատ ծանր զգացողություն էր, երբ իմացա, որ նա չի կարողանում քայլել: Մեկ ամիս սպասեցի, բայց ոչ ոք նրա համար որևէ քայլ չձեռնարկեց, ես որևէ լուր չունեի նրանից, ուստի որոշեցի նամակ ուղարկել Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուս: Ես հուսահատ, անելանելի վիճակում եմ։ Ամուսնուս ձայնը մինչև հիմա հնչում է ականջներումս: Ես խնդրում եմ Վիգենին ներում շնորհի մարդասիրական նկատառումներից ելնելով, այլ ոչ թե՝ քաղաքական։ Հնարավոր է, որ նա, որն ինձ պես ընտանիք ունի, կլսի իմ վիշտը: Ես չեմ ամաչում, որ դա արեցի, նույնիսկ եթե դա արեցի ծնկի գալու գնով։ Ամուսնուս կյանքը ամեն ինչից կարևոր է»,-Regions TV-ի հետ զրույցում ասում է Լինդան։
Նա պատմում է, որ Ադրբեջանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռանալուց հետո ամուսնու հետ գրեթե կապ չկա, ասում է՝ Վիգենը երեք անգամ հացադուլ է հայտարարել, որից հետո նրան տարել են բժշկի մոտ․ «Հիմա նա չի կարողանում քայլել և միայն թեյ ու հաց է ուտում։ Նրան ոչ մի դեղորայք չեն տալիս։ Ինչ են ակնկալում, ես ի՞նչ պետք է անեի՝ լռե՞ի ու բարձիս վրա լա՞ց լինեի, թե՞ ներողություն խնդրեի»։
Նշենք, որ Լինդայի հետ մեր հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները երեկ մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքջյանին։ Նրա իրավաբանական ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանը հայտնել է, որ «այցի ընթացքում ԿԽՄԿ-ն Էուլջեքջյանին տրամադրել է մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր, ինչը նպաստել է նրա առողջական վիճակի բարելավմանը հատկապես այս դժվար ժամանակահատվածում»։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից ժամեր անց։ Նա 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ վերաբնակվել էր Շուշիում, պատերազմի ողբերգական ավարտից հետո Մարալ Նաջարյանի հետ Շուշի էր գնում՝ անձնական իրերի հետևից, Շուշիի գրավման մասին տեղյակ չէր։
Վիգենն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Բաքուն նրան ներկայացրել է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, չնայած նա դատարանում պնդել է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել:
Լինդան ասում է՝ ամուսնու գերեվարվելու լուրը լսելուց հետո իրենց կյանքն ամբողջությամբ փոխվեց՝ ինչպես գերեվարված մյուս հայերի ընտանիքների կյանքը։
«Ես այդ օրը շատ լավ եմ հիշում, նա որդուս հետ էր խոսում Շուշիի ճանապարհին, Մարալը, (Մարալ Նաջարյանը գերեվարվելուց չորս ամիս անց ռուսական միջնորդությամբ ազատ է արձակվել), ով մեր ընկերն էր, նրա հետ էր այդ ժամանակ։ Վիգենն այդ ժամանակ Շուշիում էր մնում, որդուս ասաց՝ մի անհանգստացիր, ես գնամ հավաքեմ իրերը և հետ կվերադառնամ։ Չվերադարձավ, մեզ համար շոկ էր, մենք չունեինք ոչ մի լուր նրանից, հետո իմացանք որ նա գերի է ընկել։ Սարսափելի օրեր էին, մինչև հիմա էլ սարսափելի են։ Մեր վիճակը շատ վատացավ, աղջիկս ուսումը թողեց, որ աշխատի, որդիս՝ Սերժը, ծառայում էր Լիբանանի բանակում։ Եկամուտ գրեթե չունեինք, եղել են օրեր, երբ մենք նույնիսկ ուտելու հաց չենք ունեցել»,-պատմում է Լինդան։
Հիմա էլ ընտանիքը սոցիալական ծանր դրության մեջ է, կուտակված պարտքեր կան, Լինդայի մայրը քաղցկեղ ունի, սակայն դուստրը չի կարողանում բուժման ծախսերը հոգալ։
Նա ասում է, որ իր համար կյանքի ամենադժվար պահերը ամուսնու զանգերից հետո էին, նրան պատասխան չուներ փոխանցելու, նշում է, որ միշտ հույս է տվել, թե շուտով դուրս կգա, մեկ ամսից ազատ կարձակվի, որ դիմանա, ուժեղ մնա․«Հետո, երբ անջատում եմ հեռախոսը, սկսում եմ լաց լինել։ Ես ուժեղ և դիմացկուն դարձա, քանի որ հինգ տարի շարունակ անդադար անցա այս ամենի միջով՝ օր ու գիշեր, պահանջելով ամուսնուս ազատ արձակել։ Ես նրան խոստացել եմ, որ չեմ լքի։ Մեր իրավաբանի՝ Լուսինայի հետ շաբաթական մոտ երեք անգամ ժամերով խոսում ենք՝ քննարկելով, թե ինչ հնարավորություններ կան, որն է լավագույն տարբերակը»։
Երկու տարի առաջ Լինդան ամուսնուն ազատելու համար դիմել էր Լիբանանի արտաքին գործերի նախարարությանը, նրան վստահեցնում էին, որ աշխատում են այդ ուղղությամբ, սակայն ի վերջո որևէ արդյունք չեղավ։
Ընտանիքը հույսը չի կորցնում, Լինդան ասում է, որ երեխաներն ամեն օր սպասում են հորը, հույսով որ այս տարիների տառապանքը Վիգենի վերադարձով կավարտվի․«Ես շարունակելու եմ պաշտպանել ամուսնուս ամբողջ ուժով։ Ես երբեք չեմ մոռանա ամուսնուս արցունքներն ու տառապանքը»։
Տիրուն Մագարյան
