Նվեր Դավթյան. «Այն խորքային հարցերը, որոնք կապված են Իրանի հետ, ենթադրում է, որ բախումն անխուսափելի է, հարցը միայն ժամկետների և ծավալների մեջ է» | Region

Նվեր Դավթյան. «Այն խորքային հարցերը, որոնք կապված են Իրանի հետ, ենթադրում է, որ բախումն անխուսափելի է, հարցը միայն ժամկետների և ծավալների մեջ է»

Հունվար 21,2026 20:48

Իրավիճակը Իրանի շուրջ հասել է մի կետի, որտեղ ուժային բախումը դառնում է գրեթե անխուսափելի, և հիմա կողմերը պարզապես հաշվարկում են դրա գինն ու ժամկետները: Վերլուծելով Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները, նման կարծիքի է հանգել իրանագետ Նվեր Դավթյանը։

Իրանում տեղի են ունենում երկրի պատմության մեջ ամենախոշոր հակակառավարական բողոքի ցույցերը: 2025-ի դեկտեմբերի 28-ին բողոքի ցույցերը սկսվեցին, երբ տեղական արժույթը՝ իրանական ռիալը կտրուկ արժեզրկվեց, ինչի հետևանքով վատթարացավ տնտեսական վիճակը, կտրուկ թանկացան սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Իրանի մի շարք քաղաքներում ցույցերը վերածվեցին բախումների անվտանգության աշխատակիցների հետ, որոնք ուղեկցվում էին գործող քաղաքական համակարգի դեմ ուղղված կարգախոսներով: Հաղորդվել է հազարավոր զոհերի մասին ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում:

ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ցուցարարներին ցուցաբերված բացահայտ ակտիվ աջակցությունը և ԱՄՆ-ում բնակվող Իրանի շահի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վերադարձի հարցը ուժեղացրին վարչակարգի շեշտադրումը «օտարերկրյա դավադրության» վրա: Պետական կառույցները բողոքի ցույցերի վերջին ալիքը բնութագրում են որպես հունիսին սկսված 12-օրյա պատերազմի շարունակություն:

Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը երկրում և Իրանի շուրջ: Ո՞րն էր այն իրական զսպող գործոնը, որը թույլ չտվեց ԱՄՆ-ին հարվածել Իրանին: Ե՞րբ սպասել հաջորդ հարվածներն Իրանին: Այս և այլ հարցեր RegionsTV-ն քննարկել է իրանագետ Նվեր Դավթյանի հետ:

Բնութագրելով Իրանում տիրող իրավիճակը մասշտաբային բողոքի ակցիաներից հետո՝ Դավթյանը նշում է, որ տվյալ պահին ԻԻՀ-ում իրավիճակը գտնվում է երկրի իշխանությունների վերահսկողության տակ: Իրավիճակը կայուն է քաղաքական և անվտանգային մակարդակներում, և շարունակվում են իշխանությունների նպատակային քայլերը՝ ուղղված երկարաժամկետ ու կարճաժամկետ ֆինանսատնտեսական բարեփոխումներին և ճգնաժամային սոցիալ-տնտեսական լարվածության մեղմմանը:

Նվեր Դավթյանը նշում է, որ երկրի տնտեսական բլոկի պատասխանատու գերատեսչությունները նույնիսկ ներհասարակական լարվածության թեժ պահին անընդհատ իրականացրել են տնտեսական բարեփոխումներ, սակայն զանգվածային դժգոհության ալիքի պատճառով դրանք մնացել են աննկատ: Հարկ է նաև նշել, որ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք այդ բարեփոխումները կբավարարեն իրանական հասարակության առանձին շերտերի բոլոր պահանջները և միևնույն ժամանակ կկասեցնե՞ն քաղաքական պահանջները:

Դավթյանը կարծում է, որ միջազգային հարաբերություններում, հատկապես արևմտյան երկրների հետ, նկատվում է Իրանի մեկուսացման քաղաքականություն, որի օրինակն է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին Իրանի մասնակցության չեղարկումը, տարբեր երկրների քաղաքական հայտարարությունները ԻԻՀ իշխանությունների դեմ և ընդդիմադիր ուժերի խրախուսումը:

Հիշեցնենք, որ ԻԻՀ իշխանությունները բարձրագույն մակարդակով ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում են մի քանի հազար մարդու մահվան և հսկայական նյութական վնաս հասցնելու մեջ՝ միաժամանակ կոչ անելով իրավական պատասխանատվության ենթարկել կատարվածի գլխավոր կազմակերպիչներին ու հրահրողներին: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին հայտարարել է, որ «անկարգությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի կողմից, իսկ Վաշինգտոնի նպատակը Իրանին թուլացնելն էր»:

«Այն, որ Իրանը կարևոր հետաքրքրություն է ներկայացնում իր ռազմավարական դիրքով, ենթակառուցվածքային հնարավորություններով, էներգետիկ պաշարներով, գիտաարտադրական ներուժով և տարածաշրջանային ազդեցությամբ, բայց միևնույն ժամանակ նրա արտաքին քաղաքական կողմնորոշումը հակասում է ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք արևմտյան երկրների շահերին, փաստ է: Վերջիններս հատկապես մտահոգված են Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանի երկրների ու կազմակերպությունների հետ Իրանի՝ օրեցօր խորացող և զարգացող հարաբերություններով»,- ասում է Նվեր Դավթյանը:

Իրանագետը պարզաբանում է, որ Իրանն իր աշխարհագրական դիրքի պատճառով դեռևս XVII-XVIII դարերում բազմիցս հայտնվել է նմանատիպ բարդ միջազգային հարաբերություններում, երբ գտնվում էր գաղութատիրական տերությունների մրցակցության դաշտում. «Կհաջողվի՞ արդյոք Իրանին ենթարկեցնել իրենց ազդեցությանն ու խաղի կանոններին՝ դժվար է ասել, քանի որ գործ ունենք արևելյան երկրի հետ՝ իր բոլոր առանձնահատկություններով: Դա միայն այն չէ, ինչ մենք տեսնում ենք արևելյան երկրներում: Առանձին ժամանակաշրջաններում Իրանը եղել է ԱՄՆ-ի, Անգլիայի, ցարական Ռուսաստանի, մոնղոլական, սելջուկյան, արաբական, հունամակեդոնական տիրապետությունների ազդեցության տակ, բայց կարողացել է հաղթահարել դրանք՝ շնորհիվ իր էթնոմշակութային առանձնահատկությունների և բնական պաշարների: Հնարավոր է՝ Իրանի տրոհման ծրագիրն ուղղված է հենց այդ հնարավորություններից զրկելուն»:

Փաստացի, սոցիալական ցանցում իր վերջին գրառմամբ և ճեպազրույցով ԱՄՆ նախագահ Թրամփը վերջ դրեց Իրանի դեմ հռետորաբանական պատերազմին։  Նա նաև բարձր է գնահատել Թեհրանի քայլերը՝ մահապատժի դատավճիռները չկիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք օգնել են կանխել իրավիճակի հետագա սրումը: Սակայն հարկ է նշել, որ հենց Թրամփի նախագահության օրոք ամերիկա-իրանական հակամարտությունը բազմիցս անցել է տարբեր վտանգավոր փուլերով:

Նվեր Դավթյանը կարծում է, որ հռետորաբանությունն այստեղ էական չէ,  և տվյալ դեպքում այն չպետք է ընկալվի որպես քաղաքական դիրքորոշում։

«Այն խորքային հարցերը, որոնք կապված են Իրանի հետ, և դրանց լուծումը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում ենթադրում են, որ, այնուամենայնիվ, բախումն անխուսափելի է: Խոսքը միայն դրա իրականացման հաշվարկի և նախապատրաստման, ժամկետների, արագության, մասշտաբների, սպասվող քաղաքական, տնտեսական և անվտանգային արդյունքների մասին է: Իրանն իր հերթին հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի: Խոշոր խաղացողները, որոնք ռազմավարական հարաբերությունների մեջ են Իրանի հետ, կարող են զգալի ազդեցություն ունենալ Իրանի դիմադրության վրա, ինչը հստակ երևում է Չինաստանի, Ռուսաստանի և Պակիստանի օրինակով, բայց դժվար է կանխատեսել, թե որքանով արդյունավետ կլինեն դրանք, քանի որ գոյություն ունի նաև ներիրանական գործոնը»,-ասում է Դաթյանը։

Այսպիսով, իրավիճակը Իրանի շուրջ մնում է չափազանց լարված և անկանխատեսելի: Չնայած դիվանագիտական կարգավորման փորձերին՝ բախման հավանականությունը մնում է բարձր: Երկու կողմերն էլ շարունակում են ավելացնել ռազմական ներկայությունը տարածաշրջանում. ԱՄՆ-ն ուժեղացնում է իր զորակազմը Պարսից ծոցում, մինչդեռ Իրանը ցուցադրում է սպառազինության նոր նմուշներ՝ ազդակ հղելով պաշտպանությանն իր պատրաստակամության մասին:

Խոսելով Իրանին սպասվող հաջորդ հարվածների հնարավոր ժամկետների մասին՝ Նվեր Դավթյանն ընդգծում է, որ տվյալ իրավիճակում որևէ կանխատեսում անելը չափազանց բարդ է, և ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից: Նա ենթադրում է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները կլինեն միաժամանակյա, այսինքն՝ միմյանց լրացնող մի քանի միջոցառումների համալիրի տեսքով՝ միջազգային մեկուսացում, տնտեսական ճնշում, ռազմածովային, օդային և ցամաքային գործողությունների իրականացում, ինչպես նաև ներքին քաղաքական և սոցիալական պառակտման հրահրմանն ուղղված քայլեր»:

Դավթյանի հետ զրույցում անդրադարձ կատարվեց նաև հունվարի 17-ին Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի առջև իրանցիների իրականացրած բողոքի ցույցին՝ Հայաստանի ոստիկանությունն արգելել էր Երևանում բողոքի ցույցի մասնակիցներին երթ անցկացնել քաղաքում:

Նվեր Դավթյանը կարծում է, որ հայաստանյան իրավապահ մարմինները մտավախություն ունեին, որ հանկարծ չկրկնվի լոնդոնյան միջադեպը, որը միջազգային սկանդալ էր առաջացրել:

«Եթե որևէ ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր հայացքներով մարդիկ նման բան անեն որևէ երկրում, ապա, իհարկե, կհայտնվեն տվյալ երկրի օրինական իշխանության գործողությունների տիրույթում: Իհարկե, մենք որևէ դեպքում դեմ չենք խաղաղ ցույցերին և նմանատիպ հավաքներին: Բայց եթե առաջանար նման գործողությունների միտում, օրինակ՝ ինչպես Լոնդոնում, դա, իհարկե, անընդունելի կլիներ: Մեր հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ Իրանի հետ կայուն հարաբերությունների խաթարումն անթույլատրելի է: ՀՀ վարչապետն  ու ՆԳՆ-ն դիրքորոշում հայտնել են։ Ենթադրում եմ՝ մտավախություն է եղել, որ այստեղ կարող է կրկնվել լոնդոնյան փորձը, ուստի դա թույլ չի տրվել»-ընդգծում է իրանագետը:

Հիշեցնենք, որ վերջերս Լոնդոնում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անհայտ անձը բարձրացել էր դեսպանատան շենքի պատշգամբ և պոկել այնտեղ փակցված Իրանի դրոշը: Բերման են ենթարկվել երկու ցուցարարներ, մեկին մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում օտարերկրյա տարածք ապօրինի ներխուժելու և արտակարգ ծառայությունների աշխատակցի վրա հարձակվելու համար, իսկ երկրորդին՝ ծանրացնող հանգամանքներում օտարերկրյա տարածք ապօրինի ներխուժելու համար:

Զաբելա Ավագյան

 

Նորություններ