«Թրամփի վասալների միությունը». Հրանտ Միքայելյանը՝ «Խաղաղության խորհրդի» և Փաշինյանի մասնակցության մասին
«Խաղաղության խորհուրդը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր նախաձեռնությունը, մի կառույց է, որն ի սկզբանե նախատեսված էր Գազայի հատվածի կառավարման համար։ Այն ստացել է զգալիորեն ավելի լայն լիազորություններ և միջազգային պաշտոնական կազմակերպության կարգավիճակ։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում տեղի է ունեցել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը։ «Խորհրդի» կանոնադրությունը ստորագրել են 19 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Հայաստանի, Արգենտինայի, Ադրբեջանի, Հունգարիայի, Պակիստանի, Քաթարի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և այլն։ Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Սլովենիան, Ֆրանսիան և Շվեդիան պաշտոնապես հրաժարվել են։
«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը չի ենթադրում որևէ միջազգային-իրավական պարտավորություն։ Այն չի նախատեսում նույնիսկ պարտադիր անդամավճարներ՝ միայն կամավոր ֆինանսավորում։ Ըստ կազմակերպության կանոնադրության՝ Թրամփն անժամկետ կատարելու է խորհրդի նախագահի պարտականությունները՝ հնարավոր է շարունակելով զբաղեցնել այդ պաշտոնը նաև նախագահության ժամկետի ավարտից հետո։
Բացի Թրամփից, խորհրդի անդամ են համարվելու ոչ թե անհատները, այլ պետությունները։ Տեղ ստանալ հնարավոր է միայն նախագահի՝ Թրամփի հրավերով։ Անդամակցության ժամկետը 3 տարի է։ Այն երկրները, որոնք խորհրդի կանոնադրության գործողության առաջին տարում բյուջե կմուծեն մեկ միլիարդ դոլար, կդառնան մշտական անդամներ։ Նախագահը կարող է հեռացնել ցանկացած պետության. միակ սահմանափակումն այն է, եթե «Խաղաղության խորհրդի» անդամների երկու երրորդը քվեարկի այդ որոշման դեմ։
Դոնալդ Թրամփն ուղղակիորեն խոստովանել է, որ իր «Խաղաղության խորհուրդը» դիտարկում է որպես ՄԱԿ-ի հնարավոր այլընտրանք. «ՄԱԿ-ն ուղղակի այնքան էլ օգտակար չէ», – ասել է նա։

Հրանտ Միքայելյան
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ «Խաղաղության խորհուրդը» չի կարող փոխարինել ՄԱԿ-ին, քանի որ, չնայած վերջինիս աշխատանքի բոլոր թերություններին, այն մնում է համաշխարհային խնդիրների քննարկման միակ ունիվերսալ հարթակը։
RegionsTV-ի հետ զրույցում Միքայելյանն ասում է․ ««Խաղաղության խորհուրդը» միավորել է երկրներ և ռեժիմներ, որոնք Թրամփի կողմից լեգիտիմացման կարիք ունեն։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի այդ լեգիտիմացման կարիքը։ Նա Հայաստանում լեգիտիմության խնդիր ունի, և հենց դրա համար է անդամակցել այս կառույցին։ Մենք խոսում ենք ոչ թե երկրների, այլ առաջնորդների մասին»։
Ըստ նրա՝ «Խաղաղության խորհուրդը» շատ քաոտիկ, պատահական միավորում է, որը լոկ ժամանակավոր է և կապված է անձամբ Թրամփի հետ։
«Այս խորհուրդ են մտել այն առաջնորդները, որոնք, յուրաքանչյուրն իր պատճառներով, լեգիտիմացվում են Թրամփի միջոցով, և հակառակը՝ հսկայական թվով պետություններ չեն մտել այս կառույցի մեջ։ Ավելին, այս «Խաղաղության խորհրդում», որտեղ Թրամփը ծրագրում է դառնալ նախագահ, նախատեսվում է այնպիսի գործիք, ինչպիսին է խորհրդի նախագահի վետոն։ Այսինքն՝ Թրամփը կկարողանա արգելափակել խորհրդի ցանկացած որոշում»,-նշում է քաղաքագետը։
Միքայելյանի կարծիքով՝ այս պահին հրապարակված են միայն ամենահիմնական գաղափարները։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Թրամփը շարունակի զարգացնել այս թեման իր նախագահության առաջիկա 3 տարիների ընթացքում, ապա այդ ժամանակահատվածում «Խաղաղության խորհուրդն» արդեն ձեռք կբերի որոշակի ավելի հստակ ինստիտուցիոնալ կառուցվածք։
«Այժմ սա, ըստ էության, ԱՄՆ վասալների միություն է Թրամփի կառավարման շրջանակներում, որովհետև ԱՄՆ-ի շատ այլ վասալներ, որոնք կապված են Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի հակառակորդների հետ, նույնպես չեն մտնի այս խորհուրդ։ Եվ հակառակը, այնպիսի առաջնորդներ, ինչպիսին է, օրինակ, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որը Թրամփի մեծ կողմնակիցն է, կմտնեն այս խորհուրդ»,-ասում է Միքայելյանը։
Նա կասկածում է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը և նույնիսկ Ադրբեջանը, մեկ միլիարդ դոլար կվճարեն այս կազմակերպությանն անդամակցելու համար։
Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփն ուզում է հարկադրել ողջ աշխարհին և ստեղծել վասալիտետի կառուցվածք։«Հաշվի առնելով, որ իրավական մեխանիզմները շատ վատ են շարադրված, խոսքը գնում է իրավական կամայականության մասին։ Այնպիսի կառույցում, որտեղ առաջնորդները կորոշեն ամեն ինչ (սա առաջնորդական մոդել է), այլ երկրների զսպումների և հակակշիռների համակարգ չի լինելու։ Զարմանալի չէ, որ Փաշինյանը, ով արդեն յոթ տարի է՝ Հայաստանում ավտորիտարիզմ է կառուցում, ակտիվորեն կառչեց այս հնարավորությունից և անմիջապես նստեց Թրամփի կողքին։ Թրամփը նրա ծնկին խփեց, ինչն այժմ ակտիվորեն օգտագործում է փաշինյանական ողջ քարոզչությունը։ Բայց, ըստ էության, դա ոչինչ չի նշանակում. այս կազմակերպությունը ստեղծված է որպես Թրամփի կողմից միջազգային իրավունքի դեմ պայքարի պատահական գործիք։ Քանի որ Թրամփը համարում է, որ եթե նախկինում ամերիկացիները կարող էին միջազգային իրավունքն օգտագործել իրենց օգտին, ապա հիմա, երբ այլ երկրներ հզորացել են, դա նրանց այլևս օգուտ չի բերում, և նրանք որոշել են քանդել միջազգային ինստիտուտները»,-ասում է փորձագետը։
Թրամփն իր հիմնական հռետորական գծերից մեկն է դարձրել այն, որ ինքը կարգավորում է հակամարտությունները, սակայն, ինչպես նկատում է Միքայելյանը, հակամարտությունները չեն ավարտվել։
«Իրականում հակամարտությունները, որոնց մասին նա խոսում է որպես կարգավորվածներ, անընդհատ նորից բռնկվում են։ Նրա համար սա պարզապես նման է համակարգչային խաղի։ Թրամփին պետք է «Խաղաղության խորհուրդը», որպեսզի հանրային դաշտում արձանագրի իր այդ ձեռքբերումները։ Հաշվի առնելով, որ իրական ձեռքբերումներ չկան, որ, օրինակ, Ադրբեջանը չի հրաժարվել ագրեսիվ ծրագրերից, և մնացած բոլոր իրավիճակներում խաղաղությունը նույնպես շատ հեռու է, առհասարակ, խաղաղության կառուցման գործընթացն այնտեղ, որտեղ պատերազմ է, շատ բարդ խնդիր է։ Թրամփի կողմից իրավիճակի չըմբռնումն այն է, որ նա հայտարարեց, թե իբր Պուտինը 10 տարի փորձում էր կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ ինքը կարգավորեց այն մեկ ժամում, այսինքն՝ սա բացարձակ անադեկվատ դիրքորոշում է։ Բայց այս պայմաններում լրջորեն քննարկել այն, որ Թրամփը խաղաղություն է կառուցում, ոչ մի կերպ չի կարելի»,-նկատում է փորձագետը։
Նա նաև նշում է, որ ԱՄՆ հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ և այլ պետությունների գործերին միջամտելու փորձերը նոր երևույթ չեն ամերիկյան քաղաքականության մեջ։ Ասում է՝ ԱՄՆ-ը միշտ փորձել է տիրանալ Գրենլանդիային․«Նույնն էլ լատինամերիկյան երկրների առաջնորդների առևանգումները. հիմա Մադուրոն է, նույնը կանոնավոր կերպով տեղի էր ունենում նախկինում։ Թրամփը պարզապես այդ ամենն անում է էքսցենտրիկ և ակտիվ PR ոճով։ Բայց բովանդակային առումով ոչ մի մշտական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի որ խաղաղություն կառուցելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք և իրավիճակի խորը ըմբռնում։ Թրամփը դրանցից ոչ մեկը չի անում և չի էլ պատրաստվում անել»։
Գնահատելով «Խաղաղության խորհրդի» կարևորությունը Հայաստանի համար՝ Հրանտ Միքայելյանը նշում է, որ դա զուտ PR կառույց է՝ ուղղված միջազգային իրավական համակարգի խարխլմանը։ Ըստ նրա՝բացի դրան անդամակցածների, հատկապես Թրամփի, Փաշինյանի, Ալիևի և մյուսների խրախուսումից, էլ ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել Հայաստանը։
«Ես չեմ տեսնում այդ խնդիրները, քանի որ չկան այնպիսի հարցեր, որոնք անհրաժեշտ լիներ լուծել և նախընտրելի կլիներ լուծել հենց այնտեղ։ Կարելի է խոսել ԱՄՆ ներդրումների և ամերիկյան իշխանության հետ ինչ-որ այլ անձնական պայմանավորվածությունների մասին, բայց ԱՄՆ-ը ամեն ինչ չէ, որ որոշում է։ ԱՄՆ-ում շատերը դեմ են Թրամփի գործողություններին արտաքին քաղաքականության մեջ. Գերագույն դատարանը քննում է մի շարք գործեր, այդ թվում՝ սակագների ողջ պատմությունը։ Հնարավոր է՝ նրանք արգելափակեն դա, և դա տեղի կունենա շատ շուտով։ Եթե այդպես լինի, ապա Թրամփի արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները կսկսեն փլուզվել»,- ասում է Միքայելյանը։
Բացի այդ, Միքայելյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հայկական ղեկավարությունը թույլ տվեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Հայաստանի համար ավելի օգտակար և հավասարակշռված կառույց էր։ Նա կարծում է, որ դա իրական կառույցների փոխանակում էր վիրտուալ կառույցներով։
Փորձագետի տեսանկյունից՝ հաշվի առնելով արաբական երկրների հայկական համայնքները, դժվար թե Հայաստանը կարողանա ազդեցություն ունենալ միջազգային և գլոբալ գործընթացներում որոշումների կայացման վրա։
«Արաբական երկրների հայ համայնքն իրոք որոշակի դեր է խաղում սոցիալ-տնտեսական կյանքում, բայց այդ դերը սահմանափակվում է տնտեսական գործոնով և մասամբ սոցիալականով, բայց ոչ քաղաքականով։ Հայաստանը քաղաքական ազդեցություն արաբական պետությունների քաղաքականության վրա չունի։ Ավելին, վերջերս Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում Ադրբեջանն անցկացրեց բանաձև «արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Եթե հայկական իշխանություններն արաբական երկրների քաղաքականության վրա ազդելու ինչ-որ գործիքներ ունենային, ապա կարող էին դրանք կիրառել՝ թույլ չտալու համար «արևմտյան ադրբեջանցիների» և «արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ բանաձևի ընդունումը, որն ընդունվեց Ադրբեջանի կողմից 2-3 ամիս առաջ։ Այս պայմաններում ասել, թե Հայաստանը զբաղվելու է Գազայի կարգավորմամբ, լուրջ չէ, որովհետև ի վերջո յուրաքանչյուր կառույցում դեր են խաղում ինստիտուտները։ Հայաստանն այստեղ առհասարակ թույլ է, ունի միայն շատ փոքր տնտեսական կշիռ։ Արաբական պետությունների տնտեսությունը մոտ 40 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանինը»,- նշում է քաղաքագետը։
Ըստ նրա՝ կարևոր է այն, թե երկիրն իր սահմաններից դուրս ինչպիսի ռազմական խնդիրներ կարող է լուծել. այստեղ նույնպես խոսելու բան չունենք․«Եվ վերջապես, թե ինչպես են մյուս առաջնորդները կապված տվյալ երկրի հետ։ Օրինակ, եթե միջազգային առաջնորդներից որևէ մեկը սովորած լիներ Հայաստանում և համարեր, որ ինչ-որ բանով պարտական է Հայաստանին։ Այդպիսիք, որքանով ես գիտեմ, չկան։ Հետևաբար, խոսել այն մասին, որ Հայաստանը կարող է որևէ ազդեցություն ունենալ Գազայի կարգավորման վրա, դա ինքնախաբեություն է և շատ վտանգավոր մոլորություն»։
Զաբելա Ավագյան
