Ամերիկյան ատոմ, թե՞ նոր կախվածություն. քաղաքագետ Արա Պողոսյանը վերլուծում է Վենսի այցի ռիսկերը
«Գործնականում տեսանք ԱՄՆ–ի կողմից 2025 թվականի օգոստոսին ստանձնած պարտավորությունների ռեալիզացիայի ուղղությամբ քայլ, որը սակայն իմ խորին համոզմամբ ո՛չ այնքան տարածաշրջանային, որքան գլոբալ քաղաքականության էպիզոդ էր»,-RegionsTV-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի վերաբերյալ քաղաքագետ Արա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-10-ը ԱՄՆ փոխնախագահը աշխատանքային այցով Երևանում էր: Վարչապետ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով համագործակցության համատեղ հայտարարություն, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին Հայաստանին փոխանցել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ և սարքավորումներ։
«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»-Երևանում հայտարարել է Վենսը։ Բացի այս, նաև հայտարարվեց, որ ԱՄՆ-ն հաստատել է Հայաստանի համար 11 մլն դոլարի հետախուզական դրոնային (V-BAT ԱԹՍ) տեխնոլոգիաների վաճառքը։
Արա Պողոսյանի գնահատմամբ՝ որքան էլ այցը կարևոր էր, միաժամանակ դրա արդյունքում չարդարացան այն սպասելիքները, ըստ որոնց ԱՄՆ–ի կողմից ուղիղ ներդրումներ են լինելու դեպի ՀՀ տնտեսություն.«Ցավոք սրտի, մենք տեսանք նաև գերագնահատված սպասելիքների էպիզոդ: Եթե Հայաստանում ժողովուրդը կարծում էր, թե ԱՄՆ-ի կողմից ուղիղ ներդրումներ են լինելու դեպի Հայաստանի տնտեսություն, ապա փոխնախագահ Վենսի հայտարարությունը ո՛չ այնքան ուղիղ ներդրումների մասին էր, որքան տեխնոլոգիաներ վաճառելու պատրաստակամության։ Սա, իհարկե, հրաշալի նորություն կլիներ դինամիկ տնտեսական աճ ունեցող երկրի համար, որն իր տնտեսական օգուտները կկարողանար ներդնել ամերիկյան տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու մեջ, սակայն, ցավոք, ՀՀ տնտեսությունը դինամիկ աճող տնտեսություն չէ, այն հիմնված է գլխավորապես ներմուծումների վրա, և ո՛չ թե արտահանումների, ինչը ենթադրում է, որ երկիր ո՛չ այնքան մտնում է արտարժույթ, որքան երկրից դուրս է գալիս»:
Անդրադառնալով երկու երկրների միջև կնքված միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով համագործակցության համաձայնագրին, քաղաքագետն այն համարեց կարևոր քայլ՝ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: Մյուս կողմից նշեց, որ այն առավելապես արդյունավետ կլինի միայն իրական դիվերսիֆիկացիայի դեպքում՝ օրինակ ամերիկյան տեխնոլոգիաներով ու ռուսական կամ չինական տեխնոլոգիաներով ատոմակայանների առկայությամբ, քանի որ ԱՄՆ–ն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտորներ, որոնց արդյունավետությունը ըստ մասնագետների, դեռևս համապարփակ հետազոտման չի եթարկվել։
Հարցին, ի՞նչ է շահում Հայաստանը ստորագրված փաստաթղթերից, ու արդյոք փաստաթղթերի ստորագրմամբ ՀՀ-ն ուժեղացնում իր անվտանգային միջավայրն ի դեմս ԱՄՆ-ի, Պողոսյանը պատասխանեց, որ ցանկացած փաստաթուղթ իր հետ բերում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր, և այս փաստաթղթերը ևս բացառություն չեն.«Եթե խոսում ենք անվտանգային միջավայրի մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ սա բարդ և բազմաշերտ ոլորտ է, որտեղ բազմաթիվ գործոններ միասին փոխազդեցության մեջ են։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից, բնականաբար, ՀՀ–ի համար կարևոր է դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի առկայությունը, որտեղ ատոմակայանը ունի իր յուրահատուկ դերը։ Կարևոր են նաև տեխնոլոգիաները, որոնց հասանելիության հնարավորություն կարող ենք ստանալ, սակայն հնարավորությունը մի բան է, դրա կապիտալիզացիան բոլորովին այլ բան։ Կարևոր հարցն այն է, թե մենք ի՞նչ նոր կախվածություններ ձեռք կբերենք ու դրանք ինչպես կանդրադառնան ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակի վրա»:
Երևանից հետո ԱՄՆ փոխնախագահը մեկնել էր Բաքու, որտեղ ևս համագործակցության փաստաթղթեր է ստորագրել, այդ թվում՝ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրությունը։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական փաստաթուղթ ստորագրվել է դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի վարչակարգի վերջին շրջանում։ Պողոսյանն ասաց, որ այս դեպքում կարևորն այն է, թե ի՞նչպես Երևանն ու Բաքուն կկապիտալացնեն այդ փաստաթղթերը: Նա նշեց, որ Բաքվի պարագայում այդ ամենի համար զգալի աշխատանք է կատարվում, ինչը չենք կարող ասել ՀՀ իշխանությունների մասին:
Արդյոք այդ քայլով Վաշինգտոնն ավելի բարձր մակարդակի է հասցնում Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այս առնչությամբ էլ Պողոսյանն ասաց, որ Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով, էներգետիկ պաշարներով և աշխարհաքաղաքական դերով շատ ավելի կարևոր է ԱՄՆ-ի համար, քան Հայաստանը, և դա կախված չէ որևէ առանձին վարչակարգից, այդպիսին է ԱՄՆ աշխարհաքաղաքական ռազմավարությունը․«Եթե խոսենք այն հնարավորությունից, որ այս քայլը ուղղված է տարածաշրջանային հավասարակշռմանը, ապա, իսկապես, ԱՄՆ-ն փորձում է առնվազն հարաբերությունների պարիտետ ցույց տալ, թեպետ բովանդակային առումով բավական է հիշել Բաքվում փոխնախագահ Վենսի հայտարարությունը, որ Ալիևը նախագահ Թրամփից հետո աշխարհում միակ առաջնորդն է, ով միաժամանակ լավ հարաբերություններ ունի Էրդողանի և Նեթանյահուի հետ։ Իսկ թե ԱՄՆ–ի համար այսօր որքան կարևոր է Իսրայել-ԱՄՆ և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների շղթան տարածաշրջանում, կարծում եմ ավելորդ է հիշեցնել»։
ԱՄՆ-ն հանդիպումների ընթացքում երկու կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նաև տարածաշրջանի հանքային պաշարների հետ կապված: Այս պարագայում կարծիք է ձևավորվել, որ հանքահումքային այս համագործակցությունը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, ԱՄՆ-ի վերահսկողությամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինս տարածաշրջանում առևտրային շահեր ունի։ Արա Պողոսյանը համաձայն չէ նման ձևակերպումների հետ, ու վստահություն է հայտնում, որ տնտեսական փոխկապակցվածությունը չի կարող վերացնել պատերազմների անհրաժեշտությունը, քանի դեռ առկա է պատերազմելու քաղաքական ռացիոնալություն.«Ընդհակառակը, հանքահումքային պաշարների անդադար օգտագործման համար անհրաժեշտ է ո՛չ թե կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծում, այլ սառեցում, որոպեսզի բոլոր կողմերը շահագրգռված լինեն ԱՄՆ դիկտատով հաստատված ստատուս–քվոյի պահպանմամբ։ Հակառակ դեպքում, կողմերից մեկը մի օր կարող է որոշել ուղղակի ազգայնացնել: Ամբողջ Մերձավոր Արևելքի վերաձևումը Առաջին աշխարհամարտից հետո հենց այդ նպատակն ուներ՝ թողնել կոնֆլիկտածին գոտիներ, որպեսզի տարածաշրջանի ներքին գործերում մշտապես ներկայություն կարողանան ապահովել նախկին գաղութատեր երկրները»։
Նիկոլ Մարգարյան
