Պատերազմ Իրանում. ռեժիմի փոփոխության փո՞րձ, թե՞ տարածաշրջանային էսկալացիա | Region

Պատերազմ Իրանում. ռեժիմի փոփոխության փո՞րձ, թե՞ տարածաշրջանային էսկալացիա

Մարտ 01,2026 15:51

Թվում էր՝ Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները առաջընթաց են գրանցել։ ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում էր, որ իրենք՝ ԱՄՆ-ը, փորձում էին համաձայնության գալ Իրանի հետ, սակայն բազմիցս սպառնում էր, և բոլորը սպասում էին, որ ԱՄՆ-ը հարձակվելու է Իրանի վրա։ Այնուամենայնիվ, շատերը չէին հավատում, որ Ռամադանի ամսին որևէ մեկը կպատերազմի։ Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը ամերիկյան զինվորականների հետ միասին հարվածներ հասցրեց Իսլամական Հանրապետության ավելի քան 30 թիրախների՝ այդպիսով սկսելով լայնածավալ ռազմական գործողություն Իրանի դեմ։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, զոհվել են նրա ընտանիքի անդամները։ Զոհվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ։

Իրանի գերագույն առաջնորդը երկիրը փաստացի ղեկավարում էր 1989 թվականից։ Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, երկրում հայտարարված է 40-օրյա սուգ։

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և թիկունքի ապահովման նախարարությունն իր հայտարարության մեջ տեղեկացրել է, որ «Ճշմարիտ խոստում 4» գործողությունը շարունակվելու է. համակարգը կաթվածահար չէ. կա ծրագիր, կան հրամաններ տվողներ և կան Իրանի շարունակական պատասխանները։

Իրանագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահը գործողության սկիզբը բացատրել է նրանով, որ Վաշինգտոնի «համբերությունը սպառվել է» միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։ Իրականում ամերիկա-իսրայելական տանդեմն անհանգստացած է ոչ միայն նրանով, որ իրանցիները մտադիր են միջուկային զենք ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա, ուստի Միացյալ Նահանգները մտադիր են ոչնչացնել բոլոր իրանական հրթիռները և «հողին հավասարեցնել» ամբողջ հրթիռային արդյունաբերությունը, իսկ Իրանը, պատասխանելով ագրեսիային, հայտարարել է իր պաշտպանությանը պատրաստ լինելու մասին և խոստացել «դաժան պատասխան» ցանկացած հետագա հարձակման համար։

Արմեն Վարդանյան

RegionsTV-ին տված հարցազրույցում Արմեն Վարդանյանն ասաց, որ ԱՄՆ-ը և Իսրայելը ավելի բարդ օրակարգ են սահմանել։ Վարդանյանի խոսքով՝ նրանք ուղենիշ են սահմանել՝ անհապաղ լուծել ոչ միայն հարստացված ուրանի և միջուկային ծրագրի, այլև հրթիռային համակարգերի հարցը։ «Քանի որ Իսրայելը և ԱՄՆ-ը պնդում են, որ իրանական հրթիռները մեծ հեռահարություն ունեն՝ մի քանի հազար կիլոմետր, և ի վիճակի են կրել մարտագլխիկներ, այդ թվում՝ միջուկային։ Իրանը պատրաստ չէր զիջումների այս հարցում, բայց պատրաստ էր զիջումների գնալ ուրանի հարստացման հարցում։ Նա պատրաստ էր երկրից դուրս բերել 60 տոկոսով հարստացված ուրանը, որը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար, և այն հանձնել այլ երկրի։ Իրանը նաև պատրաստ էր ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք կսկսեին խիստ վերահսկողություն իրականացնել իրանական միջուկային օբյեկտների նկատմամբ։ Իրանը փոխարենը ԱՄՆ-ից ակնկալում էր պատժամիջոցների վերացում։ Այս հարցում նրանք, կարծես, պատրաստ էին զիջումների, բայց հրթիռային ծրագրի դադարեցումն Իրանի համար կարմիր գիծ էր»։ Փորձագետ Վարդանյանը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «Էպիկական զայրույթ» և Իսրայելի կողմից «Առյուծի մռնչյուն» ծածկանուններով գործողությունները հստակ ցույց են տալիս հարվածների համակարգված բնույթը և դրանց ուղղվածությունը՝ իրանական ռեժիմին առավելագույն վնաս հասցնելուն։

Փորձագետը նշել է, որ այս ռազմական գործողությունը տարբերվում է Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմից։ «Նախ՝ տարբերությունն այն է, որ 12-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը մասնակցել է միայն վերջին օրը, երբ երկու ռազմավարական ռմբակոծիչ սկսեցին ծանր միջուկային ռումբեր նետել իրանական միջուկային օբյեկտների վրա։ Բնականաբար, Իրանի պատասխանը տարբեր էր. 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը ոչ մի հարված չհասցրեց ամերիկյան որևէ ռազմակայանի։ Այս անգամ ԱՄՆ-ը մասնակցում է առաջին իսկ օրից, սա պարզապես կողմերից մեկին աջակցելը չէ, այլ ուղղակի ներգրավվածություն։ Միացյալ Նահանգների մասնակցությունը հակամարտության սկզբից արմատապես փոխում է ուժերի դասավորությունը և էսկալացիայի ներուժը։ Այժմ մենք տեսնում ենք հարձակումներ այն երկրի տարածքում, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ, օրինակ՝ Կատարում։ Դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կլինեն և ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց սա ավելի լայնածավալ պատերազմ կլինի, քան 12-օրյան»։

Այնուամենայնիվ, ինչպես արդարացիորեն նկատել է փորձագետը, ներկայիս ռազմական գործողության մասշտաբն արդեն գերազանցում է նախորդներին, և դրա հետևանքները կարող են շատ ավելի նշանակալի լինել, քան սկզբնապես ենթադրվում էր։

Արմեն Վարդանյանը կարծում է, որ այս պահին Իրանի դեմ ռազմական գործողությունը գտնվում է սկզբնական փուլում, և դրա հետագա զարգացումը մնում է հարցական։ Իրադարձությունների նման զարգացման հետևանքները կարող են սարսափելի լինել։ «Կարծում եմ՝ Իսրայելը և ԱՄՆ-ը ավելի լուրջ են տրամադրված Իրանին քաղաքական ասպարեզից լիովին դուրս մղելու, թուլացնելու և ծնկի բերելու հարցում։ Անցյալ անգամ դա չաշխատեց։ Իրանը պատրաստվել է ամբողջ տարի՝ վերականգնելով իր ուժերը։ Որոշ տվյալներով՝ Իրանին հաջողվել է լիովին վերականգնել վնասված ՀՕՊ համակարգերը, Չինաստանից ձեռք բերել որոշակի քանակությամբ ՀՕՊ համակարգեր, օպերատիվ համակարգեր և փաստացի վերականգնել իր ուժերը»։

Նա ենթադրում է, որ ընթացիկ պատերազմի հիմնական նպատակներից մեկը Իրանի զգալի թուլացումն է, որպեսզի նա չկարողանա արդյունավետ դիմադրել երկարաժամկետ հեռանկարում։ Սա համարվում է նվազագույն պլանը։ Առավելագույն պլանը, եթե այն հաջողությամբ իրականացվի, ենթադրում է Իրանում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմի փոփոխություն։ Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ գործողության նշանակալի օբյեկտներից մեկը եղել է Իրանի նախագահական համալիրը, ինչն ընդգծում է երկրի բարձրագույն ղեկավարությանն ապակայունացնելու ձգտումը։ Փորձագետ Վարդանյանը կարծում է, որ իսրայելական հարվածներն առաջին հերթին ուղղված էին ԻԻՀ ղեկավարության վերացմանը։ «Փոխել Իրանի ղեկավարությունը հեշտ չէ. ռեժիմի փոփոխությունը դժվար է իրականացնել ներսից, առավել ևս՝ դրսից։ ԱՄՆ-ում քննարկվել են մի քանի տարբերակներ և տարբեր սցենարներ Իրանի համար՝ լոյալ իշխանություն ձևավորելու նպատակով։ Տարբերակներից մեկը երկրի ներսում ռեժիմը փոխելն է՝ ուժեղացնելով Իրանի նախագահ Պեզեշկիանի ազդեցությունը, որը մեծ իշխանություն ունի։ Երկրորդ տարբերակը՝ ուժեղացնել Իրանի վտարանդի շահի որդու՝ արքայազն Ռեզա Փեհլևիի ազդեցությունը, որը որոշակի ժողովրդականություն է վայելում։ Նա ավելի քան 40 տարի գտնվում է երկրից դուրս, բայց իշխանության մոտ նա կողմնակիցներ չունի։ Մեկ այլ տարբերակ էլ՝ ներքին պառակտման միջոցով քաոս ստեղծելը։ Իրանում ներքին պառակտման նշաններ դեռ չեն երևում։ Ավելին, դիտվում է որոշակի հասարակական համախմբում»։

Հաջորդի ընտրության գործընթացը, Վարդանյանի կարծիքով, այժմ դառնում է առաջնահերթ խնդիր, որի հաջողությունից կախված է երկրի հետագա կայունությունը։

Արմեն Վարդանյանը շեշտել է, որ Իրանում պատրաստվել էին բոլոր սցենարներին, և իմամ Խամենեիի զոհվելու դեպքի համար նույնպես պլանավորում նախատեսված էր։ Իրանի սահմանադրությունը նախատեսում է, որ Գերագույն առաջնորդի հանկարծակի մահվան դեպքում 88 անդամից բաղկացած փորձագետների խորհուրդը պետք է ընտրի նոր Գերագույն առաջնորդ։ Անցումային շրջանում երկրի կառավարումը փոխանցվում է ժամանակավոր մարմնին, որի կազմում կլինեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի հոգևոր անդամներից մեկը։ Այս մարմինն իր վրա կվերցնի Խամենեիի իրավահաջորդին իշխանության փոխանցման հարցը։

Այն ենթադրությունների շարքում, թե ով կարող է գլխավորել երկիրն անցումային շրջանում, շրջանառվում է նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի անունը։ Նրա բարձր պաշտոնը և իրանական քաղաքական համակարգում ունեցած զգալի ազդեցությունը նրան դարձնում են հավանական թեկնածու ժամանակավոր առաջնորդի կամ անցումային կառավարությունում առանցքային դեմքի դերի համար։ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Ղեկավարման ժամանակավոր խորհուրդը կձևավորվի այսօր։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կիզել են Իրանի «սիրտը»՝ սպանելով առաջնորդ Ալի Խամենեիին, և Թեհրանը նույնը կանի ԱՄՆ-ի նկատմամբ։

Քաղաքագետը նշել է, որ Իրանը սկսել է հարվածներ հասցնել մի շարք արաբական երկրներում ամերիկյան բազաներին։ Կատարը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ և միշտ չեզոք է եղել, սակայն այսօր Իրանը հարվածել է Կատարում ամերիկյան ռազմակայաններին։ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում 14 ամերիկյան ռազմակայանների, այսինքն՝ հակամարտության մեջ ներգրավված են նոր երկրներ, և չի բացառվում, որ հակամարտությունը կարող է տարածաշրջանային դառնալ։ Երևի դեռ վաղ է խոսել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ելքի մասին։

Արմեն Վարդանյանի խոսքով՝ խոցված բազաների քանակը վկայում է Իրանի կողմից ձեռնարկված բարձր կազմակերպված և լայնածավալ գործողության մասին։ Սրանք ոչ թե առանձին սադրանքներ են, այլ կոնկրետ ռազմավարական նպատակներին հասնելուն ուղղված համակարգված գործողություններ։ Հակամարտության մեջ նոր երկրների ներգրավումը, թեկուզ անուղղակի, իրական սպառնալիք է ստեղծում ռազմական գործողությունները Պարսից ծոցի ողջ տարածաշրջան տարածելու համար՝ այն վերածելով նոր թեժ կետի։

«Ի տարբերություն Մերձավոր Արևելքի, եթե մենք նայենք ավելի նեղ տարածաշրջանի՝ ինչպիսին Հարավային Կովկասն է, ապա Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի իրականացումը քիչ հավանական եմ համարում։ Նախ՝ Ալիևն այնքան էլ հիմար չէ, որ մասնակցի Իրանի դեմ պատերազմին՝ իր տարածքը վերածելով Իրանի դեմ պատերազմի թատերաբեմի։ Եթե նա մասնակցի, ապա նրա տարածքը նույնպես թիրախ կդառնա, հարվածը կհասցվի նաև Ադրբեջանի տարածքին», – նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Վարդանյանի կարծիքով՝ այսօր նա շատ լուրջ հակամարտություն ունի Իսրայելի հետ։ «Թուրքիային պետք է ուժեղ Իրան, Իրանի ցանկացած թուլացում, հատկապես դրա հնարավոր մասնատումը, ուղղակի սպառնալիք է թուրքական տարածքային ամբողջականությանը։ Եթե Իրանը մասնատվի այն մասերի, որտեղ ապրում են 5 միլիոն քրդեր, որոնց մեծ մասը գտնվում է Թուրքիայի սահմանին, և նրանք դառնան անկախ, ապա դա դոմինոյի էֆեկտով կտարածվի Թուրքիայի արևելյան շրջաններում և խնդիրներ կառաջանան։ Քրդական հարցը Անկարայի համար ցավոտ կետ է, և քրդական շարժումների ցանկացած ուժեղացում, առավել ևս նոր անկախ քրդական պետության հնարավոր առաջացման ֆոնին, ծայրահեղ բացասական արձագանք կառաջացնի։ Թուրքիան այս պատերազմում իրադարձությունների ընթացքի վրա ազդելու մեծ հնարավորություն չունի և ջանքեր չի գործադրի պատերազմը կանգնեցնելու համար։ Այս պատերազմին ոչ ոք չի ցանկանում միջամտել, նույնիսկ Ռուսաստանը և Չինաստանը, որոնք, չնայած Իրանին իրենց աջակցությանը, շահագրգռված չեն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ուղղակի ռազմական բախման մեջ։ Նրանց օգնությունն ավելի շատ անուղղակի բնույթ է կրում՝ դիվանագիտական աջակցություն, բայց ոչ ուղղակի մուտք պատերազմի մեջ»։

Արմեն Վարդանյանը շեշտեց, որ Իրանի համար միշտ էլ կարևոր է եղել, որ Հայաստանը հակաիրանական հարթակ չդառնա։ «Հայաստանի իշխանությունները միշտ հավաստիացրել են, որ երբեք չեն ձեռնարկի Իրանի շահերին հակասող որևէ գործողություն։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրան կատարած վերջին այցի ժամանակ կրկին հնչեցրեց այս տեսակետը։ Հայաստանին այդքան էլ շատ բան անելու հարկ չկա, այսօր ԱԳՆ-ն կարող էր գոնե հայտարարությամբ հանդես գալ՝ կոչ անելով հարցի խաղաղ կարգավորմանը։ Սա մեր խաղը չէ, սա հսկաների հակամարտություն է, այսպես ասած, մեզ պես փոքր պետությունները Միացյալ Նահանգների դեմ, պետք չէ միջամտել այս հակամարտությանը։ Բայց ինձ թվում է՝ մեր դիրքորոշումը պետք է տարածեինք և կոչ անեինք հարցի խաղաղ լուծման։ Բայց ԱԳՆ-ում դիմեցին Իրանում և Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին՝ անվտանգության կանոնները պահպանելու և պաշտոնական ցուցումներին հետևելու կոչով», – ընդգծեց Արմեն Վարդանյանը։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ