«Հագուստներ եմ վառում, որ երեխեքս չմրսեն». արցախցի ընտանիքները՝ մետաղյա տնակների և անորոշության արանքում
Երբ տունը դառնում է հիշողություն, իսկ ներկան՝ պայքար հանուն տարրական գոյատևման։ Մինչ պետական գերատեսչությունները խոսում են թվերից ու բնակարանային աջակցությունից, բռնի տեղահանված արցախցիներից շատերը Հայաստանի տարբեր անկյուններում փորձում են տաքանալ սեփական հագուստը վառելով կամ գիշերել ցուրտ ավտոտնակներում։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը տևական ժամանակ է հանդիպում, ապա տեսանյութեր է հրապարակում Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիների մասին, որոնք ապրում են անտեսված են, ապրում են մետաղյա տնակներում։
Գայանե. Վառվող հագուստի հոտն ու չմարող հույսը
Տիկին Գայանեի համար «տուն» հասկացությունն այսօր սահմանափակվում է մի մետաղյա տնակով, որը նա գնել է պետական աջակցության վերջին լումաները հավաքելով։ Մեկ միլիոն դրամ՝ չորս պատի ու անձրևից պաշտպանվելու համար երկու փոքր սենյակով տնակ։ Բայց պատերը չեն տաքանում։ Այստեղ կոյուղի էլ չկա։
«Նորմալ ջուր չունենք, որ երեխեքի շորերը մաքուր լվանամ։ Փայտն երեկ է վերջացել։ Հիմա հագուստներ եմ վառում, որ երեխեքս չմրսեն»,-պատմում է նա։
Գայանեն RegionsTV-ի հետ զրույցում նշում է՝ օրական 5000 դրամով ջերմոցում է աշխատում՝ փորձելով կերակրել երկու անչափահաս երեխաներին։ Նրա ամուսինը մահացել է ընդամենը օրեր առաջ՝ այդպես էլ չտեսնելով իրենց նոր «տանիքի» լիարժեք կայացումը։
Այստեղ չկա գազ, չկա կոյուղի, իսկ ջուրը հարևանի տնից են բերում։
«Տնակում ինչ կա՝ մարդիկ են տվել, որ ապրենք, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում»,- հոգոց հանելով ասում է Գայանեն։
Թղթաբանական քաշքշուկների պատճառով ընտանիքը դեռ չի ստացել ՀՀ քաղաքացիություն, ասում է՝ ամուսնուս առողջական ծանր խնդիրների պատճառով թղթաբանական հարցերը ձգձգվել էին, հույս ունի, որ շուտով խնդիրը կլուծվի, անձնագրեր կստանան ու կկարողանան օգտվել պետական աջակցման ծրագրերից։
Նաիրա. ցուրտ ավտոտնակ՝ առանց կենցաղային պայմանների
Նաիրա Վարդանյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին ծառայող է, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է ադրբեջաներենին ու ռուսերենին։
Այսօր նրա ամբողջ հարստությունը Հրազդանի ցուրտ ավտոտնակներից մեկն է։ Չկա լույս, չկա ջուր, չկա ջերմություն։
Երեկ նրա տնակից գողացել են փոքրիկ գազի բալոնը, որն ինչ-որ չափով թեթևացնում էր կենցաղը։ Նաիրան այստեղ է, որովհետև տան վարձերը շատ բարձր են, չի կարողանում վճարել։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից էլ չի կարող օգտվել, գումարը չի բավականացնի բնակարան գնելու համար։
Հիմա նրա համար միակ մտահոգությունը վիրավոր որդին է, ով վիրահատության կարիք ունի։
«Հազիվ գոյատևում եմ»,- ասում է նա։
Մարատ. Սերտիֆիկատ, որը բնակարան չդարձավ
Մարատ Բաղյանի պատմությունը նման է շատերին։ Նա էլ կնոջ ու դեռ մեկ տարին էլ չլրացած երեխայի հետ ապրում է անմարդկային պայմաններում, հազիվ հասցնում է ընտանիքի համար սնունդ ապահովել։
Նրան տրամադրված բնակարան գնելու վկայագրի գումարը պարզապես չի բավականացրել բնակարան գնելուն։ Շուկայական գներն ու պետական աջակցության չափը հաճախ անհամատեղելի են դառնում։
Արդյունքում՝ Մարատն ընտանիքի հետ հայտնվել է մետաղյա տնակում, որտեղ հիմնական պայքարը ոչ թե ապագայի, այլ օրվա հացի համար է։
Պաշտոնական տեսակետ. «Աղքատության հաղթահարման ճանապարհն աշխատանքն է»
Մինչ արցախցիները փորձում են չցրտահարվել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, թե խնդրին տեղյակ են։
«Մենք անհատապես ծանոթ ենք սոցիալական խոսցելի խմբերի հետ և նախարարությունը զբաղվում է նրանց հարցերով»,-ասում է նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ից տեղահանվածներին աջակցող շատ ծրագրեր կան, վստահեցնում է՝ 3000 ընտանիք արդեն բնակարան է ձեռք բերել։
«Մենք անհատապես ծանոթ ենք սոցիալական խոցելի խմբերին»,- նշում է նա՝ հավելելով, որ 3-5 միլիոն դրամով հնարավոր է բնակավայրերում տուն գնել։ Իսկ այն հարցին, թե ինչպես վարվել, երբ գումարը չի բավականացնում, պաշտոնական պատասխանը մեկն է՝ աշխատանք և ինքնազբաղվածություն։
«Մենք այդպիսի գլոբալ խնիրներ չունենք, որ գումարը տոտալ չի բավականացնում, որովհետև ունենք քիչ, թե շատ նորմալ գին։ Ասենք 3-4 հոգանոց ընտանիքները բնակավայրերում կարող են 3-5 միլիոն դրամով բնակարան գնեն։ Ես չեմ ասում, որ չկան խնդիրներ, բայց այդ խնդիրների և աղքատության հաղթահարման ճանապարհը՝ աշխատանքն է, և ինքնազբաղվածության մեր ծրագրերը հենց դրան են ուղղված»,-ասում է խոսնակը։
Իսկ ինչ անեն այն ընտանիքները, որոնց տրամադրվող գումարներն իսկապես չեն բավականացնում նույնիսկ մարզերում տուն գնել, Կոստանյանն ասում է՝ այս տարվա հուլիսից գործարկվելու է երկարաժամկետ վարձակալության ծրագիրը, որն ուղղված է փոքր կազմով ընտանիքների աջակցմանը։
Անորոշության վերջաբան
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հրապարակած տեսանյութերը փաստում են՝ իրականությունը հաճախ շատ ավելի դաժան է, քան պաշտոնական հաշվետվությունները։ Նախարարության պատասխանից պարզ է՝ այս ընտանիքները մինչև հունիս ավելիլավ պայմաններ չեն ունենա, նախարարությունը նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու մտադրություն էլ չունի։
Սերտիֆիկատը դեռ տուն չէ, իսկ աշխատանքի հորդորը դժվար է լսել այն ժամանակ, երբ երեխաներդ տնակում մրսում են, իսկ դու վառում ես վերջին հագուստդ՝ մի քանի րոպե ջերմություն ստանալու համար։
Այս մարդկանց համար ժամանակը կանգ է առել։ Նրանք չեն խնդրում շքեղություն, նրանք փնտրում են մարդկային տարրական պայմաններ և երաշխիք, որ վաղը ստիպված չեն լինի ընտրել սննդի և ջեռուցման միջև։
Տիրուն Մարգարյան
