Արա Պողոսյան.Չի բացառվում, որ Նախիջևանի դեպքը Ադրբեջանի կազմակերպված սադրանքը լիներ՝ «casus belli»՝ պատերազմի առիթ ստանալու համար | Region

Արա Պողոսյան.Չի բացառվում, որ Նախիջևանի դեպքը Ադրբեջանի կազմակերպված սադրանքը լիներ՝ «casus belli»՝ պատերազմի առիթ ստանալու համար

Մարտ 06,2026 21:37

Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկություններն ու լարված իրավիճակը՝ չի կարելի բացառել տարբեր սցենարներ, այդ թվում՝ իսրայելա-ամերիկյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի հնարավոր հարձակումը Սյունիքի մարզի վրա։ Ժամանակը ցույց կտա, թե որոնք կլինեն հաշվարկները։ Այս փուլում, համենայն դեպս, ինձ թվում է՝ դեռ վաղ է խոսել ապոկալիպտիկ սցենարների և հետևանքների մասին, քանի դեռ չունենք հստակ տեղեկատվություն ռազմական բախման և դրանում Ադրբեջանի ներգրավվածության վերաբերյալ։

Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով այն հնարավոր սցենարը, ըստ որի՝ Նախիջևանի օդանավակայանին Իրանի հասցրած հարվածից հետո Ադրբեջանը կարող է պատերազմի առիթից օգտվել ու մտնել Սյունիք։

Քաղաքագետը կոչ է անում սթափ վերլուծության և մշտական պատրաստվածության՝ ընդգծելով, որ անվտանգության հաջող քաղաքականությունը կառուցվում է ինքնաբավության և բոլոր հնարավոր սցենարների մշակման վրա։

«Եթե նույնիսկ գոյություն ունի հիպոթետիկ սցենար, այն ուղղակիորեն կհանգեցնի Ադրբեջանի համար փոխկապակցված բազմաթիվ այլ խնդիրների։ Բնականաբար, Բաքուն պատրաստ չէ, իսկ Իսրայելի նպատակն այն է, որ Ադրբեջանը հարձակվի Իրանի, այլ ոչ թե Հայաստանի վրա։ Բայց եթե ընդունենք այդ հիպոթետիկ սցենարը, որը ես ծայրահեղ քիչ հավանական եմ համարում, Հայաստանը պետք է պատրաստ լինի և ունենա մշակված պլան ցանկացած զարգացման դեպքում։ Չեմ կարծում, թե կա մի պետություն, որի վրա պետք է հուսանք և վստահ լինենք, որ այն մեզ կփրկի։ Բոլոր դեպքերում պետության անվտանգությունը կառուցվում է հենց պետության կողմից, իսկ դաշնակիցների հետ հարաբերությունները կախված են առկա հանգամանքներից, այլ ոչ թե բուն անվտանգային քաղաքականությունից»,-ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել Իրանի հետ սահմանակից էքսկլավում՝ Նախիջևանի օդանավակայանի մոտակայքում, իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով՝ մեկ անօդաչու սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շաքարաբադ գյուղի դպրոցի մոտ։ Կա չորս տուժած։ Բաքուն պահանջում է բացատրություններ և իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան միջոցների՝ զորքեր կուտակելով Իրանի հետ սահմանին։ Ավելի ուշ իրանական կողմը հայտարարել է, թե Իրանը «չի թիրախավորում հարևան երկրները։ Իրանի թիրախը հակառակորդ երկրների ռազմաբազաներն են»։ Իրանն այդ հարձկման մեջ Իսրայելին է մեղադրել։

Արա Պողոսյանի խոսքով՝ իսրայելական ռազմավարության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ուղղված է հակամարտության մեջ առավելագույն թվով երկրների ներգրավմանը։ Նպատակը գործընթացը անդառնալիության կրիտիկական կետի հասցնելն է, որպեսզի Իրանը հայտնվի մեկուսացման մեջ ողջ տարածաշրջանում և ստիպված լինի միայնակ պայքարել բոլորի դեմ։ Ըստ քաղաքագետի՝ կարելի է զուգահեռներ անցկացնել Իսրայելում առաջին ինթիֆադայի հետ, երբ Իսրայելը, ունենալով տարածաշրջանից դուրս գերիշխող տերության՝ ԱՄՆ-ի աջակցությունը, փորձում էր գործել մեկուսացված և հակամարտություն հրահրել շրջակա արաբական հանրույթի հետ։

«Այսօր Իսրայելը կիրառում է նույնատիպ մարտավարություն՝ ստեղծելով թշնամական մթնոլորտ, որպեսզի զրկի Իրանին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից։ Մյուս կողմից, այս ռազմավարությունը թույլ չի տալիս նրան ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմավարական տեսանկյունից կենտրոնանալ դիմակայության երկարաժամկետ նպատակների վրա։ Այս առումով ես, ինչպես և իրանցի բազմաթիվ փորձագետներ ու պաշտոնյաներ, կարծում եմ, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները՝ հանդես գալով որպես հակաիրանական կոալիցիա, ձգտում են այս սադրանքների միջոցով հակամարտության մեջ ներգրավել էլ ավելի շատ երկրներ»,– ասաց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ Թեհրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու փորձը, բացի տարածաշրջանային խաղացողների ներգրավումից, ենթադրում է նաև միջազգային ուժերի ավելի լայն մոբիլիզացիա։ Օրինակ Իսպանիայի հետ կապված իրավիճակը, որը հրաժարվեց ռազմական գործողությունների համար բազա տրամադրել ԱՄՆ-ին։ Իսպանիան հաստատեց իր հավատարմությունը միջազգային իրավունքին՝ մերժելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները։ Սա վկայում է լայն հակաիրանական կոալիցիա ստեղծելու Իսրայելի և ԱՄՆ-ի ձգտման մասին։

«Հետևաբար, որքան շատ պետություններ ներգրավվեն հակամարտության մեջ, այնքան ավելի շատ լեգիտիմություն նրանք կկարողանան կուտակել միջազգային հարթակներում և միջազգային հանրության շրջանում, ինչը, համենայն դեպս այս պահին, տեղի չի ունենում։ Ուստի կարծում եմ, որ Նախիջևանի հետ կապված այս դեպքն իրականում սադրանք էր։ Չի բացառվում, որ դա հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք լիներ՝ այսպես կոչված «casus belli» (պատերազմի առիթ) ձեռք բերելու համար։ Սկզբում Ալիևն իսկապես կարեկցանք էր ցուցաբերում. պատերազմի առաջին օրը նա ցավակցություն հայտնեց Իրանի գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ, իսկ հինգերորդ օրը այցելեց Ադրբեջանում Իրանի դեսպանատուն՝ ցույց տալով, որ բացարձակապես մտադրություն չունի պատրաստվելու պրոիսրայելական գործողությունների։ Իրանին շփոթության մեջ գցելով՝ Ալիևը փորձում էր սադրանքներ կազմակերպել և դրանք հիմնավորել ոչ թե Իսրայելին իր պարտքը տալով, այլ նրանով, որ իր դեմ ագրեսիա է իրականացվել, և ինքը լոկ պատասխանում է։ Եվ նրանք իսկապես ունեն դրա պատճառները, որոնք հատկապես կապված են այն փաստի հետ, որ Իսրայելը ոչ միայն օգնում էր Ադրբեջանին 44-օրյա պատերազմում, այլև Ադրբեջանն Իսրայելի համար հանդիսանում է ռեզերվային գոտի, որտեղ օրհասական պահին նրան բազա է անհրաժեշտ Իրանի դեմ նոր հարձակումներ սկսելու համար։ Եվ հիմա, իմ կարծիքով, նրանք փորձում են «casus belli» գտնել ադրբեջանական տարածքն Իրանի դեմ օգտագործելու համար։ Կարծում եմ՝ հենց այդ մասին էր խոսվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ»,– նշել է Արա Պողոսյանը։

Ինչպես նկատում է փորձագետը, Ադրբեջանի կողմից խաղարկվող այս ողջ բարդ աշխարհաքաղաքական խաղն ուղղված է նրան նպատակին, որ ի վերջո ստեղծվի առիթ՝ casus belli, ավելի լայնածավալ հակամարտության համար, որտեղ նա կկարողանա հանդես գալ զոհի, այլ ոչ թե ագրեսորի դերում։ Նման սցենարը թույլ կտա նրան ստանալ միջազգային դերակատարների աջակցությունը, որոնք դեռ չեն շտապում ակտիվորեն ներգրավվել էսկալացիայի մեջ։

Քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանն արդեն իսկ այս կամ այն կերպ մասնակցում է հակամարտությանը՝ մատակարարելով ռեսուրսներ։ «Բնականաբար, դեռ վաղ է խոսել այս հակամարտությանը ակտիվ մասնակցության մասին, դա կախված կլինի ռազմական գործողությունների ընթացքից։ Եթե ռազմական գործողությունները լինեն երկարաժամկետ, ապա, բնականաբար, Ադրբեջանը կմասնակցի դրանց, հատկապես եթե համոզված լինի, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ձգտելու են Իրանի լիակատար փլուզմանը։ Հակառակ դեպքում, եթե Բաքուն համոզվի, որ նման սցենարը քիչ հավանական է, նա ամեն կերպ կխուսափի ուղիղ առճակատումից»,– ընդգծեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությանը, Պողոսյանը կարծում է, որ Թուրքիան այժմ այլ ծրագրեր ունի. «Թուրքիայի և Իրանի միջև ներկա իրավիճակով պայմանավորված՝ կա շահերի համընկնում, քանի որ քրդական գործոնը միշտ եղել է միավորող գործոն տարածաշրջանի երկրների համար և միաժամանակ սպառնացել է տարածաշրջանի չորս երկրների՝ Իրաքին, Սիրիային, Թուրքիային և Իրանին։ Ուստի կարծում եմ, որ հաշվի առնելով Թրամփի անկայուն վարքագիծը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղակի մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ չի հստակեցվել ռազմական մանևրների ընթացքը և հայտնի չէ, թե ԱՄՆ-ն ի վերջո ինչ գլխավոր նպատակ կդնի՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ Իրանի վերջնական օկուպացիա»։

Արա Պողոսյանը համոզված է, որ «ինչպես Իսրայելի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար լավագույն տարբերակը կլիներ, որ ողջ տարածաշրջանը դուրս գար Իրանի դեմ։ Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե դա որքանով հաջողված կլինի։ Բայց, համենայն դեպս այս պահին, Իրանին հաջողվել է պահպանել որոշակի կոնսենսուս տարածաշրջանի երկրների միջև այն հարցում, որ տեղի ունեցողը բնութագրվում է որպես անարդարություն, և դա ընդունում են տարածաշրջանի բոլոր երկրները»։

Զաբելա Ավագյան

 

 

 

 

Նորություններ