Քյուրումյան. «Դժվար է գտնել վկայություններ, որ 4,6 միլիարդ դրամ պարգևավճարները կապված չեն ընտրությունների հետ»
Մարտի 12-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց 4,6 միլիարդ դրամի պարգևավճար հատկացնել պետական գերատեսչություններին։
Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում» պիլոտային կարգը։ Ըստ այդմ՝ պարգևավճարները հատկացվում են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային, տարեկան արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան:
Երեք ամիս առաջ էր, որ պետական մարմինների խոշոր չափի պարգևավճար է հատկացվել։ Միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը Նիկոլ Փաշինյանն անվանել է «պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում», նշելով, որ այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին։ «Սա հակակոռուպցիոն քաղաքականության մաս է»,-ասել է Փաշինյանը։

Արտակ Քյուրումյան
Արդյոք այս ծավալի պարգևավճարների տրամադրումը, այն էլ ընտրություններից առաջ կոռուպցին ռիսկեր չի պարունկում։ Regions TV-ի հետ զրուցում պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ասում է՝ պետք է նայել օրենսդրության տեսանկյունից․ եթե պարգևավճարը տրվում է քաղաքացիական ծառայողներին նրանց կատարած աշխատանքի դիմաց, ապա դա նորմալ է։ Քյուրումյանի խոսքով՝ քաղաքացիական աշխատողներին պետք է պարգևատրել, եթե նրանք լավ աշխատանք են կատարում, իսկ եթե դա օրենսդրությանը չհամապատասխանող եղանակներով է, ապա Հայաստանը ունի հստակ սահմանում, թե ո՞ր դեպքերում են տալիս պարգևավճար, ո՞ւմ են տալիս, ի՞նչ մեթոդներով և ի՞նչ պարբերականությամբ։
«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևավճար Հայաստանի օրենսդրությամբ չի նախատեսվում, ես իրավաբան չեմ, բայց եթե դա այդպես է ապա միանշանակ օրենսդրության խախտում կա»,- ասում է Արտակ Քյուրումյանը։
Այս պարգևավճարները հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից, ինչի համար ըստ կառավարության որոշման, պետական բյուջեի վերաբաշխում է կատարվել։
Քյուրումյանը նկատում է՝ կառավարությունն է որոշում՝ իր առաջնահերթություններից ելնելով։ Նրա խոսքով՝ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի կառավարությունը մեծ քանակի և մեծ ծավալով վերաբաշխումներ է կատարում, ինչն իհարկե, կասկածի տակ է դնում նախապես պատրաստված և Ազգային ժողով ներկայացված բյուջեի որակը․«Այսինքն, եթե սկզբից տեղեկատվության հիման վրա որակյալ բյուջե պատրաստեն՝ ելնելով կառավարության առաջնահերթություններից, ապա հետագայում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտությունը քիչ կլինի։ Այսօր պետական որոշումները վերածվել են թղթի կտորի, Ազգային ժողովը հաստատում է, դրանից հետո ուղարկում են կառավարություն, կառավարությունն էլ ինչպես ասես խմբագրում է։ Ամեն տարի մոտ 500 որոշում են հաստատում այս վերջին տարիներին, ինչի արդյունքում այն բյուջեն, որի հետ կապված կառավարությունը հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով, կապ չունի այն բյուջեի հետ, որը հաստատում է ԱԺ-ն։ Այս առումով մի որոշում ավել, մի որոշում պակաս ոչ մի նշանակություն չունի»։
Փորձագետի կարծիքով՝ պետական բյուջեն ցածր որակի է և տարվա ընթացքում շատ մեծ ծավալի փոփոխություններ են կատարում, և հարց է ծագում՝ ինչո՞ւ են այդքան մեծ ծավալով և քանակով փոփոխություններ կատարում։
Ինչ վերաբերում է նրան, որ պարգևավճարները ընտրություններից երեք ամիս առաջ են տալիս, Քյուրումյանը սա խնդրահույց է համարում, բայց նաև հավելում է՝ վկայություններ, որ դա կապված չէ ընտրությունների հետ, դժվար է գտնել։ Այս համատեքստում նա հիշեցնում է նախընտրական շրջանում թոշակների բարձրացումն ու մի շարք այլ փոփոխություններ։
«Եթե մտնենք մարզպետների կայքերը, ապա կտեսնենք, որ ինչ որ ֆինանսական օգնություն են ցուցաբերում անհատներին։ Ի՞նչ սկզբունքներով են որոշում կայացնում, որպես այդպիսին գործիքներ չկան զսպելու։ Քաղհասարակության այն կառուցները, որոնք մշտադիտարկում են, մի տեսակ ընտրաժողովներին ես ինքս էլ չեմ վստահում, որովհետև այնտեղ իշխող կուսակցության նախկին անդամներ են և այդ առումով ես չեմ վստահում և չեմ հավատում, որ նրանք կարող են օբյեկտիվ կերպով այս ամեն ինչը մեկնաբանեն։ Քաղհասարակութունը, որը մշտադիտարկման է ենթարկում, պետք է իր կարծիքը սրա վերաբերյալ արտահայտի։ Իհարկե, խնդրահարույց է, որ այսպիսի հրատապ որոշումներ են կայացնում, որովհետև պարգևավճարների ֆոնդ պետական բյուջեն ունի, կան պարգևավճարների սահմանաման ընթացակարգեր, աշխատակիցների և նրանց կատարված աշխատանքի արդյունքի գնահատման մեխանիզմներ։ Այնպես որ, դա սովորական գործընթաց է։ Թե ինչ՞ու է անհրաժեշտությունը առաջանում այսպիսի հանկարծ և հրատապ գործողություններ կատարելու, նմանատիպ հարցեր առաջանում են և մարդիկ իրավունք ունեն այդ ամեն ինչը կապել ընտրությունների հետ։ Համենայնդեպս, վկայություններ, որ դա կապված չի ընտրությունների հետ դժվար է գտնել»,- ընգծում է Արտակ Քյուրումյանը։
Տիրուն Մարգարյան
Նորություններ
