«Մենք մեր բոլոր քայլերը համաձայնեցնում էինք ՀՀ-ի հետ, փորձում էինք այնպես անել, որ ռազմական գործողությունները չտեղափոխվեն ՀՀ տարածք» Շահրամանյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարություններին
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցին այսօր Եռաբլուր պանթեոն է այցելել Արցախի իշխանության ներկայացուցիչները։ Արցախի նախագահ Սամվել Շահրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, թե «արցախցիները չեն կռվել, փախել են, ճողոպրել են»՝ ակնարկելով Արցախի ղեկավարությանը։
Այս առնչությամբ Շահրամանյանն ասաց․«Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու։ Ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, որոնք ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և անհանդուրժողականություն սերմանել մեր հասարակության մեջ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում»։
Ինչ վերաբերվում է նրան, որ «արցախցիները փախան, ճողոպրեցին», Շահրամանյանն ասաց․«Ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ եթե դա վերաբերում է 2020 թվականի պատերազմին, իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը և օկուպացված են այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որ Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը ես թողնում եմ մեր հասարակությանը»։
Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ արցախյան շարժման շարունակելը կնշանակի պատերազմ, Շահրամանյանն ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Իհարկե մենք այսօր հասկանում ենք նաև Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները և փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետ վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»։
Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը վստահեցնում է, որ 2023-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունն ինքնուրույն է որոշում կայացրել, ՀՀ-ն այդ հարցում որևէ միջամտություն չի ունեցել, ըստ Փաշինյանի՝ Արցախի նախագահն այն ժամանակ ասել է, որ «Հայաստանը կապ չունի», Շահրամանյանը պատասխանեց․«Թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրար հետ համագործակցել են ցանկացած պարագայում ու ցանկացած ժամանակահատվածում, և՛ խաղաղ պայմաններում, և՛ ռազմական գործողությունների ժամանակ։ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է, այդ թվում՝ անվտանգության, և բոլոր հարցերը քննարկվում և համաձայնեցվում էին Հայաստանի իշխանությունների հետ»։
Նրա պնդեց՝ որ նույնը եղել է նաև 2023-ին, և այդ ժամանակ՝ Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման օրերին նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ Արցախում այդ օրերին իշխանափոխություն է եղել, նոր իշխանությունը՝ Սամվել Շահրամանյանն է հրամանագրով լուծարել Արցախը, վերջինս պատասխանեց․«Մինչև բռնի տեղահանումը վերջին 9-10 ամիսներին Արցախի ժողովուրդը բլոկադակի մեջ էր։ Արդեն հունիսի 15-ից Հակարիի կամրջի դրոշի հետ կապված միջադեպից հետո մենք հայտնվել ենք լիակատար շրջափակման ու պաշարման մեջ։ Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու դիրքորոշումը․․․ նախկինում ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ Ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես են մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Հրաժարականի բոլոր փորձերը շրջափակման վերջին ամիսներին են եղել։ Վերջին անգամ, որ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա, հիմնավորում էր, որ կորցրել է ժողովրդի վստահությունը, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գորոծղություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ իրավիճակից, որևէ ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ քաղաքական գործիչների՝ նախկին նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից ես չեմ տեսել։ Վերջին ամիսներին Արայիկ Հարությունյանը զբաղված էր թեկնածուների որոնումների հարցով։ Անվազն հինգ-վեց հոգու հետ քննարկել է այդ հարցը»։
Շահրամանյանը հայտարարեց՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունը, թե Արցախում բռնի իշխանափոխություն է եղել, իրականությանը չի համապատասխանում, ասաց՝ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտնել, որը Արցախի խորհրդարանում կստանար բավական ձայներ ընտրվելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ էր հինգ քաղաքական ուժերից առնվազն չորսի համաձայնությունը․«Ամենամեծ ուժը Հարությունյանի «Ազատ Հայրենիք» խմբակցությունն էր, որը միաձայն սատարել է որոշմանը։ Ասում են Դաշնակցությունը իշխանություն է զավթել, հիշեցնեմ՝ Դավիթ Իշխանյանը Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել, ընտրվել է անձամբ Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ ու խնդրանքով»։
Նա, անդրադառնալով այն հայտարարություններին, թե «արցախցիները պիտի դուրս չգային, մնային մինչև վերջ պայքարեին», Շահրամանյանն ասաց․«2023 թվականը 2020-ի պատերազմի հետևանքն էր։ Եթե պիտի մնայինք ու մինչև վերջ պայքարեինք, դա պիտի անեինք 2020 թվականին, երբ ավելի լավ պայմաններում ենք եղել, հանձնված չի եղել Աղդամը, Քելբաջարը, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Լաչինի տարածքը, ադրբեջանցիները չէին գտնվում Շուշիում և երբ արցախցիները չէին գտնվումլիակատար շրջափակման մեջ»։
Շահրամանյանը նշեց, որ 2023-ի սեպտեմբերի 20-ին ադրբեջնական ագրեսիան դադարեցնելու հետո Բաքուն Արցախին է ներկայացրել պահանջ․«Փաստաթուղթ էր, որտեղ նշված էր՝ հաշվի առնելով նոր հանգամանքները,որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի լիիրավ սուվերենիտետը Արցախի նկատմամբ, դուք պետք է անեք այս, այս, այս գործողությունները և լուծարեք Արցախի Հանրապետությունը։ Ի միջիայլոց, դա եղել է պահանջ, որ դա պետք է լինի Արցախի Հանրապետության ԱԺ հռչակագիր։ Մեզ համար կարևորն այն էր, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ իշխանությունը»։
Լրագրողը կրկին հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ «վերջին որոշումը կայացրել է ինքն իրենով,չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել։ Ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ ՀՀ-ն ինչ դեր ունի այդ ամենում, ինքն ասել է՝ ոչ մի կապ, ոչ մի դեր։ Ասել եմ՝ էդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք, կայացրեք»։ Ի վերջո ո՞ւմ հետ է խորհրդակցել Շահրամանյանը, այդ հարցին ի պատասխան վերջինս ասաց․«Սեպտեմբերի 19-ին, երբ ռազմական գործողությունները սկսվել են, մենք պարբերաբար քննարկել ենք տարբեր հարցեր, սեպտեմբերի 20-ին մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել կանգնեցնելու ռազմական գործողությունները; Դրա մասին եղել է բանավոր հայտարարություն՝ ռուսական խաղաղապահ զորքերի, ադրբեջանական և արցախյան կողմի։ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ եղել է այն, որ այդ փաստաթղթում ներառվի այն, որ Արցախից դուրս են բերվում ՀՀ զինված ուժերի մնացորդները, քանի որ նման բան նախատեսված է նաև 2020-ի նորյեմբերի 9-ի փաստաթղթով։ Մեզ համար անընդունելի է եղել նման ձևակերպումը, մենք նաև փորձել ենք ադրբեջանական ու ռուսական կողմի հետ բանակցություններում փոխել, այդ փոխված տարբերակներն էլ ենք ուղարկել ՀՀ իշխանություններին, որպեսզի դիրքորոշում հայտնեն։ Բայց քանի որ ռազմական գործողությունները դադարեցնելու համար Ադրբեջանի պահանջներից էր փաստաթղթում տեղ գտնի այդ ձևալերպումը, ես խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ինձ հարցրել է՝ դուք ստորագրո՞ւմ եք այդ փաստաթուղթը։Ասել եմ՝ ոչ, դա բանավոր հայտարարություն է։ Ինքն ասաց, որ հաջորդ օրը կհայտարարի, որ ՀՀ-ն Արցախում զինված ուժեր չունի։ Ինչն էլ արել է։ Մենք մեր բոլոր քայլերը համաձայնեցնում էինք, և փորձում էինք այնպես անել, որ ռազմական գործողությունները չտեղափոխվեն ՀՀ տարածք, քանի որ այդ վտանգն իրական էր, Վարդենիսի ու Սյունիքի ուղղությամբ կային մեծ կուտակումներ»։
