Աշխարհաքաղաքական շրջադարձ․ Ի՞նչ են առաջարկում Հայաստանի ընտրություններին մասնակցող ուժերը արտաքին քաղաքական ճակատում | Region

Աշխարհաքաղաքական շրջադարձ․ Ի՞նչ են առաջարկում Հայաստանի ընտրություններին մասնակցող ուժերը արտաքին քաղաքական ճակատում

Մայիս 19,2026 21:42

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ունեն վճռորոշ նշանակություն, և պատահական չէ, որ որքան մոտենում է ընտրության օրն, այնքան «ալեկոծվում է» քաղաքական դաշտը․ սկանդալներ, մեղադրանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ ու ձերբակալություններ։ Ամենօրյա ռեժիմով սկանդալային աղմուկում քիչ է խոսվում կուսակցությունների ծրագրերի մասին։

RegionsTV-ն այս անգամ ներկայացնում է ընտրություններին մասնակցող  քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տեղ գտած արտաքին քաղաքականությանը վերաաբերյալ առաջարկները։ Թեև մասնակիցների ծրագրերն առաջին հայացքից բազմազան են, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում առկա են զգալի համընկնումներ, մինչդեռ աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության    մի քանի արմատական տարբերություններ կան։

Խաղաղության բանաձևը. Ո՞վ է երաշխավորը

Ամենաարմատական տարբերությունը քաղաքական ուժերի միջև դրսևորվում է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մեխանիզմների և դրա երաշխավորների ընտրության հարցում:

  • «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հանդես է գալիս բոլորովին այլ մոտեցմամբ. նրանք կարծում են, որ խաղաղության հասնելու համար հարցերը պետք է լուծվեն անմիջականորեն երկու երկրների միջև՝ առանց որևէ միջնորդի: ՔՊ-ի նպատակն է սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելու կարողության ձևավորումը:
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հակադրվում է այս թեզին՝ պնդելով, որ առանց միջնորդների կամ միայն մեկ երաշխավորի առկայությամբ խաղաղությունը կլինի խոցելի: Նրանք հարատև խաղաղության հրամայականը տեսնում են մեկից ավելի երաշխավորների ներգրավմամբ, որոնք կունենան հստակ իրավաբանական պարտականություններ: Այս տեսակետը կիսում է նաև «Հայաստան» դաշինքը, որը խաղաղության հաստատումը պայմանավորում է միջազգային գործուն երաշխիքներով և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի պարտադիր դուրսբերմամբ:
  • «Միասնության թևեր» կուսակցությունը շեշտը դնում է «բանակցված և ոչ թե պարտադրված» անվտանգային ճարտարապետության վրա, սակայն նրանց ծրագրի ամենավիճելի կետն այն է, որ նրանք միանշանակ պնդում են, որ ազատելու են Հայաստանի ինքնիշխան տարածքները ադրբեջանական օկուպացիայից:
  • «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն առաջարկում է հավասարակշռված մոտեցում՝ խաղաղությունը չպետք է լինի միակողմանի զիջումների հաշվին, այլ պետք է հենվի սեփական պաշտպանական ուժի և միջազգային միջնորդական ձևաչափերի վրա:

Աշխարհաքաղաքական կողմնորոշում. ԵՄ, ԵԱՏՄ, Ռուսաստան և ԱՄՆ

Արտաքին վեկտորների հարցում հայաստանյան քաղաքական ուժերին կարելի է բաժանել երեք խմբի՝ «եվրոինտեգրման կողմնակիցներ», «ռազմավարական հավասարակշռողներ» և «կոշտ արևմտամետներ»:

«Քաղաքացիական պայմանագիր»

  • ԵՄ. Շարունակել բարեփոխումները: Եթե ԵՄ-ն պատրաստ լինի ընդունել, կդիմեն լիարժեք անդամակցության համար:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Քանի դեռ ԵՄ բարեփոխումները համատեղելի են, կմնան ԵԱՏՄ անդամ: ՌԴ-ի հետ նախատեսում են կառուցողական տրանսֆորմացիա:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. Զարգացնել գոյություն ունեցող հարաբերությունները:

«Ուժեղ Հայաստան»

  • ԵՄ. Խորացնել համագործակցությունը:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Մաքսիմալ օգտագործել ԵԱՏՄ տնտեսական շուկան, իսկ ՌԴ-ի հետ կապը զարգացնել ռազմավարական մակարդակով: Նպատակ ունեն բարձրացնել ՀԱՊԿ արդյունավետությունը:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնել ժողովրդավարական սկզբունքներով:

«Միասնության թևեր»

  • ԵԱՏՄ վերաարժևորել անդամակցությունը։
  • ԱՄՆ/ԵՄխորացնել կապը՝ Հայաստանի շահերին համապատասխան
  • Այլ երկրներ ներգրավվել և կառուցողական երկխոսություն ծավալել տարածաշրջանային բոլոր երկրների, միջազգային այլ գործընկերների և դերակատարների հետ արժանապատիվ խաղաղությունը երաշխավորելու համար։

«Հանրապետություն»

  • ԵՄ. Ամրակայել նախադրյալները ԵՄ անդամակցության համար մինչև 2032 թ., ավարտել SEPA-ն և վիզաների ազատականացման գործընթացը:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Դուրս գալ ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից մինչև 2031 թ.: Չեղարկել ՌԴ-ի հետ անկախացումից հետո կնքված հին պայմանագրերը և կնքել նոր համաձայնագիր:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. Ռազմավարական գործընկերություն հաստատել Իսրայելի և արաբական այն երկրների հետ, որոնց հետ կան շահերի համընկնումներ:

«Հանուն Հանրապետության»

  • ԵՄ. Ձգտել ԵՄ լիիրավ անդամակցության և մեկնարկել Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) շուրջ բանակցությունները:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Միանշանակ ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Ռուսաստանի հետ կառուցել բացառապես հորիզոնական հարաբերություններ՝ առանց որևէ կախվածության:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. Ռազմավարական դաշնակցություն ԱՄՆ-ի հետ և ՆԱՏՕ-ի անվտանգային հեռանկար:

«Հայաստան» դաշինք

  • ԵՄ. Ծավալել փոխշահավետ հարաբերություններ և հասնել ԵՄ վիզաների ազատականացմանը:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Նոր որակի դաշնակցային հարաբերությունների ձևավորում ՌԴ-ի հետ՝ ներառյալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Նպատակ ունեն ինտեգրվել BRICS-ի տնտեսական շուկաներին:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. Ռազմավարական գործակցության խորացում Չինաստանի, Իրանի և ԱՄՆ-ի հետ:

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)

  • ԵՄ. Ունենալ վստահելի և կանխատեսելի հարաբերություններ ԵՄ-ի հետ:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Պահպանել չեզոքություն Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտությունում և զարգացնել փոխշահավետ գործընկերություն ՌԴ-ի հետ:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. Ապահովել հավասարակշռված կապեր ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ՝ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով:

Ազգային ժողովրդավարական բևեռ (ԱԺԲ)

  • ԵՄ. Ամրապնդել և խորացնել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական վերաիմաստավորում՝ բացառելով ցանկացած կախվածություն, ինչպես նաև գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մասնակցության վերանայում:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. Ռազմավարական համագործակցության զարգացում ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ:

«Ժողովրդավարական համախմբում»

  • ԵՄ. Բազմավեկտոր հարաբերությունների շարունակական խորացում ԵՄ-ի և անդամ պետությունների հետ:
  • ԵԱՏՄ / ՀԱՊԿ / Ռուսաստան. ՌԴ-ի հետ բազմամակարդակ հարաբերությունների հետևողական խորացում: Որդեգրել սկզբունք, ըստ որի՝ ՀՀ-ն չպետք է առաջնորդվի «հակա»-ների (հակառուսականություն, հակաարևմտականություն) քաղաքականությամբ:
  • ԱՄՆ և այլ կենտրոններ. ԱՄՆ-ի՝ որպես կարևորագույն ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի:

Տարածաշրջանային ենթակառուցվածքներ. «Խաղաղության խաչմերուկից» մինչև «TRIPP+BRICS»

Հայաստանի տնտեսական ապաշրջափակման և տարանցիկ ուղիների վերաբերյալ ուժերն առաջարկում են ուշագրավ և հաճախ գլոբալ նախագծերի վրա հիմնված հայեցակարգեր.

  • «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է առաջ մղել իր հանրահայտ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարևորելով տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, TRIPP նախագծի կյանքի կոչումն ու Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը: Տարածաշրջանայնացման համատեքստում նրանք աջակցում են 3+3 ձևաչափին (որտեղ ՌԴ ներգրավվածությունը կարևորում են ՀՀ-ՌԴ հարաբերությունների տրանսֆորմացիայի համար) և հայտարարում «Տարածաշրջանացում-2» հայեցակարգի մասին (Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Սաուդյան Արաբիա և Պակիստան):
  • Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է գալիս «Երկիր-կամուրջ» հայեցակարգով և առաջարկում ստեղծել «TRIPP+BRICS» համակարգ: Նրանց նպատակն է կառուցել Հայաստանն Իրանին կապող երկաթուղի միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ, ինչը թույլ կտա հաղթահարել ծովից կտրված երկրի կարգավիճակը և հավասարակշռել գերտերությունների շահերը ՀՀ տարածքում:
  • «Հայաստան» դաշինքը, ի տարբերություն այլ ուժերի, որպես գլխավոր առաջնահերթություն է դիտարկում Աբխազիայով անցնող երկաթուղային կապի վերականգնումը՝ միաժամանակ կարևորելով սահմանագծումն ու սահմանազատումը բացառապես միջազգային իրավական հիմքերով:
  • «Միասնության թևեր» և «Հանրապետություն» կուսակցությունները նույնպես պաշտպանում են ԱՄՆ վարչակազմի TRIPP նախաձեռնությունը, սակայն «Միասնության թևեր»-ը շեշտում է, որ այս ծրագիրը պետք է լավարկվի այնպես, որ երաշխավորի ՀՀ ինքնիշխանությունն ու սահմանների անքակտելիությունը: «Միասնության թևերը» նշում է, որ կողմնակից է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը և բազմազանեցմանը և այդ հարցում բարձր է գնահատում ԵՄ ու ՌԴ համապատասխան հանձնառությունները։

Հարևաններ (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան)  

Հարևանների հետ հարաբերություններում ընդհանուր մոտեցումն այն է, որ Վրաստանի և Իրանի հետ կապերը պետք է խորացվեն, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի։

  • «Ուժեղ Հայաստան»-ն ու «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու սահմանների բացմանը առանց նախապայմանների, բայց «Ուժեղ Հայաստան»-ը հատուկ ընդգծում է՝ «բացառելով պատմական ճշմարտության ու ազգային արժանապատվության զիջումը»:
  • ՀԱԿ– ը կհարգի Հայաստանի ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունները, կշարունակի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
  • «Ժողովրդավարական համախմբումը»-ը նպատակ ունի տարածաշրջանի բարեկամ երկրների (Վրաստան և ԻԻՀ) հետ հարաբերությունները բարձրացնել  ռազմավարական մակարդակի։
  • «Հանուն հանրապետության»- սահմանների բացում եւ TRIPP նախագծով փոխկապակցվածության ստեղծում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
  • «Բարգավաճ Հայաստանը»-ը գտնում է, որ ՀՀ-ի համար համագորխակցության հիմնական ուղղություններից են՝ ՌԴ-ն  ու Իրանը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներն են, Վրաստանի հարցում նշում է՝  տրանսպորտային միջանցքների, տարանցման, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում։

Ռեֆորմիստները ԿԸՀ նեկայացրած ծրագրում վեց տողով վեց կետ են նշել, արտաքին քաղաքականության վերաբերյալ կետ չկա։

Այս հոդվածում ներկայացրել ենք այն ուժերին, որոնք հրապարակել են իրենց ծրագրերը։

Տիրուն Մարգարյան

Նորություններ