Անդրիաս Ղուկասյան. «Օրակարգում Հայաստանի հետագա զարգացման հարցն է․ կհասնի՞ Փաշինյանը Կրեմլի ճանաչմանը և ի՞նչ գնով» | Region

Անդրիաս Ղուկասյան. «Օրակարգում Հայաստանի հետագա զարգացման հարցն է․ կհասնի՞ Փաշինյանը Կրեմլի ճանաչմանը և ի՞նչ գնով»

Հունիս 20,2026 21:45

Հայաստանի իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար Կրեմլն ու Ռուսաստանի ղեկավարությունը գլխավոր ռազմավարական գործընկերն են։ Նրանց լեգիտիմությունն և պայմանավորվածություններ ձեռք բերելու ունակությունը Կրեմլի կողմից ընդունումն ու ճանաչումը չափազանց կարևոր է, քանի որ դրանից շատ բան է կախված նրանց արտաքին ու ներքին քաղաքականությունում։ Նման տեսակետ RegionsTV-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարևոր է, որ Ռուսաստանը ճանաչի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և եթե չճանաչի, ապա ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա։

Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի համար այնքան էլ կարևոր չէ՝ Ռուսաստանի Դաշնությունը կշնորհավորի՞, թե՞ ոչ, բայց իշխող կուսակցության համար դա սկզբունքային նշանակություն ունի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Նշենք, որ նախկինում՝ մինչև 2018 թվականը, չնայած ընտրակեղծիքների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններին, Պուտինը, որպես կանոն, ընտրությունների անցկացումից արդեն մեկ-երկու օր անց շնորհավորում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Իսկ ահա 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում, Կրեմլի շնորհավորանքը հետևեց միայն երեք շաբաթ անց։

2021 թվականի արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց չորս օր անց։

Այս տարվա Այս տարվա հունիսի 7-ի ընտրությունների առթիվ Կրեմլից դեռևս շնորհավորանք չի հնչել։ Հակառակը, սպառնալիքներ ու կասկածներ են հնչում։ ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ «ՌԴ-ն չի ընդունում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները որպես արդար և օբյեկտիվ։ Սակայն ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հաշվի առնելով երկրների միջև դաշնակցային հարաբերությունները»։

Ավելին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընտրությունների հաջորդ օրը հայտարարել է․«Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում»:

Հիշեցնենք, որ նախքան ընտրությունների օրը, ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը Պուտինը հորդորեց թույլ տալ ռուսամետ ուժերին մասնակցել ընտրություններին՝ ակնարկելով «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին։

«Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,-ասել էր Պուտինը։ Փաշինյանն էլ պատասխանել էր,, որ «ոուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»։

 

Հիշեցնենք նաև, որ քարոզարշավի ընթացքում Մոսկվայից սպառնալիքներ էին հնչում․ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ-ին կոչ էին անում արագ որոշում կայացնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, ռուսական միջամտությունն ու սպառնալիքն է՛լ ավելի խորացավ՝ սահմանափակվեցին կամ արգելվեցին հայկական արտադրության որոշ ապրանքների արտահանումը դեպի ՌԴ։

Փաշինյանը հունիսի 7-ին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ որևէ լարվածություն չկա․«ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ ֆոն և հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են որոշակի լարվածություն ստեղծել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ սերտ հարաբերություններ ունենք»։

Ընդ որում, ՔՊ-ից պնդում են, որ ամեն ինչ կկարգավորվի ընտրություններից հետո, երբ ՔՊ-ն հաղթի։

Այդուհանդերձ, ինչ սպասել Կրեմլից, արդյոք ՌԴ-ից կողմից ընտրությունները արդյունքներն ընդունելը կարևո՞ր է, և դրանք ընդունել կամ չընդունելն ինչպես կազդի Հայաստանի վրա։

Ղուկասյանի կարծիքով՝ դա արմատական ազդեցություն կունենա հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա, եթե Կրեմլը չճանաչի Հայաստանի ղեկավարությունը, նոր կառավարության լեգիտիմությունը.«Դա կնշանակի, որ «և՛-և՛»-ի դարաշրջանը, այսինքն՝ այն արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում էր և՛ համագործակցություն Արևմուտքի հետ, և՛ համագործակցություն Ռուսաստանի հետ, ավարտվել է, և սկսվել է «կա՛մ-կա՛մ»-ի դարաշրջանը կամ, այսպես ասած, ժամանակաշրջանը։ Ռուսաստանի ղեկավարությունն այս հարցը դրեց Փաշինյանի առաջ ընտրությունների ժամանակ։ Այս հարցը, ի դեպ, դրեցին Եվրասիական միության անդամ մյուս պետությունների ղեկավարները. Հայաստանի ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի իր դիրքորոշումը հստակեցնելու համար»։

Քաղաքագետը նշեց, որ եթե նոր ղեկավարությունը մտադիր է շարունակել Եվրոպական միության հետ համագործակցության քաղաքականությունը, ամրապնդել այդ քաղաքականությունը, ապա, ռուսական կողմի կարծիքով, նախ՝ պետք է հարցնի ժողովրդին, այսինքն՝ այդ հարցով հանրաքվե անցկացնի։

«Իսկ երկրորդը՝ սկսի տնտեսական, քաղաքական, ռազմական այն կառույցներից դուրս գալու գործընթաց, որոնք Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի միջոցով կապում են Ռուսաստանի Դաշնության և նախկին ԽՍՀՄ մյուս պետությունների հետ։ Իսկ սա հայկական քաղաքական համակարգի համար կլինի հիմնավորապես նոր, արմատական իրավիճակ»,-ասաց քաղաքագետը։

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ պատմականորեն Հայաստանը միշտ հավասարակշռել է «և՛-և՛»-ի՝ Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցության համադրման քաղաքականության վրա։

Ըստ նրա՝ առաջնահերթությունը, անշուշտ, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն էին, և այդ առաջնահերթությունն արտահայտված է ռազմական, տնտեսական և այլ պայմանագրերում, որոնք Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի, անմիջապես Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ-ի հետ և այդպես շարունակ։

Ղուկասյանի խոսքով՝ այժմ օրակարգում Հայաստանի հետագա զարգացման հաջորդ քայլերի վերաբերյալ հարցն է․«Եվ, ակնհայտորեն, այս հարցը կապված է այն բանի հետ, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունը կհասնի Կրեմլի կողմից ճանաչման։ Եթե հասնի, ապա ի՞նչ գնով»։

Անդրիաս Ղուկասյանը դժվարացավ ասել, թե որ ուղին կընտրի Հայաստանի ղեկավարությունը։ Նրա կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունը կառչած է «և՛-և՛»-ի հավասարակշռության պահպանումից։ Նա հիշեցրեց՝ընտրությունների ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենց օրակարգում ինքնորոշման հարց չկա, այսինքն՝ նրանք չեն պատրաստվում, մտադիր չեն այս տարի և մոտակա ժամանակներս հանրաքվեի դնել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցը և այլն․«Այսինքն՝ իր բոլոր հայտարարություններով Փաշինյանը փորձում էր ընդգծել, որ ինքն ունի ազնիվ և արդյունավետ հարաբերություններ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ, ում հետ 8 տարվա ընթացքում 200 անգամ խոսել է հեռախոսով։ Սա թերևս ռեկորդ է ԱՊՀ պետությունների շարքում։ Իսկ այժմ կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, շատ դժվար է»։

Քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը առանց Ռուսաստանի, առանց կրեմլյան վերնախավի հետ համագործակցության դժվար թե կարողանա որևէ քաղաքական շարունակություն ունենալ.«Նրա ամբողջ քաղաքական կենսագրությունը, իշխանության 8 տարիները սերտորեն կապված և շաղկապված են Կրեմլի հետ համագործակցությանը։ Փաշինյանի համար, ով այս 8 տարիների ընթացքում իրեն այդքան ուժեղ կապել է Կրեմլին, այնպիսի սցենարը, թե նա դուրս կգա ազատ նավարկության և կվարի ինչ-որ անկախ քաղաքականություն, ես քիչ հավանական եմ համարում»։

 Զաբելա Ավագյան

 

 

Նորություններ