«Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու»․ Դենիս Ջորկաեֆին առաջադրել են ՀՖՖ նախագահի թեկնածու
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբորը՝ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը, ով մոր կողմից հայկական արմատներ ունի, «Սյունիք» ֆուտբոլային ակումբը առաջադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում։
«Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն»,- այս մասին սոցիալական ցանցում գրել է Դենիս Ջորկաեֆն ու նշել, որ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու։
«Պատիվ ունեմ հայտնելու, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։ Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։
Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Եղել եմ ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ֆրանսիայում զբաղեցրել եմ փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել եմ որպես ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական։ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։
Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։
Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար։
Որպես անկախ թեկնածու՝ ես ունեմ հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնեմ առաջիկա օրերին։ Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու։ Շնորհակալություն եմ հայտնում «Սյունիք» ֆուտբոլային ակումբին՝ վստահության համար, և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցելու ինձ այս ճանապարհին։
Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն»,-գրել է Ջորկաեֆը։
Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։
Նա դեկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում առաջադրված երկրորդ թեկնածուն։
ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 26-ին։ Մյուս թեկնածուն Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարանն է։ ՀՖՖ ընտրական կոմիտեն պետք է մինչև նոյեմբերի 30-ը ստուգի թեկնածուների՝ ընտրվելու իրավունքն ու կանոնադրական պահանջներին համապատասխանությունը։
«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս հաշվի են առել նրա փորձը ֆուտբոլի կառավարման ոլորտում, միջազգային կապերը, ինչպես նաև Հայաստանում աշխատելու պատրաստակամությունը։
«Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել»,-նշված է հայտարարությունում։
