Անցած տարվա վերջից Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 15 լրագրող | Region

Անցած տարվա վերջից Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 15 լրագրող

Մայիս 05,2024 14:00

– Ադրբեջանում լրագրողների զանգվածային ձերբակալություններ.

– ԶԼՄ-ների ազատությունը ԵՄ-Ադրբեջան երկխոսության կենտրոնում.       

Աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, ԶԼՄ-ները ենթարկվում են գրաքննության, տուգանքների, հարկադիր փակման կամ գործունեության կասեցման, իսկ լրագրողները, խմբագիրներն ու հրատարակիչները դառնում են հետապնդումների, հարձակումների, ապօրինի ձերբակալությունների և անգամ սպանությունների զոհ:

Անցած տարվա վերջից Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 15 լրագրող և ԶԼՄ ներկայացուցիչ: Վերջին ձերբակալվածը meclis.info կայքի հիմնադիր Իմրան Ալիևն է: Ներկայումս Թոփլում TV-ի հիմնադիր Ալեսկեր Մամեդլիի հետ միասին 5 աշխատակից գտնվում են կալանքի տակ: YouTube-ի Kanal-11 նախագծի տնօրեն Թեյմուր Քերիմովը ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից։

Անցյալ տարվա նոյեմբերից սկսած՝ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունները միջազգային արձագանք են ստացել։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ Abzas Media-ի աշխատակիցները ձերբակալվել են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կոռուպցիոն սխեմաների համարձակ հետաքննության և բացահայտման, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն թեմաների լուսաբանման համար, և որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նրանց:

Ամբողջ աշխարհի համար Ադրբեջանում խոսքի ազատության ակնհայտ դեֆիցիտի ֆոնին երկրի իշխող վերնախավը շարունակում է զեկուցել այդ ոլորտում ձեռք բերված հաջողությունների և որևէ խնդրի բացակայության մասին։ Ընդ որում, որպես հիմնական փաստարկ, որը կոչված է վերահաստատելու երկրում խոսքի ազատության հաղթանակը, պաշտոնական քարոզչությունը վկայակոչում է երկրում դե ֆակտո անկախ ԶԼՄ-ների առկայությունը։ Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում երկրում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու, մասնագիտական գործունեության համար լրագրողներին ձերբակալելու մեղադրանքները: Վերջերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը, պատասխանելով Իմրան Ալիևի ձերբակալության մասին հարցին, հայտարարել է. «Մենք ունենք ազատ մամուլ, ազատ ինտերնետ, չկա գրաքննություն, հարյուրավոր լրատվամիջոցներ, չկա ճնշում։ Եթե երկրում կա ինտերնետ, ապա մամուլի ազատության ինչ սահմանափակման մասին խոսք լինել չի կարող»։

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ, և դրա հետ կապված ԵՄ-ն չի կարող սերտ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ և կոչ է արել Եվրահանձնաժողովին դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ և այլ երկրների քաղաքացիներին:

Հատկանշական է, որ 2023 թվականին աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով հայ բնակչության տեղահանումը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքի քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնց հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Ամենամյա զեկույցում ընդգծվել է նաև ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը հայ զինվորների նկատմամբ։

 

Զեկույցում նշվում է նաև, որ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում իշխանությունները ձերբակալել են աննախադեպ թվով շիա մահմեդականների՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար։ Չնայած այս ձերբակալությունները բնութագրվում էին որպես իրանական լրտեսական ցանցերի դեմ գործողություն, մեղադրանքների ճնշող մեծամասնությունը կապված է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հետ: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունում և ամբողջ երկրում լուրջ կոռուպցիա կա:

Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու անգամ զանգահարել է Ալիևին և կոչ արել ազատ արձակել ձերբակալվածներին: Բլինքենն Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները:

Մայիսի 2-ին Բաքվում Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Պետեր Միխալկոն Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԶԼՄ-ների ազատությունն իրենց առաջնահերթություններից մեկն է: «Այս հարցը միշտ օրակարգում է, և Ադրբեջանում տիրող իրավիճակը մտահոգիչ է»,-ասել է Միխալկոն:

Սակայն Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ամբողջությամբ վերահսկել տեղեկատվական տարածքը: Ճնշումը ներկայացվում է որպես ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն, բայց իրականում դրդապատճառներն այլ են. այն է՝ պաշտպանել պետական ապարատի անձնական շահերը լրատվամիջոցների վերահսկողությունից։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ