Տոռեմոլինոս քաղաքում խաչքար տեղադրվեց. շուտով պատրաստ կլինի նաև Իսպանիայում առաջին հայ առաքելական եկեղեցին
Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքի կենտրոնում, կարելի է ասել՝ ամենագեղատեսիլ հատվածում, «Հայրենիք» հայ-իսպանական միության անդամ, գործարար Հրանտ Դոլուխանյանի ջանքերով տեղադրվել է խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, բացման արարողությանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպանը, Տոռեմոլինոսի քաղաքապետը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչը, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի խոսքերով՝ Տոռեմոլինոսն այս կերպ իր համերաշխությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին։ Ի դեպ, քաղաքապետը ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022թ. ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։
Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս ամենը հաջողվել է կյանքի կոչել քաղաքային իշխանությունների ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ:
Առհասարակ, վերջին տարիներին նկատվում է Իսպանիայի և ՀՀ տարբեր քաղաքների միջև սերտ համագործակցություն: Քննարկվում է Տոռեմոլինոսը և Գառնին քույր քաղաքներ հռչակելու հարցը:
Սա դեռ սկիզբն է, ասում է Տոռեմոլինոսի քաղաքապետարանի մշակույթի բաժնի խոսնակ Նիկոլաս դե Միգելը: Շուտով երաժիշտ-երգահանների այգի է հիմնվելու Տոռեմոլինոսում, որտեղ տեղ կգտնի նաև Կոմիտասի կիսանդրին:
Տոռեմոլինոսից ոչ շատ հեռու՝ Բենալմադենայում, շարունակվում են Իսպանիայում առաջին հայ առաքելական եկեղեցու շինաշխատանքները: Դրանք գրեթե ավարտին են հասել: Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով եկեղեցին նախատեսված է օծել ապրիլի 7-ին՝ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին:
Եկեղեցու օծմանը անհամբերությամբ սպասում են Իսպանիայում ապրող հայերը, մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել, որ շինաշխատանքներն ավարտին հասցվեն:
Եկեղեցին կդառնա հայության հավաքատեղի, կլինի այն հարթակը, որտեղ իրենց հավատքն ու ինքնությունը պահելու համար կգան Իսպանիայում ապրող հայերը:
Հեղինակ՝ Արմեն Աբիսողոմյան
Օպերատոր՝ Գարեգին Գամազյան