Meta-ն Facebook-ում հղումների տարածման սահմանափակում է մտցրել․ Արթուր Պապյանը ներկայացրել է՝ ինչ պետք է անեն լրատվամիջոցները | Region

Meta-ն Facebook-ում հղումների տարածման սահմանափակում է մտցրել․ Արթուր Պապյանը ներկայացրել է՝ ինչ պետք է անեն լրատվամիջոցները

Նոյեմբեր 26,2026 14:02

Լուսանկարը՝ արհեստական բանականության

Հայկական մի շարք լրատվամիջոցների Facebook-յան էջերում հղում պարունակող հրապարակումներ կատարելիս հայտնվում է ծանուցում՝ ամսական ընդամենը երկու անվճար հղում տեղադրելու սահմանափակման և Meta One վճարովի բաժանորդագրության առաջարկի մասին։

Խնդրին անդրադարձել է մեդիա փորձագետ Արթուր Պապյանը՝ ներկայացնելով, թե ինչով է պայմանավորված սահմանափակումը, արդյոք այն վերաբերում է լրատվամիջոցներին և ինչ քայլեր պետք է ձեռնարկեն խմբագրությունները՝ հնարավոր սահմանափակումներից խուսափելու համար։

Պապյանի խոսքով՝ թեև Meta-ն պաշտոնապես հայտարարել է, որ լրատվական հրատարակիչները բացառություն են կազմում, համակարգի ավտոմատ աշխատանքի հետևանքով սահմանափակումը կարող է տարածվել նաև լրատվամիջոցների էջերի վրա։

Նա ներկայացրել է խնդրի պատճառները, էջերի կարգավիճակը ստուգելու և ուղղելու քայլերը, ինչպես նաև ընդգծել, որ լրատվամիջոցները պետք է զարգացնեն լսարանին հասնելու այլընտրանքային հարթակները։

Արթուր Պապյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև։

Վերջին օրերին հայկական մի շարք լրատվամիջոցներից ահազանգեր ու հարցումներ եմ ստացել այն մասին, որ Facebook-ում հղումով (link) հրապարակում անելիս իրենց էջերում հայտնվում է զգուշացում՝ ամսական ընդամենը 2 անվճար հղում տեղադրելու սահմանափակման և Meta One վճարովի բաժանորդագրության անցնելու առաջարկի մասին։

Քանի որ խնդիրը վերաբերում է ամբողջ մեդիադաշտին, ամփոփեմ, թե ինչ է իրականում տեղի ունենում և ինչ պետք է անել հենց հիմա․

1. Ի՞նչ է Meta One-ի սահմանափակումը**

Meta-ն ներդրել է նոր կանոն, որով բիզնես և ստեղծագործողների (Creator) էջերին առանց վճարովի բաժանորդագրության թույլատրվում է ամսական տեղադրել արտաքին հղում պարունակող ընդամենը 2 օրգանական հրապարակում կամ մեկնաբանություն (այսինքն՝ հղումը առաջին մեկնաբանության մեջ դնելու հին հնարքն էլ այլևս չի աշխատում)։ Անսահմանափակ հղումների համար Meta-ն առաջարկում է բաժանորդագրություն՝ մինչև ամսական $499.99 արժողությամբ։

2. Արդյո՞ք սա վերաբերում է լրատվամիջոցներին**

Պաշտոնապես Meta-ն հայտարարել է, որ լրատվական հրատարակիչները (News Publishers) բացառություն են կազմում և այս սահմանափակումը նրանց վրա չպետք է տարածվի։ Սակայն իրականում համակարգը գործում է ավտոմատ և հաճախ սխալմամբ արգելափակում է նաև լրատվամիջոցներին՝ երկու հիմնական պատճառով․

⚬ Սխալ կատեգորիա էջի կարգավորումներում. Շատ լրատվամիջոցներ ժամանակին իրենց էջը գրանցել են որպես News Personality (Ведущий новостей), Community, Blogger կամ Non-profit organization։ Meta-ի ալգորիթմը News Personality-ն ընկալում է ոչ թե որպես լրատվամիջոց, այլ որպես առանձին լրագրողի անձնական բլոգ, որի վրա սահմանափակումը գործում է։

⚬ Ալգորիթմի սխալ դասակարգում. Նույնիսկ եթե էջի կատեգորիան արդեն Media է, Meta-ի ավտոմատ համակարգը միշտ չէ, որ ճանաչում է փոքր կամ ոչ անգլալեզու շուկաների խմբագրություններին որպես ինստիտուցիոնալ լրատվամիջոց։

3. Ինչպե՞ս ստուգել և ուղղել էջի կարգավիճակը**

Եթե ձեր խմբագրության էջում արդեն հայտնվել է այս ծանուցումը (կամ ուզում եք կանխարգելել այն), արեք հետևյալ քայլերը․

⚬ Ստուգեք և փոխեք էջի կատեգորիան. Մտեք էջի կարգավորումներ (About → Contact and basic info → Category) և համոզվեք, որ ընտրված է Media/News Company (Медиа-/новостная компания), News & Media Website (Новостной сайт) կամ Broadcasting & Media Production Company (Телерадиовещательная и медийная компания)։ Հեռացրեք News Personality կամ նմանատիպ անհատական/համայնքային կատեգորիաները։

⚬ Հաստատեք դոմենը (Domain Verification). Meta Business Settings → Brand Safety & Suitability → Domains բաժնում ստուգեք, որ ձեր կայքի դոմենը հաստատված (Verified) լինի և կցված լինի հենց ձեր լրատվամիջոցի Facebook էջին (Connected Assets)։

⚬ Անցեք Business Verification. Business Settings → Security Center բաժնում հաստատեք լրատվամիջոցի իրավաբանական անձը։

⚬ Դիմեք Meta-ի աջակցման թիմին (Support). Եթե կատեգորիան ճիշտ է, բայց սահմանափակումն արդեն միացել է, բացեք հայտ business.facebook[.]com/help հարթակում և պահանջեք վերանայել էջի դասակարգումը՝ նշելով, որ դուք գործող լրատվական հրատարակիչ եք և ենթակա եք բացառման (News Publisher exemption)։

**Կարևոր զգուշացում**

Անգամ եթե այսօր կարգավորեք ամեն ինչ և ստանաք բացառման կարգավիճակ, պետք է հաշվի առնել, որ Meta-ի ներկայացուցիչներն իրենք են ընդգծում՝ լրատվամիջոցների համար արված այս բացառությունը ժամանակավոր է («for now»)։

Այս իրավիճակը հերթական հստակ ազդակն է հայկական մեդիադաշտի համար․ սոցիալական ցանցերի ալգորիթմներից ու կանոնների փոփոխությունից կախվածությունը դառնում է գոյաբանական ռիսկ։ Խմբագրությունները պետք է շատ ավելի լուրջ ու հետևողական աշխատեն սեփական, այլընտրանքային տարածման ուղիների զարգացման վրա՝ ուղիղ տրաֆիկ (direct traffic), Telegram, WhatsApp ալիքներ, էլեկտրոնային փոստի բաժանորդագրություններ (newsletters) և սեփական համայնքային հարթակներ, որտեղ ընթերցողին հասնելու համար ստիպված չեք լինի ամեն հղման համար վճարել միջնորդ հարթակին։

Նորություններ