Մենք Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու․Փաշինյան | Region

Մենք Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու․Փաշինյան

Նոյեմբեր 26,2026 15:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է TRIPP-ի վերաբերյալ իրանական որոշ շրջանակներից հնչող դժգոհություննրին։

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու»,-այսօր հայտարարել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է․«Իհարկե, ռազմական ներկայությունը բացառված է, դրա մասին ասել ենք բազմիցս»։

Փաշինյանը հավելել է, որ հայկական կողմն իր իրանցի գործընկերների հետ մշտական երկխոսության մեջ է, իսկ նախագծին վերաբերող բոլոր տեղեկությունները հրապարակային են։

Նոյեմբերի 23-ին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին  հայտարարեց, որ Իրանի սահմանին ռազմական կամ անվտանգային ուժերի ներկայությունն անընդունելի է, և Հայաստանը դրա վերաբերյալ անհրաժեշտ հավաստիացումներ է տվել։

Կրկին նույն օրը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը  հայտարարել է՝  «Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա դրանք շրջանցել՝ անկախ նրանից՝ դա Հորմուզի նեղուցից հարավ ընկած երթուղի՞ն է, թե՞ TRIPP-ը։ Դասե՛ր քաղեք Հորմուզի նեղուցից»։

Նորություններ