Դատական համակարգի վստահելիության խնդիրը նոր Սահմանադրության ընդունմամբ պետք է լուծենք․Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում արձագանքելով նոր Սահմանադրության նախագծում դատական իշխանության դրույթների վերաբերյալ քննադատություններին, ասաց՝ դատական համակարգի վստահելիության խնդիրը նոր Սահմանադրության ընդունմամբ պետք է լուծվեն։ Նա հավելեց, որ դատական համակարգի հետ կապված փոփոխությունները կառավարության համար սկզբունքային նշանակություն ունեն։
Փաշինյանի խոսքով՝ որքան դատական համակարգը բարձր խոսի փոփոխությունների դեմ, այնքան մեծանալու է հանրային կոնսոլիդացիան նոր Սահմանադրության տեքստի շուրջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի դատավորների միությունը հայտարարություն էր տարածել նախագծի վերաբերյալ, նշելով, որ դատավորներին առնչվող դրույթները սպառնալիք են դատական իշխանության անկախությանը։ Դատավորների միությունը պահանջում է նախագծից հանել դատական իշխանությանը վերաբերող վիճահարույց դրույթները։
Ըստ նրանց՝ նախագծով առաջարկվող վեթինգն ու Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը անպաշտպան են դարձնում դատավորներին, դատական համակարգը կախվածության մեջ գցում քաղաքական իշխանությունից և վտանգում քաղաքացիների՝ արդար դատաքննության իրավունքը։
Փաշինյանն ասաց, որ նոր Սահմանադրության նախագիծն աննախադեպ բան է առաջարկում, բոլոր անկախ, ինքնավար մարմիններում ընդդիմության համար նախատեսված է քվոտա՝ Բարձրագույն դատական խորհրդում, Կենտրոնական բանկի խորհրդում:
«Իհարկե, դա չի նշանակում, որ պաշտոնները քաղաքականացվում են, նման բան չի կարող լինել, բայց նաև որոշակի երաշխիքներ են ստեղծվում, որ դատական համակարգը, ԿԲ-ն այդ առումով ներառականությունը ապահովելու են»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ցանկացած հարց քննարկելի է, ընդգծելով՝ դա չի նշանակում, որ բոլոր առաջարկները լինելու են ընդունելի:
Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում է, որ բոլոր պաշտոնավարող դատավորները կենթարկվեն մեկանգամյա վերագնահատման, գործող դատավորները կստանան ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ և առաջիկա հինգ տարվա ընթացքում բարեվարքության, մասնագիտական կարողությունների և եկամուտների օրինականության ստուգում կանցնեն։
