Անկողնուն գամված հիվանդ, սեփական ատամն ինքնուրույն պլոմբելու պարտադրանք. դիտորդներն ահազանգում են «Արմավիր» ՔԿՀ-ում տիրող վիճակի մասին
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբն ահազանգում է ՝ Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալներին ոչ պատշաճ բժշկական ծառայություն են մատուցում, ծանր վիճակում գտնվող անձինք շարունակում են պահվել քրեակատարողականում։
Խմբի անդամները հայտարարություն են տարածել, նշելով, որ 2026թ․-ի նոյեմբերի 25-ին Դիտորդների խմբի անդամներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ։ Այցի ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ մտահոգիչ իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն և համապատասխան մարմինների արձագանքը։
Հայտարարության մեջ նշվում է․«Մեկին՝ ծանր, պրոգրեսիվող քրոնիկական հիվանդությամբ բանտախուց՝ բուժմասի փոխարեն, մյուսին՝ սեփական ատամն ինքնուրույն պլոմբավորելու նյութեր՝ ստոմատոլոգիական բուժօգնության փոխարեն, մեկ այլ անձին՝ բուժմասում արնախառն միզահավաք պարկով անկողնուն գամած, ով հարկադրված է ինքնուրույն փոխել սեփական տակդիրն ու դատարկել միզահավաք պարկը։
Նեյրոֆիբրոմատոզով հիվանդ ազատազրկված անձի մոտ առկա է մաշկի տարածուն ախտահարում՝ տարբեր չափերի բազմաթիվ նեյրոֆիբրոմաների տեսքով։ Վերջինս անգամ պառկել չի կարողանում, գանգատվում է դժվարացած և ցավոտ միզարձակումից՝ նշելով, որ ախտահարումներ առկա են նաև սեռական օրգանների շրջանում։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ շարունակում է պահվել բանտախցում՝ այլ ազատազրկված անձանց հետ համատեղ։
Մյուս ազատազրկված անձին տրանսգենդեր լինելու պատճառով հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը՝ պլոմբանյութը տրամադրելով տոպրակի մեջ։
Սա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական «պատշաճ բուժսպասարկման» պատկերը։
Մինչև ե՞րբ են ազատազրկված անձինք զրկվելու ոչ միայն ազատությունից, այլև բժշկական օգնություն ստանալու իրավունքից և մարդկային արժանապատվությունից։
Եվ սա դեռ ամենը չէ, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «բժշկական օգնության» մասին»։
