Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս՝ պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի․Փաշինյան | Region

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս՝ պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի․Փաշինյան

Նոյեմբեր 26,2026 14:55

«Ընտանիքով կմնանք առանց անձնագիր, բայց չենք վերցնի ծննդավայրն Ադրբեջանով անձնագրերը»,-այս մասին այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է արցախցի կինը՝ դժգոհելով, որ նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան է նշվում։ Բողոքի ցույցի մասնակից արցախցիները նշում էին, որ իրենց բռնի տեղահանել են, քանի որ չէին ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, հիմա ՀՀ-ն ստիպում է անձանգիր ստանալ, որտեղ ծննդավայրը Ադրբեջան է գրվում, ընդ որում բանկավայրի անուն չի գրվում։

Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օրերս վստահեցրել է, որ արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրը  «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային չափորոշիչներով և սահմանային խնդիրներից խուսափելու համար։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել այս խնդրին։ Ասուլիսում լրագրողները Փաշինյանին հիշեցրին, որ արցախցիները բողոքի ցույց են անում, դժգոհելով, որ գրիչի մեկ հարվածով մարդկանց դարձրել են Ադրբեջանի քաղաքացիներ։  Փաշինյանին նաև հարց ուղղվեց՝  նախորդ ասուլիսում լրագրողին վիրավորել եք, երբ Եռաբլուրի մասին հարց է տվել, այսինքն՝ եթե որևէ մեկը  այդ մասին ձեզ հարց է տալիս, ձեր խիղճը տանջո՞ւմ է, պետք է նրանց վիրավորեք, որ այլևս չխոսե՞ն այդ թեմայով:

«Իհարկե, խիղճս տանջում է: Իսկ ո՞նց էիք պատկերացնում, որ չտանջե՞ր։ Տանջում է, այո, շատ ահավոր: Այո, այդ թվում դրա համար է, որ ասում ենք, որ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Որովհետև երկուսը անհամատեղելի են իրար հետ: Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք: Շատ պարզ քաղաքական ընտրություն է։ Խոսք է գնում Եռաբլուրի ընդլայնման մասին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա երկու տարի ութ ամիս, որտեղ Եռաբլուրի ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։ Սա բացառիկ և աննախադեպ բան է»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ նոր Սահմանադության նախագծում զինանշանի մասին դրույթում  չի նկարագրվում, թե ինչ է պատկերվելու զինանշանի վրա, այսինքն, ի տարբերություն գործող Սահմանադրության, նշված չէ, որ Արարատ լեռն է լինելու զինանշանի վրա, արդյոք սա նշանակում է, որ հանվում է, Փաշինյանն ասաց՝ խորհրդանիշների հետ կապված մենք ասել ենք, որ խորհրդանիշները սահմանվում են օրենքով, իսկ այդ օրենքը ընդունվում է հանրաքվեով․«Ես բազմիցս եմ դրա մասին խոսել և այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսության մասին իմ բանախոսություններում։ Պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացին զգա իր օրգանական կապը իր պետության հետ: Մենք ոչ մի կոնկրետ առաջարկ չունենք: Մենք ասում ենք այդ օրենքը պետք է ընդունվի հանրաքվեով: Քաղաքացին, քաղաքացիները պետք է որոշեն որն են համարում իրենց դրոշը, որն են համարում իրենց զինանշանը, որն են համարում իրենց օրհներգը»:

 

Նորություններ