Մովսես Քեշիշյան. Մինչ 2022-ը, Արցախի հայաթափումը, Իրանը ստորադասում էր հայկական կողմի հետ շահերը, այսօր Թեհրանն այլ կերպ է նայում հայ-իրանական հարաբերություններին
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» և «Արաքս նյուզ» հայկական շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը Երևանում է՝ մասնակցելու Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
REGIONSTV–ի հետ առցանց զրույցում պարոն Քեշիշյանը մեկնաբանել է ռուս-իրանական հարաբերություններում վերջին շրջանում նկատելի լարվածությունն ու տարածաշրջանային զարգացումները:
Թեհրանը քննադատել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են վերականգնել Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունները:Ո՞ւմ է հատկապես ձեռնտու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը: Իրանի դիրքորոշումը հայտնի է՝ դեմ է սահմանների փոփոխությանը: Ի՞նչ քայլեր կարող է անել Իրանը, որպեսզի չիրագործվի ադրբեջանա-թուրքական եւ վերջերս էլ ՌԴ-ի կողմից արծածած «Զանգեզուրի միջանցքի» բացման ծրագիրը:
Այս հարցերին ի պատասխան պարոն Քեշիշյանն ասաց՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրագործումն, իհարկե, առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային։ Բայց այսօր երբ Ռուսաստանը ամեն կողմից հայտնվել է շրջափակման մեջ, ինչպես նկատեց պարոն Քեշիշյանը, դա ձեռնտու է նաև Մոսկվային․«Այնպես որ այսօրվա պայմաններում այս «միջանցքը» բացել ցանկանում է Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակը»:
Քեշիշյանի խոսքով՝ եթե մինչև 44-օրյա պատերազմի ավարտը Թեհրանում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները արդարացնում էին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հաշվին», ապա Արցախի հայաթափումից հետո, երբ ականատես եղան Ռուսաստանի պատեհապաշտ, հակաիրանական և թուրքամետ քաղաքականության շարունակմանը տարածաշրջանում, մանավանդ, որ ՌԴ-ի թույլտվությամբ տարածաշրջանում և Իրանի սահմանամերձ շրջաններում հայտնվել էին թուրքական, իսրայելական և ջիհադիստական ռազմական և հետախուզական ուժեր, սկսեցին վերանայել իրենց մոտեցումը և անգամ զորքերի նոր խմբավորումներ տեղակայվեցին Իրան-Ադրբեջան ընդհանուր սահմանին:
«Ինչպես նշվել է, պաշտոնական տեղեկատվությամբ՝ Իրանի վերջին հայտարարություններից, ՌԴ դեսպանի Իրանի ԱԳՆ կանչվելուց ու նաև Ահամադիան-Շոյգու հանդիպումից հետո ռուսական կողմը հավաստիացրեց, որ Մոսկվան հասկանում է Իրանի մտահոգությունը և հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և մենք հույս ունենք, որ դա այդպես է, հակառակ դեպքում պետք է սպասել իրանական կողմի որոշակի կոպիտ քայերի»-,-նշեց Մովսես Քեշիշյանը։
Քեշիշյանն ընդգծեց՝ Շոյգուն սեպտեմբերի 17-ին կրկին Իրան է այցելել, Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանում Իրանի առաջարկած միջանցքների և հաղորդակցությունների քաղաքականությանը։
Հատկանշական է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է՝ Ռուսաստանը հավատարիմ է Իրանի հետ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նախկին համաձայնագրերին: Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովան հայտարարել է, որ հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչել է որոշակի շրջանակներին, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենածիծաղելի հնարավորությունը Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ մտցնելու համար:
Այս առնչությամբ «Արաքս» շաբաթաթերթի խմբագիրն ընդգծեց․ «Թվում է ռուսական քաղաքական վերնախավը, որն ավելի շուտ օլիգարխիայի տպավորություն է թողնում, Ուկրանիայում կրած ձախողումների պատճառով, հայտնվել է անելանելի վիճակում: Մի կողմից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պարսից Ծոցի երկրների համաժողովում հայտարարում է, որ իրանապատկան երեք հայտնի կղզիները պատկանում են Արաբական Միացյալ Էմիրություններին, իսկ մյուս կողմից Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հայատարարում է, որ Ռուսաստանը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, ինչը Թեհրանում չի կարող ընդունելի համարվել և բողոքի մեծ ալիք է բարձրացրել ու պառլամենտի որոշ պատգամավորներ Իրանի ԱԳՆ-ից պահանջել են Մոսկվային բողոքի նոտա հղել և պահանջել որ հեռու մնան ոչ բարեկամական հայտարարություններից։ Ի դեպ, Շոյգուն հանդիպել է նախագահ Փեզեշքիանին: հարցը ավելի շուտ առնչվել է Իրան-Արևմուտք մերձեցմանը: Հիշեցնենք, որ Արևմուտքի կողմից ՄԱԿ-ում կամ միջազգային որևէ այ կազմակերպությունում Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաները առերես դատապարտող Ռուսաստանը, երբևէ չի բոյկոտել դրանցից որևէ մեկը և փաստորեն թույլ է տվել, որ Թեհրանը հայտնվի է՛լ ավելի կղզիացած վիճակում, որպեսզի Իրան-Արևմուտք հարաբերությունների վերականգնման հնարավորությունը հնարավորինս պակասի և Թեհրանը ավելի և ավելի կառչած լինի Մոսկվայից»։ ։
Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած BRICS-ի և գլոբալ հարավի երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների համատեղ հանդիպմանը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն առաջարկել է ստեղծել BRICS-ի անդամների կոալիցիա՝ պատժամիջոցներին հակազդելու և տարբեր ոլորտներում անվտանգության ապահովման համար՝ բազմակողմանիության և նոր կարգի հիման վրա՝ համագործակցելով գլոբալ Հարավի հետ:
Մեկնաբանելով Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարի հայտարարությունը՝ Մովսես Քեշիշյանը նշեց՝ պաշտոնական Թեհրանը, հաշվի առնելով Արևմուտքի հակաիրանական դիրքորոշումները, փորձում է տարբեր հարթակներում ներկայություն ապահովել և այդ միջոցով Արևմուտքին պարտադրել, որ հաշվի նստի Իրանի հետ, հարգի նրա իրավունքները․«Իրանն ամեն ինչ անում է՝ ցույց տալու, որ դեմ է միաբևեռ աշխարհակարգին և այդ ուղղությամբ էլ աշխատում է հարաբերություններն ընդլայնել Չինաստանի, Ռուսաստանի և հարևան երկրների հետ: Բայց, ինչպես գիտեք, անվտանգությունը չի կարող ապահովել լոկ ռազմական ուժով, այլ անհրաժեշտ է նաև հզոր տնտեսություն, որին հասնելու համար Իրանը պետք է ձերբազատվի արևմտյան անարդար պատժամիջոցներից, դրա համար էլ նոր կառավարությունը փորձում է կառավարելի դարձնել Իրան-Արևմուտք հակադրությունը»:
Ի դեպ, Բաթումում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Իրակլի Չիկովանիի հանդիպումը և ստորագրվել եռակողմ հուշագիր: Ակնհայտ է, որ Թուրքիան վերջին շրջանում փորձում է ցույց տալ իր ազդեցությունը Հարավային Կովկասում:
Այս առնչությամբ էլ պարոն Քեշիշյանն ասաց՝ Ռուսաստանի մխրճվելը Ուկրանիայի դեմ ծավալած պատերազմում, հավաքական Արևմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, շրջափակումը և թուրք-ադրբեջանական կողմի հանդեպ ունեցած ռուսական թուլությունը, Անկարային հնարավորություն է տալիս ավելի մեծ աշխուժությամբ տարածաշրջանում իրականացնել պանթյուրքիստական և իհարկե նաև տնտեսական հեռահար ծրագրեր՝ Ստամբուլից մինչև Աստանա ու Սին Կիանկ տանող գծի վրա․« Իսկ այս բոլորի միջև կաևոր միացնող օղակ է Կովկասը, որում Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը, Մոսկվայի և Բաքվի օգնությամբ կամ առանց դրա»։
Գնահատելով հայ-իրանական, ռուս-իրանական հարաբերությունները՝ արդյոք ռուս-իրանանական հարաբերություններում Իրանը ստորադասում է հայկական կողմի հետ շահերն ու հետաքրքրությունները, Մովսես Քեշիշյանն ասաց՝ հայ-իրանական հարաբերությունները դրական և զարգացող ընթացք ունեն․«Հաշվի առնելով ռուս-ադրբեջանական նկրտումները, հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ, որն ուղղակիորեն թիրախավորում է հայ-իրանական ընդհանուր շահերը, գնալով ավելի են ամրապնդվում: Եվ եթե մինչ 2022 թվականն ու Արցախի հայաթափումը, Իրանը ստորադասում էր հայկական կողմի հետ շահերն ու հետաքրքրություններն, ապա այսօր Թեհրանն ամբողջովին այլ ակնոցով է նայում հայ-իրանական հարաբերություններին, ինչը նկատելիորեն աչքի է ընկնում նաև իրանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններում»։
Զաբելա Ավագյան