Կայացավ Հայ Կաթողիկե Առաջնորդի գահակալության կարգը
Գյումրու Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում այսօր տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե Առաջնորդ՝ Տեր Գևորգ Նորատունկյանի գահակալության արարողությունը`Նորին Սրբություն Ֆրացիսկոս Սրբազան Քահանայապետի նշանակմամբ: Գահակալության հանդիսավոր կարգին ներկա էին նաև Հռոմի Պապի առաքելական նվիրակը, Արևելյան եկեղեցիների նվիրապետական քարտուղարը, Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին:
Մինչ այդ սեպտեմբերի 21-ին Հռոմի Նիկողայոս Դոլենդինացու եկեղեցում կատարվել էր Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե առաջնորդ` Արհ. Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը: Գերհ. Հայր Գևորգ Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկեների առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռին` որպես Առաքելական կառավարիչ, նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։
Այսօր ըստ կարգի, Ավետարանի ընթերցումից հետո ընթերցվեց Սրբազան Քահանայապետի Առաջնորդի նշանակման կոնդակը և ապա Հայրապետական Գահակալության Կոնդակը: Ընթերցվեցին սաղմոսներ դպիրների կողմից, ապա հնչեց Սարկավագի քարոզը:
Կարգն ընթանում էր եկեղեցու երգչախմբի քաղցրահնչյուն շարակնոց ընտրանու ներքո: Հնչեց Հայրապետի խոսքն ու աղոթքը. Տեր, կյանք տուր և ողորմություն ունեցիր…
Ծափողջյունների և եկեղեցական հնչյունների ներքո հանձնվեց Առաջնորդության գահը: Քահանայից Դասի կողմից հնչած հոգևոր երգին հավատացյալները ձայնակցում էին տեղերից: Նորօծ գահակալ Կաթողիկե Առաջնորդը իջնելով բեմից, ողջույններ փոխանցեց հավատավորներին` այնուհետև յուրաքանչյուրին նշխար ու գինի բաժանելով:
Regions tv-ի հարցին, թե ինչ մարտահրավերների առաջ եք այժմ կանգնած, պատասխանեց. «Մի մարտահրավեր, այն է` միակ Աստծո ճանապարհով գնալ, ինչ կթելադրե մեր ժողովրդի համար: Պիտի թելադրի, և հետևից պետք է վազել գնալ՝ իրականացնելու համար»:
Ելենա Ավետիսյան