Ինչի է ընդունակ սիրող կինն անգամ մահից հետո․ Գյումրու դրամատիկականը նոր թատերաշրջանը սկսում է խելահեղ կատակերգությամբ | Region

Ինչի է ընդունակ սիրող կինն անգամ մահից հետո․ Գյումրու դրամատիկականը նոր թատերաշրջանը սկսում է խելահեղ կատակերգությամբ

Սեպտեմբեր 29,2024 21:45

Թատրոնի 159-րդ թատերաշրջանի բացումն, ի տարբերություն նախորդների, այս անգամ մեկնարկեց ուրախ նոտայով` կատակերգական ներկայացմամբ: Մինչ այս թատերական բացումները  Գյումրու դրամատիկականում դրամաներով և ողբերգություններով էին սկսվում: Այս տարի թատերաշրջանի մուտքը ևս գունեղ էր ու տարբերվող՝  հնչեցին հայկական երգեր «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ, ապա կարմիր գորգ, ու դերասանական կազմը  սկսում է 159-րդ թատերաշրջանը:

Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի առաջարկով թատրոնի գեղարվեստական խորհուրդն ընդունել էր անգլիացի դրամատուրգ Նոել Քոուարդի պիեսը ժամանակակից մոտեցումներով ներկայացման վերածելու, ապա բեմադրելու գաղափարը:

«Անսպառ սիրո և փոթորիկներով լեցուն կյանքի մասին է, որը հարկ եղած դեպքում պետք  է կարողանանք փոխանցել կողակցին ու սիրելի մարդկանց: Պիեսը դրություններով է հագեցած»,-ասում է բեմադրող-ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը:

159-րդ թատերաշրջանը նշանավորող «ԽԵԼԱՀԵՂ SEANCE» լիրիկական կատակերգության առաջնախաղը, չնայած թեթևությանն ու հումորային ընթացքին, լուրջ ուղերձ ունի՝  սիրելիներին պետք է գնահատել  կենդանության օրոք և լիարժեք ապրել յուրաքանչյուր տրված օրը։ Այս միտքն է, որ վերհանվում է  ներկայացման ողջ ընթացքում, սակայն ոչ թե ուղղակիորեն, այլ հակադարձ տրամաբանություն ստեղծելով. պիեսը պատմություն է կորցրածը հետո գնահատելու մասին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝  ներկայացման մեջ փորձառու դերասանների կողքին խաղում են նաև այնպիսի դերասաններ, որոնց առաջին բեմելն է:

Հետաքրքիր սիրային եռանկյունի է կազմվում, որի անկյուններից մեկն իրականում գոյություն չունի. ունեցել է՝ այժմ չկա: Դա գլխավոր կերպարներից Չարլզի հանգուցյալ կնոջ կերպարն է, ով հայտնվում է անսպասելիորեն, և ամեն ինչ տակնուվրա անում Չարլզի հոգում` հիշեցնելով հերոսի սիրո, երջանիկ օրերի, բայց և այնպես բացթողումների մասին, որոնք այժմ շտկել հնարավոր չէ: Որքան անսպասելի է  կնոջ ուրվականի հայտնվելը, այնքան էլ նրա համար է անսպասելի Չարլզի ամուսնությունը ուրիշ կնոջ հետ և վերջինիս ներկայությունն «իր» տանը: Նոր  կնոջ համար ևս շոկային է հանգուցյալ կնոջ ուրվականի հայտնվելը, և ամուսնու նվիրումն ու հիշողությունը նրա հանդեպ:

Այս կերպարները մարմնավորում են ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն ու Հասմիկ Սուվարյանը: Հերոսի երկրորդ կնոջ դերակատարը Լիլիթ Խառատյանն է: Դերերում են նաև Արկադի Ղարագուլյանը,  ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ադելինա Հարությունյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանը, Սեդա Մկրտչյանը։

Լիրիկական ներկայացման ներքին դրաման ողջ ընթացքում ներկայացվում է հումորային քողի ներքո: Մինչդեռ  կերպարները անընդմեջ ներքին բախման մեջ են գտնվում. գուշակի հոգի կանչելու արդյունքում վերադարձել է 7 տարի առաջ մեռած կնոջ ուրվականը և տեսնում է ամուսնու նոր կնոջը, մինչդեռ ամուսնուն և  տունը իրենն է համարում` դերակատարության ընթացքում հստակ նշում է՝ այս տանը միայն մեկ կին պետք է լինի, և դա ես եմ: Ուրվականը հիշեցնում է իրենց լավ օրերը:

Այս առումով ժամանակակից մոտիվների և դերասանական վարպետության ցուցադրություն կարելի է համարել ուրվական հերոսուհու խելահեղ պարի ցուցադրությունը բեմին և աննախադեպ հաջողված  նույն պարի կրկնօրինակումը հերոսի կողմից:  Եթե նոր կինը ևս խանդով ու թշնամանքով է լցված մահացած տիկնոջ հանդեպ և անընդունելի է համարում նրա ներկայությունն ամուսնու թեկուզ մտքերում, ապա Չարլզը դեռ սիրում է իր հանգուցյալ կնոջը: Ներկայացումն, ըստ էության, ոչ միայն կնոջ, այլև տղամարդու հավերժ սիրո մասին է: Սիրող կինը չի ուզում հեռանալ, և վերջիվերջո նրա ծրագրին` տանել ամուսնուն իր հետ հանդերձյալ աշխարհ, թյուրիմացաբար զոհ է գնում նոր կինը: Չարլզին երևում են երկու կանանց ուրվականները: Նա մենակ է մնում:

Ներկայացումը բոլորի մասին է, սիրելի մարդկանց ժամանակին գնահատելու ու հարաբերությունները ժամանակին արժևորելու, ապրելու:

Գյումրեցի հանդիսատեսին այլ ներկացումներ են սպասվում, Միացյալ նահանգներից ևս հրավեր կա, իսկ առաջիկայում Գյումրու դրամատիկականը  կծավալվի նաև հանրապետությունից դուրս. առջևում 160-րդ տարեդարձն է։

Ելենա Ավետիսյան

Լուսանկարները՝ Գյումրու Դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Նորություններ