Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները | Region

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Նոյեմբեր 22,2026 15:12

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Մասնավորապես՝

✅ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ, Մեծաձոր,

✅ Արմավիրի մարզի Բաղրամյան, Մեծամոր,

✅ Գեղարքունիքի մարզի Սևան,

✅ Լոռու մարզի Սպիտակ,

✅ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք,

✅ Սյունիքի մարզի Կապան,

✅ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):

«Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝

1️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,

2️⃣ սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,

3️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,

4️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։

Ուշադրություն․ եթե համապատասխանում եք վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և Ձեր անունը չեք գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա կարող եք դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները։

Ձեր ընտրատեղամասը և ընտրատեղամասի կենտրոնի հասցեն նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»,- հորդորում են ՆԳՆ-ից։

Նորություններ