Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել | Region

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հունվար 29,2024 18:08

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Այդ մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին։

«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ։ Այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Грузия Online-ը։

Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին։ Նա այս պաշտոնում փոխարինել էր «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, սակայն հրաժարական էր տվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այնուհետև Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին փոխարինել էր Գիորգի Կվիրիկաշվիլին։

Մինչ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելը, Իրակլի Ղարիբաշվիլին գլխավորում էր երկրի պաշտպանության գերատեսչությունը, իսկ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարի 22-ին՝ փոխարինելով Գիորգի Գախարիային։

Ըստ առկա տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլիին այս անգամ վարչապետի պաշտոնում կփոխարինի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նորություններ