Շիրակի մարզում մինչև 40 սմ ձյուն է տեղացել, տեղումները շարունակվում են, իսկ Աշոցքում՝ նաև ուժեղ քամու ուղեկցությամբ | Region

Շիրակի մարզում մինչև 40 սմ ձյուն է տեղացել, տեղումները շարունակվում են, իսկ Աշոցքում՝ նաև ուժեղ քամու ուղեկցությամբ

Նոյեմբեր 27,2024 12:54

Մարզպետարանը վստահեցնում է՝ Շիրակի մարզում փակ ավտոճանապարհներ չկան։  Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները

Ձյան տեղումները երեկվանից շարունակվում են Շիրակի մարզի բոլոր 6 խոշորացված համայնքներում  և Գյումրի քաղաքում: Որոշ ավտոճանապարհները սառցակալած են, ամառային անվադողերով երթևեկությունը վտանգավոր է:

Մարզպետարանը վստահեցնում է՝ Շիրակի մարզում փակ ավտոճանապարհներ չկան։  Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները: Ձյան շերտի հաստությունը 30-40 սմ-ի է հասնում։

Մարզպետարանի տեղեկատվության համաձայն՝ աշխատանքներում ներգրավված է 26 միավոր տեխնիկա։

REGIONS TV-ին «ԱՇՈՑՔԻ ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության գլխավոր ինժեներ Ալեքսան Քոչոյանը հայտնեց, որ Աշոցք և Ամասիա խոշորացված համայնքների ավտոճանապարհները անցանելի են։ Քոչոյանն ասաց՝ քամին ու առատ տեղումները շարունակվում են, դրան զուգահեռ՝ մաքրման աշխատանքները։

Ըստ նրա՝ ճանապարհների անանցանելիության պատճառով  Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու Գյումրի-Բավրա հատվածում մնացած բեռնատարներ չկան: Մի քանի բեռնատար մնացել  է անսարքության պատճառով: Աշոցքի ճանապարհաշինական ընկերության տեխնիկաներն, ըստ գլխավոր ինժեների, գիշերվանից հասցրել  են մաքրել  նաև խոշորացված համայնքների  հեռավոր գյուղեր տանող ավտոճանապարհները, բայց այդ գյուղերում  նույնպես բուքն ու ձյան տեղումները շարունակվում են:

Կարինե Կազարովա

Նորություններ