«Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում» | Region

«Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում»

Փետրվար 02,2024 14:22

2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, նրանց միջազգային սահմանների անխախտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանի hատուկ հանձնարարություններով  դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում այն մասին, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի:

Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքներից: Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցության հաստատում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Չնայած նշված սկզբունքներին անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ամբողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը։ Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։

Ինչպես ասում են՝ «ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ այսպիսով փորձելով հիմարացնել ամբողջ միջազգային հանրությանը»։

Նորություններ