Ռազմական տեխնիկա, ճակատամարտերի տեսարաններ, դաշտային խոհանոց․ Գյումրիում նշվեց Հաղթանակի 80-ամյակը

Գյումրիում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումը մեկնարկել է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասից՝ «Անմահ գունդ» շարասյան երթով, որին մասնակցել են հայ և ռուսաստանցի զինծառայողները, քաղաքացիները՝ պատերազմի մասնակից հարազատների լուսանկարներով։ Նրանք քայլելով հասել են «Մայր Հայաստան» հուշահամալիր։
Միջոցառմանը մասնակցել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները։ Անմար կրակի առջև նրանք ծաղիկներ են խոնարհել։ Շիրակի մարզպետարանի պատվիրակությունը պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել էր ավելի շուտ, վաղ առավոտյան, հանդիսավոր միջոցառմանը նրանք չեն մասնակցել։
Արդեն 3-րդ տարին Հաղթանակի օրը նշվում է առանց պատերազմի վետերանների։
«Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք էր բերվել նաև ռազմական տեխնիկա Գյումրու 102-րդ ռազմաբազայից։ Բեռնատարներին պաստառներ էին Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած ճակատամարտերի դրվագներից։
Միջոցառման կազմակերպիչների պատգամը մեկն էր՝ չմոռանալ այն, ինչ տեղի է ունեցել 1941-1945 թվականներին և սերունդներին փոխանցել իրենց պապերի սխրանքը։ Տարածքում նաև դաշտային խոհանոց էր կազմակերպվել, որտեղ մարդիկ ռազմադաշտային կերակուր ճաշակեցին։