Մետաքսե Հակոբյան. Արցախի նախագահի ընտրությունների հարցն ու թե ով կընտրվի, բաց է, այս պահին կարևոր է պահպանել ԱՀ նախագահի ինստիտուտը

Մայիսի 21-ին լրացավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ստեղծված դժվարին իրավիճակում ընտրված Արցախի Հանրապետության խորհրդարանի և նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետը։
Արցախի Ազգային ժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում Արցախի խորհրդարանի նախագահ է ընտրել Աշոտ Դանիելյանին։ Եվ քանի որ Արցախի նախագահի լիազորությունները դադարեցված են, դրանց փոխանցվել են Արցախի ԱԺ նախագահին։
Նկատենք, ԱՀ խորհրդարանի հինգ խմբակցությունները դեռևս չեն հայտարարել, թե ով կլինի նախագահի թեկնածուն։ Արդյոք այն կրկին Սամվել Շահրամանյանը կլինի, թե՞ այլ թեկնածուներ առաջ կքաշվեն։
RegionsTV-ի հետ հարցազրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ չնայած Շահրամանյանի նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրին և ֆիզիկական տարածքի փաստացի բացակայությանը։ Այսինքն՝ եթե կա խորհրդարան և նախագահության ինստիտուտ, ապա Արցախը գոյություն ունի։
Նրա խոսքով՝ ԱՀ Սահմանադրությունը կարգավորում է Ազգային ժողովի աշխատանքի շարունակականությունը։ Համաձայն ԱՀ Սահմանադրությունում կատարված փոփոխությունների՝ խորհրդարանը շարունակում է իր գործունեությունը մինչև հնարավոր լինի անցկացնել ընտրություններ։ Նախագահի լիազորությունների ավարտից հետո նոր նախագահի ընտրություններն անցկացվում են ոչ շուտ, քան 7 և ոչ ուշ, քան 10 օր հետո։
«Հարցը, թե ով կընտրվի և ինչպես կանցկացվեն Արցախի նախագահի ընտրությունները, մնում է բաց։ Նման քննարկում դեռևս չկա։ Այս պահին ամենակարևորը Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտի պահպանումն է», – նշեց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը նաև ընդգծեց, որ «ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ պետությունը ստեղծվում է ժողովրդի կողմից, հետևաբար, ոչ մի անձ, այդ թվում՝ նախագահը, լիազորություն չունի այն լուծարելու: Արցախի նախագահի ինստիտուտը, ինչպես նաև բոլոր պետական ինստիտուտների պահպանումը, մեծ նշանակություն ունի, քանի որ արցախցիների Արցախ վերադարձի հարցը քննարկվում է բացառապես այս կառույցների հետ: Բացի այդ, կարևոր է հաշվի առնել, որ արցախցիների բռնի տեղահանման հետևանքով նրա տարածքը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ»:
Մետաքսե Հակոբյանը հավելեց, որ նախագահի և խորհրդարանի գոյության շարունակականությունը՝ որպես ինստիտուտներ, թույլ է տալիս ապահովել արցախահայերի իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանության պահանջների օրինականությունը, ինչպես նաև նրանց շահերի ներկայացումը միջազգային ասպարեզում․«Արցախի նախագահի պաշտոնը պահպանելը հարթակ է ստեղծում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները փաստաթղթավորելու և Արցախում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու ջանքերը համակարգելու համար: Արցախի նախագահի նոր ընտրությունների անցկացումը կարող է ամրապնդել այս ինստիտուտի օրինականությունը և ապահովել արցախահայության շահերի ներկայացումը»:
Հակոբյանի խոսքով՝ Բաքուն չի խոսում Արցախի նախագահ Ս. Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրից, քանի որ դա կնշանակեր Արցախի Հանրապետության ճանաչում․ «Միայն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են այս մասին խոսում՝ արդարացնելու իրենց վարած հանցավոր քաղաքականությունը»։
Զաբելա Ավագյան