«Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է բացվել 2028-ի վերջին»․Ալիև

Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին այսօր Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում»,-հայտարարել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ Սյունիքով անցնող ճանապարհը հնարավոր է բացվի 2028 թվականի վերջին։ Ալիև Սյունիքի ճանապարհը՝ «Թրամփի ուղին» կրկին անվանել է «Զանգեզուրի միջանցք»։
«Բացի մեր կողմից ներկայումս իրականացվող պլանավորումից և իրականացումից, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ այլ երկրներում առաջընթացը նմանապես արագ կլինի, և այդ դեպքում «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է բացվել 2028 թվականի վերջին»,-ասել է Ալիևը։