«Պատվիրված, շինծու քրեական գործ է։ Աշխատանքային սուբորդինացիա կար, Վարդան Ղուկասյանը ճարտարապետի հետ նման խոսակցություն չէր անի՝ իմանալով, որ ամեն տեղ ժուչոկներ կան»․փաստաբան | Region

«Պատվիրված, շինծու քրեական գործ է։ Աշխատանքային սուբորդինացիա կար, Վարդան Ղուկասյանը ճարտարապետի հետ նման խոսակցություն չէր անի՝ իմանալով, որ ամեն տեղ ժուչոկներ կան»․փաստաբան

Հոկտեմբեր 21,2025 11:24

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել, երեկվանից ժամը 10:00-ից մինչ այս պահը նրան սնունդ չեն տրամադրել, իսկ Ղուկասյանն ունի շաքարային դիաբետ, նա չունի համապատասխան հագուստ, եղանակը փոխվել է, ջերմաստիճանը նվազել է։ 24 ժամվա ընթացքում նա չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորություններից»,-այս մասին այսօր Ղուկասյանին կալանավորելու որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Ղուկասյանի ձերբակալության գործողությունը եղել է ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել․«Ընտրված քաղաքապետը կալանավորվեց։ Գործ ունենք ակնհայտ պատվիրված, շինծու քրեական գործի հետ, որի նպատակն է Գյումրին զրկել կառավարումից և քաղաքում ստեղծել քաոս»։

Փաստաբանի ներկայացմամբ՝ որևէ փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել հիմնավոր կասկածն այս գործով, գոյություն չունի։

«Ներկայացված փաստաթղթերից ականատեսն ենք եղել, որ  ընդդիմադիր քաղաքապետը մի քանի օր անց դատարանի որոշմամբ արդեն իսկ գաղտնալսվել է։ Կա դատական ակտ, որ ՎարդանՂուկասյանն իր բնակության վայրում կարող է ենթարկվել գաղտնալսման։ Այսինքն, այդ ընտանիքի անդամները նույն կերպ, հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման։ Ես կարող եմ ենթադրել, որ ցանկացած ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր պաշտոնյա, այդ թվում՝ համայնքի ղեկավար, իր նկատմամբ ունի դատական ակտ, իր ընտանիքի անդամների վերաբերալ ունի դատական ակտ, որ նրանց իրենց բնակարաններում կարող են իրականացնել օպերատիվ  հետախուզական միջոցառումներ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ։ Այդ անձական կյանքից որևէ տվյալ չեն հրապարակել, հարցը դա չէ, հարցն այն է, որ դատական ակտով մտնում են գաղտանլսում, սա խայտառակություն է, ապօրինություն է»,-ասաց փաստաբանը։

Փոստանջյանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանը միամիտ մարդ չէ, առաջին անգամ չէ քաղաքականությունում ու առաջին անգամ չէ, որ ընդդիմադիր գործիչ է․«Մարդը, որ հասկանում է ինչպիսի իշխանության հետ գործ ունի, կարո՞ղ է պետք է թույլ տար իրեն, որ գիտի նրանց դրած ժուչոկներն են ամեն տեղ՝ օրինական ոչ օրինական, իրեն լսում են․․․այն էլ այսպիսի էժան մեղադրանքներով։ Սա նույն էժանագին մեղադրանքն է, ինչ նրա որդու դեպքում է»։

 Անդրադառնալով մեղադրանքին, Փոստանջյանն ասաց․«Ճարտարապետի գործառույթների ներքո կառուցվել է ամբողջ այսպես կոչված հիմնավոր կասկածը։ Այդ ամբողջ գործընթացն ու նկարագրությունն առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ, դա էլ ՔՊ-ական Սարիկ Մինասյանն է։ Թող մի հատ կողմնորոշվեն՝ Սարիկի հետ ճարտարապետն ի՞նչ է արել, որ ճարտարապետին մեղասգրվում է արարք, որը կատարվել է այդ ժամանակահատվածում։ Քաղաքապետարանն ուզել է այդ ճարտարապետին փոխել, կայքում նոր ճարտարապետի մասին հայտարարություն կա, եթե ուզում ես փոխել, նրա հետ այսպիսի ապօրինի գործարքներ․․․, ո՞վ է այդ ճարտարապետը, որ քաղաքապետը նման ճղճիմ գործարքի կգանր, աշխատանքային սուբորդինացիան թույլ չէր տա, որ նման խոսակցություն լիներ»։

Հիշեցնենք, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

Նորություններ