Հայտնի է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը | Region

Հայտնի է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը

Հոկտեմբեր 21,2025 14:49

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը:  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ «եզրակացության համաձայն՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Մերձավանում զինված  հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։

Այս գործով կալանավորվել են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Նշենք, որ Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, Գևորգ Հարությունյանը՝ Օհանյան եղբայրների ընկերը։

ՆԳՆ խոսնակը դեպքի վերաբերյալ  նշել էր, որ սպանության հիմնական վարկածն այն է, որ «սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը»։

Նորություններ