Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով 1 անձ է ձերբակալվել

Երևանում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով 1 անձ է ձերբակալվել։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձ է ձերբակալվել»։
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանում ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով պարբերաբար մայրաքաղաքի խնդիրների մասին է բարձրաձայնում:
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը սոցիալական ցանցում գրել է․«հիշու՞մ եք Արթուր Չախոյանի այս հրապարակումը . . . Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը ( ըստ Արթուրի հարձակվող բանդան եղել է տարածքի սեփականատերերը)։
Օրեր առաջ Չախոյանն ահազանգել էր, իր խոսքով՝ «առանց շինթույլտվության կառուցապատման մասին։
Նա գրել էր․«Տիգրան Ավինյան, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ։ Նիկոլ Փաշինյան, այս ամենը այլ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, առհելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով։
Բացի այդ՝ համայնքից մոտ 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հող են գողանում, և այդ ամենի վրա Երևանի քաղաքապետարանը աչք է փակում։
Իսկ եթե հակառակ դեպքում հասարակ քաղաքացին առանց շինթույլտվության համայնքային հողի վրա շինություն կառուցի՝ առանց որևէ մեկին կաշառք տալու, ապա մեկ րոպե հետո Երևանի քաղաքապետարանը այդ շինությունը կքանդի և տեսանյութով կհրապարակի համացանցում՝ իբրև թե Տիգրան Ավինյանը պայքարում է «ապօրինի» շինարարության դեմ։
Բայց պարզից պարզ է՝ տվյալ դեպքում երևում է, որ կաշառք են վերցրել ապօրինության առջև աչք փակելու համար։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը կքանդեր այդ ապօրինի կառուցված շուկան։
Դե հա, հո սա էլ խեղճ, տարեց պապիկի ավտոտնակ չի, որ Տիգրան Ավինյանի դուխը հերիքի՝ քանդի»։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքում, այն ժամանակ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ մասնակցել էր ծեծին։ Այս դեպքից հետո թաղապետը հրաժարական է տվել։