Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ևս կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից RegionsTV-ին տեղեկացրեցին, որ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Թե նրա կալանքի որքան ժամկետ է սահմանվել, առայժմ հայտնի չէ։
«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-մեզ փոխանցեց կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նաև հավելեց, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել է ևս մեկ անձ, նա պաշտոնյա չէ։
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։