Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցը կքննարկվի ԵԱՏՄ հոկտեմբերիկ 24-ի նիստում․ նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով բեռնատարի վարորդների բողոքի ցույցին ու նրանց բարձրացրած խնդրին, նշեց, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը։ Հայաստանն առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։
«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված, ներքին շրջանառության փուլում է»,-ասաց նախախարը։
Ըստ Պապոյանի՝ այն փուլում, երբ ՌԴ կառավարությունը նոր կարգավորումը սկսել է կիրառել, իրենք սկսել են աշխատել, այնուհետև տեղի են ունեցել ուղիղ բանակցություններ․«Այնուհետև ստացել ենք արձագանք, որ հասկանում են խնդիրը, կփորձեն լուծել, և ունենք տեղեկություններ, որ որոշակի պրոցես սկսվել է, նախագիծը կա, ներքին շրջանառության մեջ է։ Հարցը քննարկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերիկ 24-ի նիստում։ Հետևաբար, պետք է սպասենք հոկտեմբերի 24-ի նիստին և հստակ կասվի՝ ինչ ձևով է լուծումը լինելու»։
Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնատար մեքենաների վարորդները երեկ բողոքի ցույց էին անում, նրանք երեկոյան փակել էին դեպի Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։
Վարորդները դժգոհում են ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացումներից, ըստ նոր կարգավորումների՝ 180 օրվա փոխարեն թույլատրվում է ՌԴ-ում մնալ 90 օր, իսկ ժամկետը խախտողները ենթակա են վտարման՝ 3-5 տարվա վերադարձի արգելքով։
Վարորդները պնդում են, որ 90 օրը բավարար չէ իրենց աշխատանքը լիարժեք իրականացնելու համար, քանի որ օրերով մնում են Լարսի անցակետում, ապրանքը պահեստում դատարակելու համար էլ օրեր է պահանջվում։