Իսրայելը համաձայնել է Թրամփի առաջարկած հրադադարին, ԱՄՆ նախագահը նորից գրառում է արել․ «Շնորհավորում եմ աշխարհ` խաղաղության ժամանակն է»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարին։
Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ նա համաձայնել է հրադադարին, քանի որ Իսրայելը հասել է իր բոլոր պատերազմական նպատակներին։
«Իսրայելը վերացրել է անմիջական գոյության սպառնալիքը երկու ճակատներում՝ թե՛ միջուկային ոլորտում, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտում», – ասվում է հայտարարության մեջ։
«Շնորհավորում եմ աշխարհ` խաղաղության ժամանակն է»․սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ Նա վերջին ժամերին մի քանի գրառում է արել։
Թրամփը Trutհ-ում շնորհավորանքից առաջ գրել էր․ «Հրադադարն այժմ ուժի մեջ է։ Խնդրում ենք չխախտել այն»։ Ավելի վաղ Թրամփը մեկ այլ գրառում էլ էր արել հրադադարի մասին։ Նա նշել էր, որ Իրանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել էր, որ վեց ժամից ռազմական գործողությունները կդադարեցվեն 12 ժամով, որից հետո «պատերազմը կհամարվի ավարտված»։
Թրամփը նշել էր, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու կողմերի ռազմական գործողություններն ավարտելուց հետո։ Այս հայտարարությունից հետո Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Հրթիռներն արձակվել են Թեհրանի ժամանակով ժամը 4-ից հետո, այն ժամանակ, երբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի իր հարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ավիահարվածները:
Թրամփի՝ հրադադարի մասին առաջին հայտարարությունից հետո Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «Այս պահին պահի դրությամբ ոչ մի «հրադադարի» կամ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնություն չկա։ Սակայն եթե իսրայելական ռեժիմը դադարեցնի իր ապօրինի ագրեսիան իրանցի ժողովրդի դեմ մինչև Թեհրանի ժամանակով առավոտյան ժամը 4-ը, մենք չենք շարունակելու մեր պատասխան գործողությունները դրանից հետո»։
Վերջնական որոշումը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, ըստ Արաղչիի, կհայտարարվի ավելի ուշ։
X-ում այս գրառումից հետո Իրանի ԱԳ նախարարը գրել է․« Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները՝ Իսրայելին իր ագրեսիայի համար պատժելու համար, շարունակվեցին մինչև վերջին րոպեն՝ ժամը 4-ը»։
Ընդ որում, իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ 5 իսրայելցի է զոհվել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով, այն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ է մտել։
Հիշեցնենք, որ Իրանը երեկ հարվածել է Կատարում ամերիկյան ավիաբազայի վրա։ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում սրան ևս անդրադարձել է։ «Շնորհակալություն Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ մեզ նախապես տեղեկացնելու համար, ինչը հնարավորություն տվեց խուսափել մարդկային զոհերից և վիրավորներից։ Գուցե Իրանն այժմ կարող է շարժվել խաղաղության և ներդաշնակության ուղղությամբ, և ես մեծ ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին՝ նույնը անելու»,-գրել էր Թրամփը։