8 ամսական Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն ունեցել է առողջական խնդիրներ. Նամակ «Աբովյան» ՔԿՀ-ից | Region

8 ամսական Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն ունեցել է առողջական խնդիրներ. Նամակ «Աբովյան» ՔԿՀ-ից

Հուլիս 13,2025 15:04

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալից ստացած նամակը։

«Հարգելի հասարակություն, կալանավորված 8 ամսական երեխայի և երիտասարդ մոր ճակատագրով մտահոգ բանական մարդիկ, որպես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ՝օրվա իշխանությունների պատվերով, կալանքն անցկացրած անձ, կարդալով քիչ առաջ տարածված տեղեկությունը առ այն, որ Հայաստանի ամենափոքրիկ բանտարկյալ 8–ամսյա Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն իսկ ունեցել է առողջական խնդիրներ, հարկ համարեցի նկարագրել «կանանց գաղութ» կոչվածի բանտախցերի պայմանները.

10 մետր երկարություն և հինգ մետր լայնություն ունեցող բանտախցերում բացակայում է տաք ջուրը՝ տաք ջուր ունենալու համար, խցի բնակիչն ինքը պետք է հարազատներից խնդրի պլաստմասսե տաքացուցիչ՝ «վառկա» կոչվածը, որպեսզի կարողանա տաք ջուր ունենալ: Այդ սարքով քան՞ի անգամ մայրը պետք է ջուր տաքացնի, որպեսզի երեխայի հոգսերը հոգա: Մանկահասակ երեխայի մոր համար տաք ջուր ունենալն առաջնային է ոչ միայն երեխային լողացնելու, այլև երեխայի հագուստը լվանալու համար:

Պարզ է ՝ զրկված լինելով երեխայի սանիտարական-հիգիենիկ նվազագույն պայմաններն ապահովումից, մայրը չի կարող ոչ միայն կրծքով կերակրել, այլև ճաշ պատրաստել երեխայի համար, որովհետև խցերում չկան էլեկտրական տաքացուց սարքեր՝ դրանք համարվում են արգելված իրեր և, եթե անգամ, բերվում են հարազատների կողմից, ապա երեկոյան հանձնվում են բանտի հերթափոխին: Նշանակում է՝ գիշերը, եթե երեխան ուտել ուզենա, մայրը չի կարողանա տաքացնել ուտելիքը:

Խցերում չկա զուգարանակոնք, այլ՝ կքանիստի հարմարեցված «թուրքական» կոչվող զուգարան:

Այդ ամենին գումարվում է բանտախցի մաքրության ապահովումը. խուցը պետք է ավլի, մաքրի, հատակը լվանա խցում ապրողը: Ինչո՞վ և ինչպե՞ս: Մանկահասակ մայրը ինչպե՞ս, ո՞ւմ ավելով է մաքրելու խուցը, ո՞ւմ լաթով է լվանալու հատակը, այդ ընթացքում խցի ո՞ր անկյունում է գամված պահելու իր մանկահասակ երեխային:

Բացի դա, խցերի հատակները սալապատ են՝ սառը: Ինչպե՞ս կարող է չոչ անող , նոր ոտք գցող երեխան քայլ անել, խաղալ, զբաղվել այդ զնդանում:

Համաձայն գործող կարգի, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կալանավորի զբոսանքն օրական մեկ անգամ է՝ բետոնե պատատերով, շոգ և ցանցապատ ծածկով տարածքում: Կրծքի երեխային կերակրող հայ կնոջն իր երեխայի հետ բանտ ուղարկած դատավորը տեսե՞լ է այդ տարածքը, համարձակություն ունեցե՞լ է գեթ 3 րոպե գտնվել բանտախցում և զբոսահրապարակ կոչված փաստացի բացօթյա պատժախցում:

Հարգելի հայրենակիցներ, իմացեք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հայ երիտասարդ մոր և նրա 8 ամսական երեխայի համար չեն կարող ստեղծվել տարրական պայմաններ՝ նրանց կյանքի և առողջության համար լավագույն ելքով:

Մանկահասակ երեխան չի կարող բանտված լինել մի խցում, որտեղ մեծահասակներն անգամ չեն դիմանում: Բանտի ներսի սպիտակ պատերը, անվարագույր պատուհանները, չոր՝ ցանցային մահճակալները, կիսակեղտոտ դոշակները, շաբաթն երկու անգամ լողանալու ծաղրական, դահիճական, հակահումանիստական պայմաններն այն ահասարսուռ իրողությունն են, որում հայտնվել է Հայասատանի 8 ամսական քաղաքացի Ջուլիետան իր երիտասարդ, հանցանքի մեջ հանիրավի մեղադրվող մայրիկի հետ:

Տղամարդ դատավոր, Հայաստանի մարդու իրավունքների կին պաշտպան, ՀՀ գլխավոր կին դատախազ, ՀՀ արդարադատության կին նախարար, դուք ձեր կողոպտված խղճով և խեղված արդարադատությամբ հե՞շտ եք ապրում»։

Նորություններ