Դատախազությունն ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպանների խմբի բողոքն ընդդեմ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպության բողոքն ընդդեմ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Իրավապաշտպան այս կազմակերպությունը, ինչպես գրել է Middleesteye.net-ը, կասկածներ է հայտնել, որ Գազայի հումանիտար հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF ) տնօրենների խորհրդի նախագահ Փափազյանը «հնարավոր է՝ ներգրավված լինի կամ նպաստել է Գազայի հատվածում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համարժեք գործողություններին»։Middleesteye.net-ն անդրադառնալով իրավապաշտպան խմբի բողոքին, գրում է, որ «Իսրայելն ու նրա դաշնակից ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի հումանիտար հիմնադրամը բազմիցս քննադատվել է պաշարված Գազայի հատվածում իր ռազմականացված սննդի բաշխման մեխանիզմի համար։ Բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմաններին»(MSF), հիմնադրամին մեղադրում են «սովի և անմարդկայնացման» ինստիտուցիոնալացման համար»։
Middleesteye.net-ի նույն հոդվածում նշվում է, որ հիմնադրամի կենտրոններում օգնության հերթում կամ կենտրոններ գնալու ճանապարհին առնվազն 1800 պաղեստինցի է սպանվել, և ավելի քան 13500-ը՝ վիրավորվել սնունդ ստանալիս։
Հիմնադրամը մի քանի անգամ հերքել է մեղադրանքները, թե իր կենտրոններում որևէ մեկը սպանվել է։
Middleesteye.net –ը Փափազյանի մասին գրում է, որ նա կարևոր դեր է խաղացել Մերձավոր Արևելքում մի շարք բիզնես ձեռնարկություններում և օգնել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև գործարար կապերի հաստատմանը։ Նշվում է, որ 2019-ից 2024 թվականներին որպես Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF) գործադիր տնօրեն՝ նա ապահովել է բարձր մակարդակի ներդրումային գործարքներ, այդ թվում՝ 174 միլիոն դոլարի արժողությամբ արևային էներգիայի գործընկերություն ԱՄԷ-ում գործող վերականգնվող էներգիայի հսկա Masdar-ի հետ։
«Նախագիծն այդ ժամանակ համարվում էր Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների շրջադարձային կետ։ AOHR-ի հայցադիմումում չի նշվում գործարքի հետ կապված որևէ իրավախախտում, սակայն Փափազյանի միջազգային գործարար ցանցերը, մասնավորապես ԱՄԷ-ում, արտացոլում են այն ազդեցությունը, որը նա բերել է GHF ղեկավարության վրա և կապերը, որոնք նա, հավանաբար, ստեղծել է Աբու Դաբիում, որը վերջին տարիներին դարձել է Իսրայելի կարևոր դաշնակից»,-նշվում է հոդվածում։