Ամուլսար. Տնտեսական բում, թե՞ նոր էկոլոգիական աղետ Հայաստանի համար
Հայաստանի հանքարդյունաբերության ամենավիճահարույց և երկար տարիների դիմադրության արժանացած նախագծերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը մեկնարկում է: Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ազդարարեց այդ մասին: Մինչ կառավարությունը հույսեր է կապում տնտեսական աճի և միլիոնավոր դոլարների ներդրումների հետ, քաղաքացիական հասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ խիստ քննադատության են ենթարկել այս որոշումը՝ այն որակելով որպես հանդուգն և անպատասխանատու քայլ հատկապես Երևանում սպասվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովից՝ COP17-ից ընդամենը օրեր առաջ:
Զբոսաշրջային Ջերմուկին հարակից տարածքում հանքի շահագործման դեմ քաղաքացիները տարիներ շարունակ պայքարել են։ 2018 թվականին տեղի բնակիչները, բնապահպաններն ու ակտիվիստները օրեր շարունակ փակ էին պահում հանքավայր տանող ճանապարհները՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիային» սկսել շինարարական աշխատանքները: Այսօր, հանքի գործարկման մասին պաշտոնական հայտարարությունից հետո, սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են՝ ո՞ւր են բնապահպանները և ինչո՞ւ չկան զանգվածային բողոքի ցույցեր: Արդյոք հասարակությունը հասել է անդառնալի կետի՞, երբ այլևս հնարավոր չէ կանխել գործընթացը:
Պայքարի մարման պատճառները. Համայնքային հիասթափությունից մինչև անվտանգային ռիսկեր

Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը RegionsTV-ի հետ զրույցում ընդգծում է՝ ցանկացած պայքար չի կարող արդյունավետ լինել, եթե հենց տեղի համայնքի բնակիչները ոտքի չեն կանգնում: Ըստ նրա՝ բնակիչների թևաթափ լինելն ու պայքարի մարումն ունեն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Ամուլսարի շուրջ դիմադրությունը սկսվել էր դեռևս 2008-2010 թվականներին՝ հանքավայրի ուսումնասիրման փուլում, իսկ կուլմինացիային հասավ 2018-ին:
«Մեծ դերակատարում ուներ թավշյա հեղափոխությունը, երբ քաղաքացիները կարծում էին, թե արդեն ամեն ինչ իրենք են որոշում, և իրենց ձայնը լսելի է։ Սակայն հետագայում, 2020 թվականին, սթրեսային իրավիճակը՝ քովիդը և պատերազմը, փոխեցին իրավիճակը»,- նշում է Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը հետագայում շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե Ջերմուկի տարածքների կորստից ու անվտանգային խնդիրներից հետո տեղի բնակիչները հայտնվել են խոցելի վիճակում, և օտարերկրյա ներդրումները իբր կարող են մեղմել այդ սպառնալիքները: Այս ամենն անխուսափելիորեն ազդեց բնակիչների տրամադրությունների վրա:
Մեծ դասը. Թեղուտից մինչև նոր դիմադրության ալիքներ
Արդյոք իրավիճակն անդառնալի՞ է: Դուլգարյանը հորդորում է նայել հայաստանյան հանքարդյունաբերության պատմությանը լայն համատեքստում։ Բազմաթիվ հանքեր ժամանակին բացվել են, առանց լուրջ դիմադրության, բայց հետագայում կանգնել ու դադարել են գործել համակարգային և ոլորտային ռիսկերի պատճառով (օրինակ՝ Ալավերդու պղնձամոլիբդենային կամ Ստեփանավանի Արմանիսի հանքավայրերը):
Փորձագետը մատնանշում է Հայաստանում տասնամյակներ շարունակ գործող խնդիրը՝ քաղաքացիների ձայնի անտեսումը պետական մարմինների կողմից։ Երբ անտեսվում են նույնիսկ կառավարության պատվերով իրականացված միջազգային փորձագիտական եզրակացությունները (ինչպիսին էր ELARD-ի ուսումնասիրությունը, որը վկայում էր լուրջ ռիսկերի մասին), հասարակական կազմակերպությունների բողոքները կարող են անմիջապես որոշիչ ազդեցություն չունենալ:
Սակայն սա, ըստ Դուլգարյանի, չի նշանակում, թե պայքարն ավարտված է։
«Յուրաքանչյուր նման դեպք, երբ քաղաքացիների ձայնն անտեսվում է, ոչ թե նշանակում է պայքարի ավարտ, այլ տվյալ պայքարին ավելի մեծ կշիռ է տալիս։ Հիշենք Թեղուտի փորձը. երբ այնտեղ անտեսվեց հասարակության ձայնը, դա հանգեցրեց նրան, որ հանքարդյունաբերության նկատմամբ վստահությունը կտրուկ անկում ապրեց, և հետագա տարիներին Հայաստանի տարբեր համայնքներում բնակիչները համախմբվեցին ու թույլ չտվեցին ավելի քան 20 նոր հանքարդյունաբերական նախագծերի ու ընդլայնումների իրականացումը»,- հիշեցնում է Դուլգարյանը:
Նա ընդգծում է, որ այսօր տեղի բնակիչներն արդեն գործում են այլ մարտավարությամբ՝ հանքավայրերի բացմանն ընդդիմանում են դեռևս վաղ փուլերում՝ կիրառելով բոլոր ժողովրդավարական գործիքները՝ ստորագրահավաքներ, հանրային լսումներ և ճանապարհների փակումներ (ինչպես Ստեփանավանում):

Տնտեսական հայեցակարգի փոփոխության և համայնքների հզորացման անհրաժեշտությունը
Անդրադառնալով այն թյուր կարծիքին, թե Երևանից կամ դրսից պետք է գնան և ակտիվացնեն տեղի բնակիչներին, Դուլգարյանը պնդում է՝ քաղաքացին պետք է պաշտպանի իր իրավունքները հենց համայնքի ներսում: Արտաքին ակտիվիստների ու բնապահպանների ներկայությունը միայն սոլիդարության և աջակցության դրսևորում է:
«Մենք պետք է հասկանանք, որ այս պահին գլխավոր մեղավորը սխալ տնտեսական քաղաքականության տեսլականն է։ Պետք է փոխել այդ մոտեցումը, որպեսզի շեշտը չդրվի բացառապես հանքարդյունաբերության վրա։ Կանաչ, կայուն համայնքների զարգացման առաջին ջատագովները գյուղացիներն ու ֆերմերներն են»,- շեշտում է բնապահպանը:
Նա հավելում է, որ հանքարդյունաբերությունը ոչ միայն փոխում է տնտեսական ու սոցիալական վիճակը, այլև արմատապես փոխում է մարդկանց հոգեբանական ընկալումներն ու մտածելակերպը: Շնողի կամ Թեղուտի նման համայնքներում մարդիկ կորցնում են իրենց գյուղացիական ապրելակերպը՝ դառնալով արդյունաբերական կախվածության մեջ գտնվող վարձու աշխատողներ: Երբ հանքը կանգնում է (ինչպես Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում), համայնքը մնում է առանց որևէ այլընտրանքի, ինչն ուղղակիորեն հանգեցնում է արտագաղթի:
Քաղհասարակության պահանջները և վիճահարույց ներդրումները
Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 60 քաղաքացիական կազմակերպություններ ու անհատներ հանդես են եկել խստագույն հայտարարությամբ, ազդակիր համայնքների ձայնը հաճախ լռեցվում է կամ բախվում տնտեսական շահերի ու հնարավոր թիրախավորումների հետ:
Քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են անհապաղ դադարեցնել Ամուլսարի շահագործումը և հետևյալ քայլերը.
- Անցկացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ)՝ խստորեն պահպանելով Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի հանձնարարականները:
- Կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև նոր ՇՄԱԳ գործընթացի ավարտը:
- Հստակեցնել «Էմերալդ» ցանցի տարածքներն ու «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ընթացքը՝ բացառելով սահմանների կամայական փոփոխությունները տնտեսական կամ քաղաքական նկատառումներով:
- Վերանայել ՀՀ կառավարության տրամադրած 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիքը Ամերիաբանկին և դադարեցնել պետության մասնակցությունն այս վտանգավոր ծրագրին:
Կառավարության ակնկալիքները և տնտեսական կշիռը
Մինչ բնապահպանները ահազանգում են անդառնալի էկոլոգիական ռիսկերի մասին, գործադիր իշխանությունը մեծ հույսեր է կապում նախագծի հետ: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, որի ընդհանուր ներգրավված միջոցները հասնում են շուրջ 750 միլիոն դոլարի (որից 150 մլն դոլարը՝ պետական երաշխիքով):
Կառավարության հաշվարկներով՝ նախագծում ունենալով 12.5% բաժնեմաս, պետությունը կարող է ակնկալել.
- Տարեկան մոտ 130 միլիոն դոլարի հարկային վճարումներ և ռոյալթիներ պետբյուջե:
- ՀՆԱ-ի վրա 1.5–2 տոկոսի դրական ազդեցություն:
- Շուրջ 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղի ստեղծում:
- Տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված տարեկան 7–9 միլիոն դոլարի ներդրումներ:
Միջազգային շուկայում ոսկու գներից կախված՝ հանքավայրի տարեկան արտադրանքի ընդհանուր արժեքը գնահատվում է 860-900 միլիոն դոլար, ընդ որում՝ միայն ընթացիկ տարվա վերջին եռամսյակում նախատեսվում է թողարկել մոտ 100 միլիոն դոլարի արտադրանք (արտահանման հիմնական ուղղությունը Շվեյցարիան է):
Կառավարության ու «Լիդիան Արմենիայի» խոստացած այս գաթակղիչ ցուցանիշներին զուգահեռ փորձագետներն ու բնապահպանները ահազանգում են՝ հանքի շահագործման հնարավոր հետևանքների մասին՝ թթվային դրենաժի, ցիանիդի օգտագործման, Ջերմուկի հանքային ջրերի, Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև Սևանի ավազանի ու կենսաբազմազանության վրա հնարավոր բացասական ազդեցություններ։
Նելլի Բաբայան
