Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ Մ23 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանն արծաթե մեդալներ են նվաճել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։ Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներակայացուցիչ Նիկա Բրոլաձեին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուս Մագոմեդ Բարախոևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Նիլսոն Սինիստերայի նկատմամբ։
82 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Մարտիկ Պետրոսյանը։ Նա պայքարը սկսել է որակակավորման փուլից, որտեղ 10:2 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 3:2 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը ուժեղ է գտնվել Ղրղզստանը ներկայացնող ըմբիշից, կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին, իսկ եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 1։2 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհամադիին՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը մեկնարկում տարած երեք հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1-5 հաշվով զիջել է մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն, հունգարացի Լևենտե Լևային: Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Լաս Վեգասում անցկացվում է հոկտեմբերի 12-18-ը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշով։ Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (63 կգ), Յուրիկ Հովեյանը (67 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Ռուբեն Գևորգյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ հանդես կգա 10 ըմբիշով։ Հայաստանի ներկայացուցիչներն են Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։
