Բաքուն կհրաժարվի Փաշինյանի՝ անկլավների փոխանակման առաջարկից․Արմեն Բաղդասարյան
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձի միջոցով նշել է, թե «Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո ինչ տեսք պետք է ունենա խաղաղությունը»։ Ապա առանձնացրել է այդ կետերը, նշելով՝, «Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով նախնական տպավորություն ունեմ, որ երկու երկրները խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»։
Ըստ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը պետք է ունենա հետևյալ տեսքը՝
- Հայաստանը պետք է ունենա 29 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Անկլավների և էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։
- Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն TRIPP նախագծի շրջանակում։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ։
- Հայաստանը և Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով, բոլոր հարցերում ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ «Արևմտյան Ադրբեջան» տրամաբանությամբ։

Արմեն Բաղդասարյան
Արդյոք Ալիևը կհամաձայնվի Փաշինյանի առաջ քաշած պայմաններին։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի տպավորությունը խիստ տարբերվում է Փաշինյանի տպավորությունից, որ Բաքուն կհամաձյանցի այդ պայմաններին։
Բաղդասարյանը RegionsTV-ի հետ զրույցում ասում է՝ թեև այդ պայմանների տրամաբանությունը նորմալ է, սակայն պետք չէ կուրորեն շեշտ դնել թվերի վրա, որովհետև կարող են տարածքային փոփոխություններ լինել, որոնց արդյունքում Փաշինյանի նշած թվերը կպահպանվեն, բայց Հայաստանը կարող է զիջել շատ ավելի կարևոր տարածքներ, քան կստանա։
Բաղդասարյանը կասկածում է, որ ադրբեջանական կողմը ձգտում է խաղաղության, բացատրում է, թե ինչու․«Ադրբեջանը սահմանազատման գործընթացը չի ընկալում որպես խաղաղության տանող քայլ, այլ ընկալում է որպես լարվածության նոր օջախների ձևավորման միջոց»։
Ըստ Բաղդասարյանի, այդ պայմաններն ընդամենը Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, բայց Ադրբեջանի ախորժակն ու մտադրությունները բոլորովին այլ են։
Քաղաքական վերլուծաբանն ասում է՝ հայկական կողմը հույս ունի, որ մենք Արծվաշենը կթողնենք իրենց, իրենք իրենց երեք անկլավները կթողնեն մեզ․«Բայց քանի որ դրանց միջև տարածքային տարբերություն կա, այսինքն՝ այդ երեք ադրբեջանական էքսկլավները միասին մոտավորապես 45-46 քառակուսի կիլոմետր են, իսկ Արծվաշենը 32 քառակուսի կիլոմետր է։ Եթե հայկական կողմի պատկերացումով լինի՝ անկլավները փոխանակում ենք, այսինքն՝ մենք չենք տալիս երեք անկլավ, իրենք չեն տալիս Արծվաշենը, այդ դեպքում ստացվում է, որ մենք շահեցինք 14-15 քառակուսի կիլոմետր։ Բայց չէ որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ճշգրիտ տարածքով փոխանակում, հետևաբար նա համաձայնություն է հայտնում այդ տարբերությունը լրացնել»։
Բաղդասարյանի կարծիքով՝ Բաքուն կհրաժարվի անկլավների փոխանակման Փաշինյանի առաջարկից, քանի որ եթե տիրանա ասենք՝ Տիգրնաշենին կամ մյուս Տավուշի մյուս անկլավներին, դա միշտ կլինի լարվածության օջախ և Բաքվի համար հնարավորություն կստեղծվի Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար։
Փաշինյանը խաղաղության տեսքն ուրվագծելով՝ չի անդրադարձել Ջերմուկին․ այս հատվածում երեք տարի առաջ ադրբեջանական զինուժը մխրճվել է 8.5 կմ լայնության ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ ու լուրջ ամրաշինական աշխատանքներ կատարել։ Թեև իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ժամանակ այդ հարցը կլուծվի։
Բաղդասարյանը հիշեցնում է՝ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զորքը կկանգնի այնտեղ, որտեղ ինքը հարմար կգտնի․«Եթե քաղաքական կամք լիներ Բաքվում խաղաղություն հաստատելու, այդ հարցերը հնարավոր կլիներ հեշտությամբ կարգավորել։ Բայց քանի որ քաղաքական կամք չկա, այդ պրոցեսը Ադրբեջանն օգտագործելու է որպես լարվածության աճի և ոչ թե վերջնական խաղաղության միջոց»։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հայաստանի համար է նպատակ, Ադրբեջանի համար դա ոչ թե նպատակ է, այլ միջոց նպատակներին հասնելու համար՝ և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը միջոցներ են իրենց համար, նրանք ունեն իրենց նպատակները՝ եթե կկարողանան հասնել դրանց պատերազմի միջոցով՝ կանեն պատերազմ, եթե կարողանան հասնել դրանց խաղաղության միջոցով՝ կանեն դա խաղաղության միջոցով։
«Հիմա Ադրբեջանի նպատակը չի Հայաստանը դուրս բերելը երկարատև այս շրջափակումից, թույլ տալ հզորանալ և այլն։ Նրանք ունեն իրենց խնդիրները՝ վերադարձնել իրենց ասած՝ «արևմտյան Ադրբեջան», Հայաստանը մշտապես պահել իրենցից տնտեսապես կախվածության մեջ և այլն»,-ասում է Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնաշնած՝ «Հայաստանը և Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով, բոլոր հարցերում ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան, «Արևմտյան Ադրբեջան» տրամաբանությամբ» առաջարկին, Բաղդասարյանը նկատում է՝ դա լավ կլիներ, եթե լիներ փոխադարձ և հայելային, սակայն Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, իսկ իրենք իրենց սահմանադրությունը մտադիր չեն փոխել, թեև այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Բաքուն չի դադարեցնում «արևմտյան Ադրբեջան» վերադառնելու խոսույթը, և ինչպես Բաղդասարյանն է ասում՝ նրանք միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ պահանջելով, որ այստեղ ռևանշիստական կուսակցություններ չգործեն, նրանց պահանջով նույնիսկ մեր արտգործնախարարության պաշտոնական կայքէջից է Արցախի էջը հանվել։
TRIPP նախագծի շրջանակում Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով հաղորդակցությունների բացման մասին էլ քաղաքական վերլուծաբանն ասում է՝ Թրամփի ուղին՝ TRIPP-ն, ընդամենը 43 կիլոմետրանոց ճանապարհն է, միայն դրա բացումը Հայաստանին որևէ օգուտ չի տալու, այդ ճանապարհը օգուտ կտա միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար բացվի նաև Նախիջևանով անցնող երկաթուղին և Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին, իսկ դա TRIPP չէ։
ՀՀ կառավարությունը մշտապես հայտարարում է, որ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է բացվի։ Բաղդասարյանն էլ նկատում է՝ խնդիր է դրած, որպեսզի TRIPP-ին զուգահեռ այդ հատվածը բացի, որպեսզի Ադրբեջանը տրամադրի երկաթուղիները և այլն․«Դա այնքան էլ ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ։ Ես դա քիչ հավանական եմ համարում, ամեն դեպքում Ադրբեջանը մտադրություն չի հայտնել բացել իր ճանապարհները Հայաստանի համար, օրինակ՝ Նախիջևանով։ Այնպես որ զարգացումներն առայժմ միայն Ադրբեջանի օգտին են, իսկ այն հարցերը, որոնք նաև Հայաստանին օգուտ կտան, ակնհայտ տեղաշարժ չէ»։
Նելլի Բաբայան
