Խոջալու․ Բաքվի կեղծիքն ուՄուստաֆաևի ճշմարտությունը | Region

Խոջալու․ Բաքվի կեղծիքն ուՄուստաֆաևի ճշմարտությունը

Փետրվար 26,2024 20:00

– Ադրբեջանի կեղծ տեղեկությունները Խոջալուի «ցեղասպանության» մասին:

– Լրագրող Չինգիզ Մուստաֆաևի ճշմարտությունը։

– Դանա Մազալովա. Խոջալուի դեպքերը կազմակերպվել էին Մութալիբովի հրաժարականի համար:

Խոջալուի դեպքերից անցել է 32 տարի, սակայն այս տարիների ընթացքում Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին և աշխարհում կեղծ տեղեկություններ տարածում Խոջալուի «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին: Ինչպես մամուլում, այնպես էլ քարոզչության այլ մակարդակներում ավանդույթ է դարձել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ հայկական կողմին տարբեր մեղադրանքներ ներկայացնելը:

Անցած տարիների ընթացքում ստեղծվել և հրատարակվել են անթիվ ինտերնետային կայքեր, գրքեր և ֆոտոալբոմներ, ամենաաղմկոտ ամբիոններից հնչում են մեղադրանքներ «ցեղասպանության» մասին, որն իբր հայերի կողմից իրականացվել է այդ ավանի խաղաղ բնակիչների նկատմամբ, միջազգային հանրությունից պահանջում են դատապարտել հայկական կողմին Խոջալուի իրադարձություններում։  Ակնհայտ է, որ Բաքվում ձգտում են կանխել 1992թ.փետրվարի վերջին Աղդամի մերձակայքում տեղի ունեցածը վերլուծելու ցանկացած օբյեկտիվ հայացք և փորձ:

Հարկ է նշել, որ դեռևս Լեռնային Ղարաբաղում պատերազմի «թեժ» փուլի մեկնարկից առաջ խաղաղ հայ բնակչությունը բազմիցս ենթարկվել է զինված հարձակումների, մի շարք դեպքերում՝ ջարդերի և կոտորածների: Մասնավորապես, 1988թ.փետրվարի 26-29-ին Սումգայիթում, 1988թ. նոյեմբերի 21-27-ին Կիրովաբադում և 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում հայերի ջարդերը, Ստեփանակերտ քաղաքի խաղաղ բնակիչների գնդակոծությունը Շուշիի և Խոջալուի Գրադ կայանքներից: Առավել հայտնի դրվագներից է Լեռնային Ղարաբաղի Մարաղա հայկական գյուղի խաղաղ բնակիչների կոտորածը։

Իսկ ինչ տեղի ունեցավ Խոջալուում 1992 թվականի փետրվարին։

Խոջալուն ռազմավարական նշանակություն ուներ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար։ Այնտեղ էր գտնվում Արցախի միակ օդանավակայանը, որն այն ժամանակ արցախահայությանը հայրենիք Հայաստանին կապող միակ օղակն էր։ Բացի այդ, ընդամենը երկու տարվա ընթացքում եռապատկելով Խոջալուի բնակչությունը, այդ քաղաքը բնակեցնելով թուրք-մեսխեթցիներով, Ադրբեջանի իշխանություններն այդ բնակավայրը վերածեցին բռունցքի, որտեղից անընդհատ հրթիռակոծվում և ռմբակոծվում էր Ստեփանակերտը, Ասկերանը և հարևան հայկական գյուղերը   Արցախահայությանը այլ բան չէր մնում, քան վերացնել երկրի

ամբողջ բնակչության գլխին կախված վտանգը։  Խոջալուի գրավումը Ստեփանակերտի շրջափակումը ճեղքելու, Արցախի հյուսիսի և հարավի միջև կապերը վերականգնելու, հայկական բնակավայրերի շուրջօրյա ռմբակոծությունը դադարեցնելու միակ լուծումն էր։

Մեր ազատամարտիկների շնորհիվ  Խոջալուի ազատագրման գործողությունը փայլուն կերպով սկսվեց և ավարտվեց։ Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմական գործողությունը սկսվել է 1992թ.փետրվարի 25-ին ժամը 23.30-ին և ավարտվել փետրվարի 26-ին ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչներին միջանցք են թողել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախապես զգուշացվել է: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։ Խաղաղ բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին Բաքվի քաղաքական ինտրիգներին։

Ադրբեջանական կողմի զանգվածային կեղծարարությունները կոչված են գործը ներկայացնել այնպես, կարծես հայերը ոչ միայն գնդակահարել են Խոջալու գյուղի խաղաղ բնակիչներին, այլև պղծել են զոհվածների մարմինները, բռնաբարել կանանց և այլն:  Այսպես, ռուսական “Մեմորիալ” իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հայտնել Է 181 զոհվածի մասին, իսկ ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը պնդել է, որ բնակավայրում մնացել է ոչ ավելի, քան 300 խաղաղ բնակիչ, քանի որ մեծ մասը հասցրել է լքել այն:

Փետրվարի 28-ին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական դեպքից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը լուսանկարել և տեսանկարահանել է զոհվածների մարմինները, որոնք անարգված չեն եղել: Մինչդեռ ապրիլի 2 – ին նույն Մուստաֆաեւի նկարահանած կադրերում այդ զոհերի մարմինները անարգվել են՝ հայերի «դաժանությունն ու անմարդկայնությունը» ցուցադրելու նպատակով։  Առկա փաստերը   վկայում են այն մասին, որ տեղի հայերը ֆիզիկական հասանելիություն չեն ունեցել այն տարածքին, որտեղ մարդիկ գնդակահարվել են, իսկ նրանց դիակները՝ անարգվել։ Սակայն հրեշավոր հանցագործության ականատես դարձած Մուստաֆաևը 1992 թվականի հունիսին իր լրագրողական հետաքննության ընթացքում մահանում է Աղդամի մերձակայքում        ՝ մինչ օրս չպարզված հանգամանքներում։

1992թ.ապրիլի 2-ի «Նեզավիսիմայա գազետա» թերթում չեխ հայտնի լրագրող, Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում բազմաթիվ ֆիլմերի և հրապարակումների հեղինակ Դանա Մազալովան հրապարակել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի աղմկահարույց հարցազրույցը: Մութալիբովը հայտարարել էր, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են հենց ադրբեջանցիները, այլ ոչ թե հայերը: Մանրամասն հարցազրույցում նա նշել էր, որ այդ ամենը կազմակերպվել է իր հրաժարականի համար։

2005 թվականի փետրվարին Մոնիտոր անկախ պարբերականի ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը 10 օր անցկացրեց Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում: Նա խոստովանել է, որ կասկածում է Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական վարկածի հավաստիությանը: Պատահական չէ, որ 2005 թվականի մարտի 2-ին Մոնիտորի խմբագիր Էլմար Հուսեյնովը գնդակահարվեց Բաքվի իր տան շքամուտքում՝ մի քանի օր անց, երբ թերթում տպագրվեց Խոջալուի իրադարձությունների մասին Էյնուլա Ֆաթուլաևի ռեպորտաժը: Ինքը՝ Ֆաթուլաևը, բանտարկվել է Բաքվում զեկույցի հրապարակումից անմիջապես հետո։ Երևանում ստեղծված «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը վերլուծել է ադրբեջանական աղբյուրների նյութերը և ստեղծել հատուկ ինտերնետային կայք “Xocali.net”, որը ներկայացնում է այս աշխատանքի արդյունքները:

Ամբողջական տեղեկատվություն է ներկայացվել 1992թ. Աղդամի իրադարձությունների վերաբերյալ և բացահայտվել են հայկական կողմի դեմ ադրբեջանական քարոզչության կեղծիքները։

Պարբերաբար խաղարկելով «Խոջալու» խաղաքարտը՝ պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի այլ բնակավայրերում հայերի բացահայտ բնաջնջումը, ինչպես նաև կոտորածը Մարաղա գյուղում, որտեղ 1992թ.ապրիլին Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեհարդար տեսան շուրջ 100 խաղաղ բնակչի նկատմամբ: Ցավոք, Ադրբեջանի այդ հանցագործություններին մինչ օրս համապատասխան գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից։

Զաբելա Ավագյան

Նորություններ