Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, տարածաշրջանի մարտահրավերները | Region

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, տարածաշրջանի մարտահրավերները

Փետրվար 26,2024 21:53

Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը:

Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Նորություններ