Կառավարությունը 1 մլն դոլար կհատկացնի միջազգային արբիտրաժում ՀԷՑ-ի գործով ՀՀ շահերը պաշտապանելու համար․Ստոկհոլմի աբիտրաժում ՀՀ շահերը ներկայացնելու է ամերիկյան ընկերություն | Region

Կառավարությունը 1 մլն դոլար կհատկացնի միջազգային արբիտրաժում ՀԷՑ-ի գործով ՀՀ շահերը պաշտապանելու համար․Ստոկհոլմի աբիտրաժում ՀՀ շահերը ներկայացնելու է ամերիկյան ընկերություն

Օգոստոս 21,2025 12:17

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վարույթում գտնվող ՀԷՑ-ի վերաբերյալ գործով ՀՀ շահերը ներկայացնելու համար ամերիկյան ընկերությանը վճարելու համար վարչապետի աշխատակազմը կառավարությանն առաջարկում է 1,093,750.0 դոլարին համարժեք դրամ տրամադրել։ Այս մասին որոշման նախագիծը ներառված կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց։ Ընդ որում, գործադիրն այսօր հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը։

Նշված որոշման նախագծով սահմանվում է․«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը, վերջինիս հետ 3,250,000 ԱՄՆ դոլար (չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և 2025 թվականի ընթացքում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025թ․ պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ  իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ։

Գնառաջարկների ուսումնասիրման փուլում, ինչպես նշված է հիմնավորման մեջ, հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ ընկերության փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առաջարկվող իրաբանական ծառայությունների արժեքի մրցունակությունը և հնարավոր շահերի բախման հանգամանքը։

«Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել  ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում։ Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն»,-գրված է որոշման հիմնավորման մեջ։

Ընդ որում, այս գնում է նախատեսվում է կատարել մեկ անձից գնման եղանակով, քանի որ, ինչպես նշված է հիմնավուման մեջ, գնումը կատարվում է ՀՀ տարածքից դուրս և գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է։

«Հարկ է նշել, որ ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան վերջինս հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս։ Ուստի, սույն որոշման գործողությունը տարածվում է փաստացի ծագած հարաբերությունների վրա և, անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)»,-նշված է հիմնավորման մեջ։

 

Նորություններ