Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով | Region

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Օգոստոս 21,2025 15:51

Կառավարությունը հավանություն է տրվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հստակեցնել և ներդաշնակեցնել օրենքի համապատասխան դրույթները, սահմանել իրավական նորմերի հստակ շրջանակներ, բացառել միանշանակ մեկնաբանության հնարավորությունները և բարձրացնել օրենքի կիրառելիությունը։ Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի կանխատեսելիությունը, արդյունավետությունը և իրավական կայունությունը՝ միաժամանակ ամրապնդելով քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը։

Ինչպես նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, նախագծով նախատեսվում է, որ Կադաստրի կոմիտեում այսօր կնքվող որոշակի պայմանագրեր, որոնք կնքվում եմ մեր գրասենյակներում, խորհրդատվական կենտրոններում, հնարավոր լինի, որպեսզի էլեկտրոնային համակարգի միջոցով կողմերը՝ վաճառողը և գնորդը, «ԵսԵմ» նույնականացման համակարգով կազմված և ստորագրված պայմանագիրը ստորագրեն իրենց համակարգիչներից, իրենց հեռախոսներից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, այնուհետև այդ պայմանագրերը ներկայացնեն իրավունքի պետական գրանցման անմիջապես ստորագրումից հետո: «Այս աշխատանքներն իրականացնելուց հետո համակարգն ինքնաշխատ կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում: Այսինքն՝ սրանով ներդնելու ենք նոր գործիքակազմ, որն աջակցելու է մեզ թեթևացնելու ռեգիստրների աշխատանքային ծավալը, ինչպես նաև արագացնելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը: Այսօր ունենք 2-ժամյա գործընթաց, երբ պայմանագիրը կնքելուց հետո վեցապատիկ վճարի առկայության պարագայում 2 ժամվա ընթացքում ենք կատարում իրավունքի պետական գրանցումը: Այս փոփոխություններով այդ երկու ժամվա գործընթացը և վեցապատիկ վճարի խնդիրը կկարգավորվի այնպես, որ ինքնաշխատ համակարգով իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո անմիջապես կգեներացվի պայմանագիրը, մուտք կատարելուց հետո համակարգն անմիջապես կգեներացնի գնորդի սեփականության իրավունքի վկայականը», -նշել է Սուրեն Թովմասյանը:

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝  օրենքի փոփոխությունն  իրականացվում է  պիլոտային եղանակով. «Մենք այս պիլոտային ժամանակաշրջանում փորձարկելու ենք սահմանափակումների ինտեգրացիան, փորձարկելու ենք համակարգի ինքնաշխատ ալգորիթմը: Եվ, համապատասխանաբար, այս փորձարկումից հետո մենք լիահույս ենք, որ կկարողանանք այս գործիքակազմը տարածել սկզբնական փուլում ստանդարտ պայմանագրերի վրա, հետագայում ավելի համապարփակ թվային լուծումներով տարածել ավելի բարդ պայմանագրերի նկատմամբ՝ իրավունքների պետական գրանցման գործընթացների վրա»:

Անդրադառնալով օրինագծին՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն առցանց եղանակով պայմանագրեր կնքելու մասին է:   Նշվել է, որ  չզեկուցվող հարցերի շարքում ընդունված մեկ այլ նախագծով՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծի փաթեթով,  նախատեսվում է, որ այն գործարքները, որոնք ունեն հիփոթեքային վարկավորում, այսինքն՝ եռակողմ պայմանագրեր են, որին մասնակցում է բանկը, ապա պայմանագրի բնօրինակը հաստատելուց հետո կողմերը կարող են վիրտուալ միջավայրում կնքել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարին այցելելու:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր պլանն այն է, որ  մարդն առանց տանից դուրս գալու կարող է տուն ձեռք բերել կամ վաճառել: Վարչապետը հետաքրքրվել է՝ այլ երկրներից ևս կարո՞ղ են առուվաճառք անել, ինչին ի պատասխան Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ  դիտարկում են որոշակի գործիքակազմեր. «Բանկը, քանի որ հանդիսանում է հիփոթեքային վարկ տրամադրող սուբյեկտ, կկարողանա այդ նույնականացումն իրականացնել իրենց մոտ առկա մեխանիզմների օգնությամբ: Եվ այն գնորդը և վաճառողը, որը կնույնականացվի այս մեխանիզմի միջոցով, կհամարվի համապատասխան ստորագրություն ներկայացնող մարդ: Եվ դա ևս մեզ համար կլինի ընդունելի»:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ բարեփոխումների այս շղթան պետք է աշխատի, ինչը հավելյալ դրական ազդեցություն կունենա շուկայի վրա:

Նորություններ