Հայ Եկեղեցին պետականաստեղծ է, չի գործում ընդդեմ պետության․ Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան | Region

Հայ Եկեղեցին պետականաստեղծ է, չի գործում ընդդեմ պետության․ Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան

Օգոստոս 24,2025 13:10

Հայ Եկեղեցին ազգայի՞ն է և ի՞նչ դեր ունի մեր պետության, հայ մարդու ինքնության պահմանման գործում. մեկնաբանում է Տեր Ոսկան աբեղա Ոսկանյանը:

Քրիստոնեությունը` մեր մաշկի գույն, մեր եկեղեցին` ազգային

-Դեռևս 5-րդ դարում հայ ժողովուրդն իր համար ընդհանրացրել է բանաձև, որ քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է: Եթե փորձենք բանաձևել, պիտի ասենք, որ հայ ժողովրդի եկեղեցին՝ Հայ Առաքելական Եկեղեցին, ազգային է, որովհետև ամբողջապես կերտողն է հայ ազգի ինքնության:

Քրիստոնեությունը հայացել է

-Խորհուրդ կտամ կարդալ Նիկոլ Աղբալյանի մեջբերումը, որ եթե 4-րդ դարում՝ 301 թվականից ի վեր, Հայաստանը քրիստոնեացավ, 5-րդ դարում քրիստոնեությունը հայացավ: Քրիստոնեությունը մեզ օգնեց, որ մենք մնանք հայ, կարողանանք պահել մեր ինքնությունը: Մենք կարողացանք քրիստոնեական ոգին խարսխել հայ ժողովրդի պատմական ոգուն և միասին կերտել Ավարայրի ճակատամարտ: Հայ ժողովուրդը, որդեգրելով աստվածաշնչյան ճշմարտություններ, օրինակ Հովհաննու Ավետարանից՝ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար», կարողացավ քրիստոնեությունը խարսխել հայի կյանքին:

Գրերի գյուտից հետո առաջին դպրոցը եղել է Հայ Եկեղեցում: Ուսյալ վարդապետների շնորհիվ հայ մանուկները կարողացել են հաղորդ դառնալ գիր ու գրականությանը, լինել տառաճանաչ, հետաքրքրվել իրենց ազգի լեզվով, մշակույթով, պատմությամբ: Եկեղեցին դարեր շարունակ ծավալել է հայապահպան գործունեություն:

Եկեղեցի և պետություն

-Որևէ մեկը չի կարող մեղադրել եկեղեցուն՝ ասելով, որ խառնվում է պետության գործերին, որովհետև եկեղեցին մշտապես վեր է դասել ազգային շահը, որը չի հակասում քրիստոնեական արժեհամակարգին, քարոզչությանը: Հայ Եկեղեցին պետականաստեղծ է, ոչ թե գործում է ընդդեմ պետության: Քրիստոնեությունն ընդունելուց ի վեր որքան հայ ժողովուրդը պայքարել է ազատ ու անկախ պետության համար, նույնքան եկեղեցին է ստանձնել այդ դերը: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է եղել այն հոգևոր հենասյունը, որը դարեր ի վեր կատարել է ազգապահպան գործունեություն: Հայ Եկեղեցու առաքելությունն է հոգալ հայ մարդու հոգևոր կարիքները, սակայն, երբ հայ ժողովուրդը կանգնած է եղել կործանման, պետականությունը կորցնելու եզրին, եկեղեցին համախմբել է հայ ժողովրդին, հոգևորականները զենք են վերցրել և պաշտպանել մեր ազգային սրբությունները: Դարեր ի վեր եկեղեցականները, այս հողում իրենց արյունը հեղելով, ցույց են տվել իրենց կապը, սերը առ Մայր Եկեղեցին, ժողովուրդը և հայրենիքը:

Այն ժամանակաշրջանում, երբ պետությունն ու եկեղեցին կանգնած են եղել կողք-կողքի շահել է հայ ազգը: Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթևի համագործակցությամբ եղավ գրերի գյուտը: Ավարայրի ճակատամարտին հայոց հայրապետը և հայ զորավարը կարողացան պահել իրենց հայրենի սրբությունները, կրոնը:

Ազգային եկեղեցի և համամարդկային առաքելություն

– Հայ Առաքելական Եկեղեցին, լինելով ազգային, ինքնատիպ է: Սա չի նշանակում, որ Հայ Եկեղեցին միայն հայ ժողովրդի համար է և քարոզում է միայն ազգայինը: Հայ Եկեղեցին առաջնային է համարում քրիստոնեական քարոզչությունը, հիմնված ուղղափառ դավանության վրա: Մենք կոչվում ենք առաքելական, քանի որ ունենք առաքելական հաջորդականություն և կոչվում ենք ուղղափառ, որովհետև ունենք ուղիղ դավանություն:

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Աղբյուրը՝ Qahana.am:

Նորություններ