Օգոստոսի 22-ից 24-ը հայկական ապրանքով 146 բեռնատարից 21-ը վերադարձվել է․«Ռոսսելխոզնադզոր» | Region

Օգոստոսի 22-ից 24-ը հայկական ապրանքով 146 բեռնատարից 21-ը վերադարձվել է․«Ռոսսելխոզնադզոր»

Օգոստոս 25,2025 19:54

«Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 146 բեռնատար ապրանք, որից 21-ը վերադարձվել է։ Որպես մերժման պատճառ նշվել է ռուսական բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությանը։

«Ռոսսելխոզնադզոր»-ն արձագանքելով հայաստանյան արտադրանքով բեռնատարների Լարսի անցակետից Հայաստան վերադարձի մասին լուրերին՝ նշել է, որ գերատեսչությունն իր աշխատանքը իրականացնում է պլանային ռեժիմով։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե «Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում։ ․․․Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին: Ակնհայտ է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ։ Շնորհավոր «Թրամփի ճանապարհ»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր պատգամավորի պնդումները որակել է ոչ հավաստի, նշելով․«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը։ Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»։

Նախարարը նաև նշել է, որ «միայն օգոստոս ամսին Հայաստանից Ռուսաստան է մուտք գործել 2427 բեռնատար, այսինքն՝ միջինում օրական ավելի քան 101 մեքենա։ Արտահանվող ապրանքների թվում ամենամեծ բաժինն ունեցել են խմիչքները՝ 610 բեռնատար, երկրորդ տեղում մրգերն են՝ 447 մեքենա»։

 

 

Նորություններ