Հայկական բանկերը սկսել են Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների բանկային հաշիվների վերաբերյալ տվյալները հավաքել․ РБК

Այս սեպտեմբերից հայկական բանկերն ու բրոքերները պարտավոր են Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել Հայաստանում հաշիվներ ունեցող ՌԴ քաղաքացիների մասին տվյալները։ Նրանք արդեն սկսել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հաճախորդներից հարկային ռեզիդենտության վերաբերյալ տեղեկատվություն պահանջել։
Սեպտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կսկսվի ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակում: Այսպիսով, բանկային և միջնորդական հաշիվներում ռուսների ակտիվների վերաբերյալ տվյալները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայության համար:
DW-ն հղում անելով ռուսական РБК-ին գրում է, որ Տեղեկատվության փոխանակումը կիրականացվի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ստանդարտին համապատասխան։ Հայաստանը պարտավորվել է դա անել 2023 թվականի աշնանը MLI BEPS կոնվենցիան վավերացնելիս։ Համաձայնագրի և ստանդարտի նպատակն է պայքարել հարկերից խուսափելու և կրկնակի հարկման դեմ։
ՏՀԶԿ ստանդարտը պահանջում է, որ ֆինանսական հաստատությունները հավաքեն հաճախորդների անձնական տվյալները (անուն, ազգանուն, բնակության հասցե, ծննդյան ամսաթիվ և վայր, հարկային ռեզիդենտության երկիր, հարկային նույնականացման համար, հաշվի համար և դրա մնացորդ)։
РБК -ին տեղեկատվությունը հաստատել է ռուսական «Frank Media» բիզնես հրատարակության աղբյուրը Հայաստանի ֆինանսական շուկայում։ Նրա խոսքով՝ հայկական բանկերն ու բրոքերները արդեն իսկ ստանում են կարգավորող մարմիններից հարցումներ՝ ռուս հաճախորդներից հարկային ռեզիդենտության վերաբերյալ տվյալներ պահանջելու վերաբերյալ։ Եթե նրանք չկարողանան տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, նրանց բանկային և բրոքերային հաշիվների սպասարկումը կդադարեցվի։
Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ՌԴ հարկային ռեզիդենտը այն անձն է, որը երկրում գտնվում է տարեկան առնվազն 183 օր։ ՀՀ օրենսդրությունը նույն սկզբունքն է կիրառում մեկ բացառությամբ. անձը կարող է համարվել երկրի հարկային ռեզիդենտ, եթե նրա «կենսական շահերի կենտրոնը» գտնվում է հանրապետության տարածքում: Օրինակ, երբ ընտանիքը, բնակության կամ գործունեության հիմնական վայրը գտնվում են Հայաստանում։
Տեղեկատվությունը Դաշնային հարկային ծառայությանը փոխանցելուց խուսափելու համար հայկական բանկերի ռուս հաճախորդները պետք է ներկայացնեն հարկային ռեզիդենտության վկայական՝ կա՛մ Հայաստանում, կա՛մ երրորդ երկրում: